Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի մարտահրավերները և զարգացման հեռանկարները

Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի մարտահրավերները և զարգացման հեռանկարները

Գուգարքի անտառների փեշին է գտնվում Դեբեդ բնակավայրը, որը 2021 թվականին խոշորացվեց Փամբակ համայնքի մեջ։ Տեղացիների ավանդական զբաղվածությունը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։ ԷկոԼուրի հետ զրույցում Դեբեդի բնակիչները պատմեցին, որ հաճախակի դարձած եղանակային կտրուկ փոփոխությունները, սակավաջրությունը և երաշտը վտանգում են իրենց գյուղատնտեսական գործունեությունը և եկամուտները։

Խնդիրները ներկայացրեց Դեբեդի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը։ «Կլիման, եղանակային պայմանները շատ են վատացել։ Մեր գեղեցկուհու՝ Հանքաձոր գետի (Ալարեքս) ջրային քանակը պակասել է։ Կարևոր է խմելու ջրի խնդիրը․ ակունքներում սկսել է դիտվել սակավաջրություն։ Տեսնում ենք նաև հողերի դեգրադացիա, - ասաց Անուշ Սարգսյանը - այս տարի կարկուտի պատճառով բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջությամբ վնասվել են, վնաս հասցվեց նաև ցորենի դաշտերին։ 12 հեկտար վարելահող էինք օգտագործել, որից 10 հեկտարը՝ ցորենի մշակում։ Բերքը պակաս էր, վնասվել էր շատ, ցավոք, ապահովագրություն չէինք իրականացրել։ Մեկ այլ օրինակ՝ մորին, որը ժամանակին նույնիսկ պահածոյացնում էինք, վերջին տարիներին չենք էլ հասցնում հավաքել, մի քանի օրվա ընթացքում վերանում է», - ասաց Անուշ Սարգսյանը։

«Ջերմաստիճանը նույնիսկ 40 աստիճան է հասնում, սակավաջրությունը, չոր եղանակները շատ են։ Բերքատվության անկում ունենք։ Ցրտահարությունից ընկույզ չի լինում, նախ լավ անձրև է լինում, հետո միանգամից շոգ», - նշեց Փամբակի համայնքապետարանի երկրորդ կարգի մասնագետ, Դեբեդի վարչական կենտրոնի օպերատոր Կարինե Նազլուխանյանը։

Եղանակային կտրուկ փոփոխություններն ազդում են բնակիչների առողջության վրա․ «Ինֆարկտի երկու դեպք ենք ունեցել սարերում, երբ մարդիկ գնացել են հեռագնա անասնապահության և խոտ հնձելու։ Հավանաբար, այս կտրուկ տատանումներն են՝ ուժեղ անձրևից միանգամից շոգ», - պատմեց Անուշ Սարգսյանը։

Անասնապահությունը ևս նվազում է։ «Չունենք բարեկարգ հեռագնա արոտներ, ճանապարհները դժվարանցանելի են, չկան ջրախմոցներ, ծածկարաններ։ Մեծ խնդիր է և կապված է մեծ գումարների հետ», - նշեց Դեբեդի վարչական ղեկավարը։

Գյուղը ոռոգման ցանց չունի։ Իրենց այգիները բնակիչները խմելու ջրով են ոռոգում, որը չի բավականացնում։ Նրանց խոսքով՝ ամռանը գյուղի մի մասը ջուր չի ունենում։

«Տարիներ շարունակ բնակիչներն ունեցել են ջրամատակարարում սեփական միջոցներով ստեղծված ջրավազաններից։ Այդ ջրային ռեսուրսները պակասել են և թույլատրելի չեն օգտագործման համար, քանի որ բաց ջրավազաններ են և աղտոտվում են։ Համայնքը մշակել է ծրագիր, որպեսզի սարերից ինքնահոս ջրերը հասցվեն համայնք և կառուցվեն նոր ջրավազաններ բնակիչների ջրամատակարարման համար։ Որոշ չափով հայթայթել ենք ֆինանսներ։ Ավելի շահագրգռված եմ, որպեսզի գեոմեմբրանային ջրամբարներ կառուցենք», - ասաց վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը։

Անտառամերձ Դեբեդի խնդիրներից է մատչելի ջեռուցումը։ Գյուղը գազաֆիկացված է, բայց կա կախվածություն փայտանյութից, որն արդեն չի բավականացնում։

«Առաջ շատ էին կտրում անտառը, հիմա նվազել են անտառհատումները։ Ձմռանը սանիտարական մաքրման փայտն են վառում բնակիչները։ Անտառտնտեսությունը տալիս է անվճար թափուկ՝ 4-5 խմ, իսկ մեկ ընտանիք միջինը 10-11 խմ է վառում, մնացածը կտրոններով գնում են անտառտնտեսությունից՝ 10-12 հազար դրամ 1 խմ-ն», - նշեց Կարինե Նազլուխանյանը։

Ըստ վարչական ղեկավարի․ «Թափուկն արդյունավետ չէ, ժամանակավոր լուծում է: Հնարավոր է այլընտրանքային տարբերակով արագաճ բարդիներ, ծառեր տնկել։ Ե՛վ անտառը կվերականգվի, և՛ բնակիչները որպես փայտանյութ կօգտագործեն»։

Անուշ Սարգսյանը նշեց, որ կա ցանկություն զարգացնելու արևային էներգետիկան։ «Եթե բարձրադիր հատվածից նայեք գյուղին, կտեսնեք՝ աղքատ, խարխլված տներ են։ Կա ջերմամեկուսացման և տանիքների փոխարինման խնդիր։ Որոշ ընտանիքներ ունեն արևային կայաններ և ջրատաքացուցիչներ։ Նախատեսվում է համայնքապետարանի շենքի վրա արևային կայան տեղադրել։  Կցանկանայի նաև ունենայինք արևային պանելներով աշխատող ջերմոցներ, գյուղի գիշերային լուսավորության էներգաարդյունավետ համակարգ։ Արևային էներգետիկայի զարգացման համար մեզ պետք է աջակցություն և մարդկանց մտածելակերպի փոփոխություն», - ասաց Անուշ Սարգսյանը։ Արևային կայանի տեղադրումը նախատեսվում է իրականացնել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։

«Արևային պանելներ տեղադրելը ծախսատար է, ամեն ընտանիք չի կարող դրա տակ մտնի։ Լավ կլիներ՝ մանկապարտեզը, դպրոցն ունենային։  Մեր մանկապարտեզը հոսանքով ենք տաքացնում, լինում է գերծախս, լինում է հոսանքի լարերը չեն դիմանում, փչանում են, պարտեզը 2 ամիս պարապուրդի է գնում։ Արևային պանելները, ջրատաքացուցիչներն ահագին օգուտ կտան։ Լավ կլինի նաև, որ համայնքն իր սեփական արևային կայանն ունենա», - ասաց Կարինե Նազլուխանյանը։

Գյուղում զարգացող ուղղություններից է տուրիզմը։ Կա ցանկություն զարգացնելու նաև էկոտուրիզմն ու ագրոտուրիզմը։

«Մեզ մոտ երիտասարդների արտագաղթ չկա։ Տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտում զբաղմունք ունեն, հարակից բնակավայրերից էլ գալիս են Դեբեդ և աշխատանքի խնդիր լուծում։ Հեռանկարներից է Էկոկուլտուրաների մշակումը։ Կարծում եմ՝ գյուղական զբոսաշրջությունն էլ գերազանց կզարգանա, եթե լուծվի շուկայի հասանելիության խնդիրը։ Դա կապված է տրանսպորտով գյուղմթերքը քաղաք հասցնելու հետ։ Հիմա հիմնականում գյուղում են վաճառում՝ հյուրատներին», - նշեց վարչական ղեկավարը։

«ՔՈԱՖ-ն (հեղ․՝ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ) է շատ աշխատատեղ բացել գյուղում։ Վերջին 2 տարում 9 հյուրատուն է բացվել, կանանց 80-տոկոսն աշխատանք ունի այդ հյուրատների հաշվին։ Դրա շնորհիվ ակտիվացավ գյուղատնտեսությունը։ Նաև ստեղծեցինք «Ձորի հասկ» գյուղատնտեսական կոոպերատիվը, որի շրջանակներում կոմբայն, ինքնաթափ, աղացներ ձեռք բերեցինք, և դա էլ շահագրգռեց մարդկանց։ Տուրիզմի զարգացում էլ կա, գյուղը լավ բնություն ունի, պատմամշակութային կոթողներ», - նշեց Կարինե Նազլուխանյանը։ Գյուղում կան 12-13-րդ դարերի խաչքարեր, միջնադարյան գյուղատեղիներ, եկեղեցի և խաչքարեր։

Մարտ 07, 2024 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր