

Ոռոգման ու խմելու ջրի խնդիրներ, հիդրոէներգետիկայի ոլորտի ճնշում ջրային ռեսուրսների ու համայնքի վրա, գյուղմթերքի իրացման խնդիրներ: Սրանք Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի առաջնահերթ խնդիրներն են, որոնք խոչընդոտում են համայնքի զարգացմանը:
2022թ. հունվարին Մարտունի քաղաքում ու Վերին Գետաշեն բնակավայրում բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեց համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակը:
Համայնքում ոռոգման և խմելու ջրի համակարգերի մաշվածությունը մի կողմից, մյուս կողմից փոքր ՀԷԿ-երը կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծում գյուղացիների ու փոքր ՀԷԿ-երը շահագործող ընկերությունների միջև, խոչընդոտում գյուղատնտեսության զարգացմանը: Ջրերի բաշխման վերաբերյալ հակասություններ են առկա Աստղաձոր ու Զոլաքար բնակավայրերի միջև: «Մարտունի» փոքր ՀԷԿ-իգործունեության հետևանքով Մարտունիում, «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի հետևանքով Մադինա, Ներքին Գետաշեն ու Վերին Գետաշեն գյուղերում, «Ձորգյուղ» - 2 և 3 փոքր ՀԷԿ-երի հետևանքով՝ Ձորագյուղում, իսկ «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի հետևանքով՝ Վարդենիկում ոռոգման ջրի խնդիր է առկա: Տեղի բնակչության և ընկերությունների միջև կոնֆլիկտը պարբերաբար սրվում է, հատկապես՝ ամռան սեզոնին, երբ գյուղացիները զրկվում են ջրից, որը փոքր ՀԷԿ-երը վերցնում են իրենց խողովակների մեջ: Առավել սուր է այդ խնդիրը Վերին Գետաշեն գյուղում, որտեղ գործում է «Արգիչի» փոքր ՀԷԿ-ը:
Զգալի քանակությամբ անջրդի հողեր կան Մարտունի քաղաքում և Վերին Գետաշեն ու Աստղաձոր գյուղերում: Վերին Գետաշեն համայնքի հնգամյա ծրագրում նշված է. «Մի շարք օբյեկտիվ պատճառներով համայնքի ունեցած 1130 հա հողատարածության զգալի մասը չի օգտագործվում` 500 հեկտար ցանքատարածությունն անջրդի է, չի մշակվում գյուղից հեռու լինելու պատճառով և ենթարկվում է էրոզիայի, որի վերականգման համար առաջիկայում զգալի միջոցներ ու ժամանակ է պահանջվելու... Անհրաժեշտություն կա վերանորոգելու գյուղի ոռոգելի տարածքների համար նախատեսված ոռոգման ցանցի առուները»:
Խնդիրներ՝ ընկերությունների սոցիալական պատասխանատվության բացակայության պատճառով
«Մարտունու զարգացման խնդիրներից մեկն էլ համայնքի վարչական տարածքում փոքր հիդրոէլեկտրակայաններ, ոչ մետաղական հանքավայրեր շահագործող, արևային կայաններ շահագործել պատրաստվող կազմակերպությունների ֆինանսական միջոցներից օգտվելու անբավարար ջանքերն են։ Համայնքը պահանջատեր չէ: Իսկ ընկերությունների պայմանագրերում համայնքին սոցիալական աջակցություն տրամադրելու դրույթներ գրեթե չկան», -ասաց քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը:
Վարդենիկում ստեղծվել է «Վարդենիկ» հիմնադրամ, որի մասին Վարդենկ համայնքի 2020-2021թթ. աշխատանքային պլաններում նշված է. «Համայնքը համագործակցում է «Վարդենիկ» հիմնադրամի հետ որտեղից ամեն տարի` համայնքի զարգացման և բարեկարգման համար կտրամադրվի 10.մլն դրամ գումար»: Հիմադրամը ստեղծվել 2018թ-ին, որին գյուղի տարածքում գործող «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ը տարեկան պետք է հատկացնի 10 միլիոն դրամ, որը կուղղվի գյուղի կենսական կարևոր նշանակության խնդիրների լուծմանը:
Մարտունու համայնքապետարանի և «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի միջև 2018թ. ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությունը տարեկան 2 միլիոն դրամ է փոխանցում համայնքապետարանին։
Մարտունու ոչ մետաղական հանքերն ու կառուցվելիք արևային կայանները
Մարտունու տարածքում ոչ մետաղական հանքավայր շահագործող 7 ընկերություն կա՝ «ՔԱԼՈՅԱՆ» ՍՊԸ-ն, «ՇՈՂԱԳԱ» ՍՊԸ-ն, «ՍՅՈՒԶԻ-ՀՐԱՉՅԱ» ՍՊԸ-ն, «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ն, «ՄԱՐԻԱՄ-ԳԱՐԻԿ» ՍՊԸ-ն, «ԲԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ն և «ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն:
Արևային էներգետիկան Մարտունի համայնքում լայն թափ է ստանում: Նախատեսվում է Աստղաձոր գյուղում կառուցել 2 կայան՝ «Բարի Արև-2» և «Ա-Ս Էներջի» ՍՊԸ-ների կողմից՝ համապատասխանաբար 5 000,0 կվտ և 4 995,6 կվտ հզորությամբ։ Առաջինի տարեկան արտադրանքը կկազմի 8,58 մլն կվտ/ժամ, իսկ երկրորդինը՝ 8,50 մլն Կվտ/ժամ: «ՊՐՈՄ ՍԱՆ» ՍՊԸ-ի կողմից էլ կկառուցվի «Պրոմ Սինթեզ» կայանը, որը կունենա 5 000 կվտ հզորություն, տարեկան արտադրանքը կկազմի 8,60 մլն կվտ/ժամ:
Բնապահպանություն
Համայնքի մթնոլորտային օդի որակի, հողերի աղտոտվածության վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում տվյալներ չկան, քանի որ չափումներ չեն կատարվում։ Վարդենիս գետի ջրի որակը Վարդենիկ գյուղից վերև գնահատվել է լավ՝ 2-րդ դաս, գետաբերանում՝ 3-րդ դաս՝ պայմանավորված ամոնիում իոնով և մանգանով: Մարտունի գետը Գեղհովիտից վերև գնահատվել է 3-րդ դաս՝ պայմանավորված մանգանով և ալյումինով, գետաբերանում գնահատվել է 4-րդ դաս՝ պայմանավորված մանգանով և ալյումինով: Գետաբերանում Մարտունի գետում առկա է եղել երկաթ և կոբալտ (3-րդ դաս): Արգիճի գետը Լեռնահովիտից վերև գնահատվել լավ՝ 2-րդ դաս, գետաբերանում, երկաթով և վանադիումով պայմանավորված, գնահատվել է 3-րդ դաս: Ծակքար գետը գնահատվել է 3-րդ դաս՝ պայմանավորված գետաբերանում մոլիբդենի, երկաթի և վանադիումի առկայությամբ:
Սուբվենցիոն ծրագրերը Մարտունի համայնքում
2020թ․ ՀՀ պետական բյուջեից 1367,8 մլն. դրամ համաֆինանսավորմամբ ներկայումս Մարտունի համայնքի մաս կազմող 15 բնակավայրերում իրականացվել են 43 սուբվենցիոն ծրագրեր: 2021թ. հաստատվել են 615,75 մլն. դրամ ընդհանուր արժեքով 45 սուբվենցիոն ծրագրեր։
Միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում համայնքի զարգացման 2020-2024թթ. ծրագրում նախատեսված է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: Նախատեսվում է նաև ոռոգման համակարգի բարելավում և ընդլայնում, որն, ըստ զարգացման ծրագրի, հնարավոր է իրականացնել «Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ ՊՀ ֆինանսավորմամբ:
Իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար գումարներ չեն հատկացվել Մարտունի համայնքում գործող ընկերությունների կողմից վճարված հարկերից, քանի որ այդ ընկերություններն ընդգրկված չեն եղել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ ընկերությունների ցանկում։
Փետրվար 24, 2022 at 12:41