

Հայաստանը մտադիր է ներքին պահանջարկի բավարարման համար բնական գազն ամբողջությամբ փոխարինել արևային էներգիայով: Այս կապակցությամբ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ 2022-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» նախագծում նշված է. «...ներքին պահանջարկի բավարարման նպատակով բնական գազի ամբողջական փոխարինումը արևային էներգիայով՝ ներքին պահանջարկի անփոփոխ պայմաններում, կպահանջի վերականգնվող /բացի հիդրոէներգետիկայից/ էներգիայով աշխատող 700 ՄՎտ հզորության կայանների կառուցում, հաշվի առնելով, որ 2021թ. առաջին կիսամյակում արդեն իսկ շահագործվում էին շուրջ 150 ՄՎտ հզորությամբ կայաններ»:
Եթե ներկայումս ծրագրված խոշոր արևային կայանները կառուցվեն, ապա գործող կայանների հետ միասին հնարավոր է հասնել նախանշված 700 ՄՎտ հզորությանը:
Այդ կայաններն են՝
- «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայան՝ 55 ՄՎտ հզորությամբ: «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագրի իրականացման համար 2018թ. «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումի և ՀՀ կառավարության միջև կնքվել է Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր: 2020թ. հունիսի 18-ի 1016-Ա որոշմամբ Ծրագիրը մտավ ակտիվ փուլ, երբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Ծրագրի վարկային ֆինանսավորման համար փոփոխություններ մտցվեցին այս Ծրագրին ուղղված կառավարության աջակցության համաձայնագրում: «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040 թվականը)» փաստաթղթի համաձայն՝ 60 միլիոն դոլար ներդրումային արժեքով «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանը պետք է թողարկվի մինչև 2022թ. հուլիս: Դեռևս, սակայն այս արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները չեն իրականացվում:
- «Այգ 1», «Այգ 2» արևային ֆոտովոլտային կայաններ՝ ընդհանուր 400 ՄՎտ հզորությամբ: ՀՀ կառավարությունը 2019թ-ի դեկտեմբերի 26-ի 1922-Լ որոշմամբ հավանություն է տվել «ՄԱՍԴԱՐԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ներդրումային ծրագրին, որը նախաձեռնել են Արաբական էմիրություններում հիմնադրված Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ-ն (Masdar) և 2019թ-ին ՀՀ կառավարության ստեղծած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF): Ընկերությունները Արագածոտնի և Կոտայքի մարզերում ընդհանուր 1040 հա հողատարածքի վրա կառուցելու են այս կայանները: «Այգ-1»-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2025թ-ին:
- Փոքր արևային կայաններ՝ 48 կայան, ընդհանուր 197 ՄՎտ հզորությամբ, թողարկումը մինչև 2022թ. ներառյալ՝ համաձայն «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը)» փաստաթղթի։
Ըստ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ 2022-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» նախագծի՝ միայն տնային տնտեսությունների էներգիայի սպառման կառուցվածքում բնական գազի սպառումը կազմում է 60.3 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը՝ 18.2 տոկոս։ Ընդհանուր առմամբ, էներգիայի սպառման շուրջ 50 տոկոսը բաժին է ընկնում ջեռուցման համար գազի սպառմանը։ 2019 թ․ արևային էներգիայի սպառումը տնային տնտեսություններում կազմել է էներգիայի ընդհանուր սպառման ընդամենը 0․5 տոկոսը։
Ջեռուցման նպատակով էլեկտրաէներգիայի օգտագործման խթանման նպատակով ՀՀ կառավարությունը, մասնավորապես, նախատեսում է մշակել և իրականացնել էլեկտրական էներգիայով սնուցվող արդիական ջեռուցման համակարգերի (օրինակ՝ «ջեռուցման պոմպերի» (heating pumps) ներդրման պետական աջակցության ծրագիր:
Գյուղական համայնքներում էլ վառելափայտի պահանջարկի նվազեցման համար պետական քաղաքականությունն ուղղված է լինելու համայնքների՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խթանմանը՝ արևային և հողմային, ինչպես նաև կենսազանգվածային էներգիայի կայանների զարգացման ծրագրերի իրականացմանը:
Մինչև 2030 թ․ նախատեսվում է կառուցել 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ՝ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնելով 15 տոկոսի։ Ըստ պաշտոնական հաշվարկների՝ այդ կայանները պետք է արտադրեն 1,8 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Այս թիրախի ապահովման համար նախատեսվում է գործարկել 300 Մվտ (1200 ՄՎտժ) հզորությամբ էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգեր, որոնք էապես կբարձրացնեն էներգետիկ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը։
Լրացուցիչ արևային կայանների հզորությունների ավելացումը պահանջում է տարածաշրջանային փոխհոսքերի տարողունակության համապատասխան ավելացում: Ներկայումս գործող Հայաստան-Վրաստան՝ 200 ՄՎտ թողունակությամբ և Հայաստան-ԻԻՀ՝ 350 ՄՎտ թողունակությամբ էլեկտրահաղորդման գծերը կարող են ապահովել մինչև 300-350 ՄՎտ արևային կայանների անվտանգ և հուսալի շահագործում: Լրացուցիչ արևային կայանների հզորությունների ավելացման համար ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված է Հայաստան-ԻԻՀ էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացում շուրջ 3.4 անգամ, ինչպես նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի ենթակայանների վերակառուցում:
Ունենալով դրական ազդեցություններ՝ արևային էներգետիկայի զարգացումն առաջացնելու է նաև սոցիալական և բնապահպանական խնդիրներ ու ռիսկեր: Այդ մասին «ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ 2022-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» նախագծում, սակայն, ոչինչ գրված չէ: Նշված չէ նաև ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվների, պարտավորությունների մասին, որոնց պետք է հետևեն արևային կայաններ կառուցողներն ու շահագործողները:
Արևային էներգետիկայի զարգացման բնապահպանական և սոցիալական ազդեցություններ են.
- Արևային ֆոտովոլտային կայանների ծրագրերի իրականացման նպատակով հողատարածքների՝ հիմնականում գյուղատնտեսական նշանակության, կրճատում, արդյունքում բնակչության սոցիալական վիճակի վատթարացում՝ եկամուտների աղբյուրների կորուստ կամ ապրուստի միջոցների կորուստ:
- Արևային կայանների շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակում շրջակա միջավայրում և հողերի երկարաժամկետ աղտոտում կոշտ ֆոտոգալվանային թափոններով, քիմիական նյութերով և միացություններով:
- Արևային պանելներով ծածկված հողատարածքների տեղերում բնական բուսատեսակների և կենդանատեսակների, այդ թվում էնդեմիկ և կարմիրգրքային, կրճատում և վտանգում։
- Բնական միջավայրի վերաճի հավանականության անկում՝ Ֆոտովահանակների ներկայության պատճառով:
- Ջրհավաք տարածքի հեղեղման հավանականության մեծացում նախատեսվող տարածքների բուսականությունից մաքրման ընթացքում:
- Տեղական ջրային մարմինների աղտոտում հեղեղաջրերի ողողումներից առաջացած նստվածքներով:
- Խիստ տեղայնացված երկրաբանական վնասների ծագում հաղորդման օդային գծերի տեղակայման հետևանքով:
- Տարածքների լանդշաֆտի բնութագրի փոփոխություն:
- Շինարարության փուլում մեքենաների և շինարարական տեխնիկայի տեղաշարժից առաջացող աղմուկից մերձակա բնակչությանը պատճառվող անհանգստություն։
Թվարկված ազդեցություններից ամենախնդրահարույցները գյուղատնտեսական նշանակության հողերի կորուստը և առաջացող թափոններն են: Չկա իրավական սահմանում՝ արդյոք շահագործումից դուրս եկած վահանակը վտանգավոր թափոն է, թե՝ ոչ: Անորոշ է, թե ինչպես են վերամշակվելու, օգտահանվելու կամ վնասազերծվելու այդ թափոնները: Այս հիմնախնդիրն առավել կսրվի վահանակների շահագործումից 10-15 տարի հետո: 2016թ-ին լույս տեսած Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) և Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) համատեղ «End-of-Life Management: Solar Photovoltaic Panels» հետազոտության համաձայն՝ մինչև 2030 թվականն աշխարհում ձևավորվելու է շուրջ 1.7-1.8 միլիոն տոննա ֆոտոգալվանային թափոն, իսկ մինչև 2050 թվականը ծառայության ժամկետը լրացած արևային վահանակների ծավալը կաճի՝ հասնելով շուրջ 60-78 միլիոն տոննայի: Իսկ թե նման քանի տոննա թափոն կառաջանա Հայաստանում, դեռ պարզ չէ:
Հայաստանի նման սակավահող երկրում խնդրահարույց է գյուղատնտեսական նշանակության հողերի տրամադրումն այլ նպատակներով օգտագործման, այդ թվում արևային էներգետիկայի զարգացման համար: Նշենք որ եթե, 2005 թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության համաձայն, գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում էին 2135.3 հազար հեկտար, ապա 2019թ-ին այդ հողերը կրճատվել են՝ հասնելով 2044.2 հազար հեկտարի: Ընդամենը 14 տարվա ընթացքում 91,1 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր փոխադրվել են ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի: Գյուղատնտեսական նշանակության հողերի կորուստը կարող է սպառնալ մեր պարենային անվտանգությանը: Չնայած այս վտանգին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը 2021թ-ի հունիսի 17-ին 987-Ն որոշմամբ սահմանեց գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը, որոնց թվում է էներգետիկ օբյեկտների շինարարությունը:
Փետրվար 28, 2022 at 16:11
