

Սույն թվականի մայիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» հետազոտական դրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդեսը: Ծրագիրն իրականացրել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) ու «Solaron» ընկերությունը:
Ողջույնի խոսքում FAST-ի և «Solaron»-ի համահիմնադիր և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը ներկայացրել է հետազոտական նախագծի նպատակները: «Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում կայուն, ինքնաբավ և անվտանգ էներգետիկ համակարգ կառուցելու կարևորության գիտակցմամբ։ Մեր նպատակն էր նախագծել այն քայլերը՝ օրենսդրական փոփոխությունները, տնտեսական խթանները, անհրաժեշտ ենթակառուցվածքային վերափոխումները, որ պետք են վերականգնվող էներգիայի միջոցներով Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման համար»,- նշել է նա։
Վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» փաստաթղթում կան ուշագրավ տվյալներ։
Արևային էներգետիկա
Նշված է, որ մինչև 2041 թվականը 400 000 տանիքում արևային ջրատաքացուցիչների արագացված տեղակայման արդյունքում արևային ջերմային տեխնոլոգիան ունակ է տարեկան փոխարինել մոտ 153,7 միլիոն խմ բնական գազ և խնայել 360 519.6 ՄՎտժ էլեկտրաէներգիա, որը սպառվում է ջրատաքացման կարիքներով։ Մինչև 2050 թվական այդ ծավալները կկազմեն 230․6 միլիոն խմ բնական գազ և 540 779.5 ՄՎտժ էլեկտրաէներգիա։
Հաշվարկվել է, որ արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների՝ նույն արագությամբ բնակելի առանձնատների շրջանում տարածման դեպքում տարեկան արտադրությունը կկազմի 2․16 ԳՎտժ, ինչը համարժեք է 204․6 մլն խմ բնական գազի (10․55 կՎտժ/խմ փոխակերպմամբ): Եթե տեղադրման տեմպերը պահպանվեն հետագայում, ապա 25-րդ տարվա վերջում ֆոտովոլտային համակարգերի քանակը կհասնի 560․000-ի, ընդհանուր տեղադրված հզորությունը՝ 2075․8 ՄՎտ և տարեկան արտադրանքը՝ 3․02 ԳՎտժ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 296․7 միլիոն խմ բնական գազի։
Հողմային էներգետիկա
Հողմային էներգիայի վերաբերյալ նշված է, որ Հայաստանում լավագույն ներուժ ունեցող յուրաքանչյուր հողմակի կամ հողմակայանի Արդյունավետության Հիմական Գործակիցը գերազանցում է 66 %-ը, ինչը նշանակում է մոտ 6000 ժամ/տարի: Արտադրության ընդհանուր տևողությունը կազմում է ավելի, քան 33% (մոտ 3000 ժամ/տարի): Ներկայում հողմային էներգետիկայի մասնաբաժինը կազմում է էլեկտրաէներգիայի արտադրության ոչ ավել, քան 0.5%-ը։ Ներդրումների աջակցման մեխանիզմների կիրառման դեպքում այն ողջամտորեն կարող է բավարարել Հայաստանի էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի 10%-ը:
Կենսագազ
Հայաստանում գործում է անասնապահական շուրջ 170 հազար անհատական և կոլեկտիվ տնտեսություն։ Եթե կենսագազի արտադրությանը ներգավված ֆերմերային տնտեսությունների քանակը տասը տարվա ընթացքում հասնի 2880-ի շուրջ 155000 խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով, ապա կենսագազի արտադրության ծավալը համեմատելի կլինի մոտ 70 միլիոն խմ ներկրվող բնական գազի հետ։ «Բարձր տնտեսական արդյունավետության մասին վկայում է ներդրումների վերադարձի ժամկետը՝ 3-ից 4 տարի»,- նշված է փաստաթղթում։
Կենսազանգված
Կենսազանգված արտադրության համար, ըստ փաստաթղթի, ընտրվել է երեք հարթակ։ Արարատյան դաշտում կարող է արտադրվել բավականաչափ կենսազանգված 25-35 ՄՎտ հզորությամբ կաթսաներում այրելու համար: Կենսազանգվածի մոտ 63%-ը կարելի է ստանալ հատուկ մշակաբույսերից, չօգտագործվող կամ որակազրկված գյուղատնտեսական հողերից և լրացուցիչ՝ գյուղատնտեսական գործունեության մնացորդներից: Երկրորդ հարթակում, որը գտնվում է Սևանա լճի ավազանում, կարող է արտադրվել բավականաչափ կենսազանգված Հրազդանում 35 ՄՎտ հզորությամբ տեղակայանքի համար, ընդ որում կենսազանգվածի 58%-ը կստացվի այդ նպատակով աճեցված ծառատեսակներից, իսկ մնացած մասը՝ առկա տնկարկներից: Երրորդ հարթակը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում, որը բնութագրվում է բնութան ավելի ցուրտ պայմաններով։ Անտառային մնացորդները և էներգետիկ մշակաբույսերը կկարողանան ծածկել կենսազանգվածի պահանջարկի ընդամենը 10%-ը: Այս տեղանքից ստացված կենսազանգվածը բավարար կլինի ապահովելու Վանաձորում 20 ՄՎտ հզորությամբ համակարգի մատակարարումը:
Հիդրոէներգետիկա
Հիդրոէներգետիկայի վերաբերյալ նշված է․ «Նախատեսվում է ՓՀԷԿ-երի քանակի հետագա աճ։ Սակայն այս աճի արագությունը աստիճանաբար կնվազի տնտեսապես մատչելի հիդրոէներգետիկ պաշարների սպառման և բնապահպանական պահանջների խստացման պատճառով։ Էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրի համաձայն՝ նախատեսվում է հիդրոկուտակիչ էլեկտրտակայանի (ՀԿԷԿ) գործարկումը։ ՀԿԷԿ-երը, որպես կանոն, չեն դիտարկվում որպես վերականգնվող էներգիայի աղբյուր, սակայն հանդիսանում են արդյունավետ գործիք բեռնվածքի կորի հարթեցման համար»։
Ճանապարհային քարտեզի՝ կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության միջոցառումներ ներառելու վերաբերյալ հարցին ի պատասխան Արթուր Ալավերդյանն ասել է. «Եթե առաջնորդվենք մեր քարտեզով, ապա Հայաստանը կսկսի ավելի քիչ ածխաթթու գազ արտադրել, այսինքն՝ ավելի կանաչ երկիր կդառնա: Եթե մենք նվազեցնում ենք գազի ու բենզինի քանակի օգտագործումը, այդ իմաստով մեր երկիրը կլիմայական օրակարգի վրա մեծ ազդեցություն է ունենում»:
Ճանապարհային քարտեզի կառուցվածքն ու կատարված աշխատանքը ներկայացրել են Սուրեն Շատվորյանն ու Արմեն Դանիելյանը։
Քարտեզում Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման երեք սցենար կա՝ բազային, արագացված և ագրեսիվ՝ մոդելավորելով մինչև 2040/2050 թթ. երկրի էներգետիկ անկախության գործակցի բարձրացումը 46.8%-ից մինչև 71.7 %-ի միջակայքում։ Բնախոսներն իրենց խոսքում նշել են, որ այս կանխատեսումներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է իրագործել մի քանի առանցքային կետ, այն է՝ հստակեցնելով հեռանկարները փոխել գործողությունների տրամաբանությունը ռեակտիվից պրոակտիվի, ինչպես նաև արդյունավետորեն օգտագործել Հայաստանի արևային, կենսազանգվածի և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների ներուժը՝ աստիճանաբար նվազեցնելով գազի սպառման ծավալները:
«ԷկոԼուրի» հարցին, թե ներկայացված ճանապարհային քարտեզը ներառում է իր մեջ թափոնների կառավարման՝ օգտահանման, պահեստավորման կամ վերամշակման վերաբերյալ ուղեցույց-գործողություններ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս և հետազոտող Արմեն Դանիելյանն արձագանքել է. «Թափոնների ուսումնասիրություն չենք կատարել: Խոսքը գնում է էներգիայի արտադրության և սպառման առաջարկի մասին: Բայց ունենք քայլ կարգավորման դաշտի փոփոխությունների մեջ, որը խոսում է թափոնների մասին: Մենք գիտենք, որ կարող են լուրջ խնդիր լինեն արևային թափոններն ու կուտակիչները: Բայց քանի որ սա ճանապարհային քարտեզ է, ոչ թե օրենքի մաս, մենք չենք գրել՝ ինչպիսին պետք է լինի օրենքը, բայց նշում ենք, որ այդ քայլը պետության կողմից պետք է արվի»:
Ուսումնասիրությունն իրականացրել է բաց մրցույթի արդյունքում ձևավորված հետազոտական թիմը, որի կազմում ընդգրկվել էին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս և հետազոտող Արմեն Դանիելյանը, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը ներկայացնող Արամ Հարությունյանն ու Տիգրան Գնունին, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ և գլխավոր տնօրենի տեղակալ Գառնիկ Բալյանը, Ինսբրուկի համալսարանի փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի գիտնական Ռեժիս Ռոբերտ Դանիելյանը՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտնական Սուրեն Շատվորյանի ղեկավարությամբ։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ապագայի շուրջ պանելային քննարկում, որը համակարգել է ՀԱՀ-ի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:
Բանախոսներն էին Էներգետիկայի հայկական գործակալության գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը, Համաշխարհային բանկի էներգետիկայի մասնագետ Գոռ Խաչատրյանը և FAST-ի և «Solaron»-ի համահիմնադիր և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը: Քննարկման հիմնական շեշտադրումները վերաբերում էին հետազոտությամբ նախանշված նպատակներին հասնելու համար պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ գործակցության ընդլայնման կետերին ու հնարավորություններին։
Հունիս 06, 2024 at 16:02