«Կանաչ» լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար

«Կանաչ» լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար

Կայուն զարգացում՝ առանց շրջակա միջավայրի վատթարացման սա 20-րդ դարի վերջին ձևավորված նոր ուղղության՝ կանաչ տնտեսության մոդելն է։ Այս հայեցակարգն առաջ մղելու ուղիներից մեկը Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մեթոդն է։

ՌԱՄԱ մեթոդի կիրառման հայաստանյան փորձը ներկայացվեց Երևանում տեղի ունեցած «Ռեսուրսների արդյունավետություն․ կանաչ լուծումներ՝ Հայաստանում կայուն գործարարության համար» համաժողովի ժամանակ։

Համաժողովը կազմակերպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO)՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի (REC Caucasus Armenia) աջակցությամբ, «Կանաչ տնտեսություններ Արևելյան հարևանության տարածաշրջանում (EaP GREEN)» ծրագրի «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագրի» կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» նախագծի շրջանակում։

Ծրագիրը նվիրված է Հայաստանում շրջանաձև տնտեսության և ռեսուրսների արդյունավետության խթանմանը: Նպատակն է աջակցել տարբեր արտադրական գործունեություն ծավալող գործարարներին, մշակել նրանց համար բիզնես առաջարկություններ, որոնց ինտեգրման արդյունքում նրանք կխնայեն ռեսուրսները և միաժամանակ կունենան ավելի մեծ տնտեսական օգուտներ։

Համաժողովին մասնակցեցին միջազգային, պետական, մասնավոր և հանրային ոլորտների ներկայացուցիչներ։

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է այս ծրագրի իրականացումը։ Կանաչ տնտեսության խթանումն ու իրագործումն ամրագրված է որպես կառավարության առաջնահերթ ուղղություն», - նշեց նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Նա ընդգծեց, որ ՌԱՄԱ մեթոդը բիզնեսի համար բացում է զարգացման նոր հնարավորություններ։ «Երբ բիզնեսը կառուցվում է՝ հաշվի առնելով բնական ռեսուրսների կայուն ու պատասխանատու օգտագործումը, դա հնարավորություն է ստեղծում ավելի քիչ ծախսերով մրցունակ լինել։ Ներդրումային տարբեր ծրագրերում մենք արդեն տեսնում ենք կանաչ գաղափարներ ներառող բիզնես առաջարկներ», - ասաց Արամ Մեյմարյանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Դիանա Մուրադյանը շեշտեց միջազգային համագործակցության կարևորությունը Հայաստանում կանաչ օրակարգն առաջ մղելու հարցում։ «ՌԱՄԱ մեթոդը հնարավորություն է զարգացնելու Հայաստանում ՓՄՁ ոլորտը և ստեղծելու ավելի ճկուն, արդյունավետ ու մրցունակ տնտեսություն», - նշեց նա։

Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը շեշտեց ծրագրի կարևորությունը։ «ԵՄ-ն աջակցում է Հայաստանին` անցում կատարելու դեպի շրջանաձև տնտեսության: Եթե ցանկանում եք հաջողության հասնել, մրցունակ դառնալ միջազգային շուկայում, պետք է դառնաք էկոլոգիապես ավելի մաքուր, որդեգրեք երկարաժամկետ հեռանկար ունենալու քաղաքականություն, - ասաց Ֆրենկ Հեսսը, - կառավարությունը պետք է մշակի ճիշտ քաղաքականություն, խթանի էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող էկոպիտակ ունեցող բիզնեսը։ Մենք ունենք այս հրաշալի բնապահպանական ծրագիրը և այսօր խոսում ենք ձեռք բերված հաջողությունների մասին։ Բայց մենք պետք է ավելին անենք»:

Ֆրենկ Հեսսը նշեց, որ իր օրակարգը սահմանելիս բիզնես ոլորտը պետք է ինտեգրի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման միջոցառումներ։ «Հայաստանը նույնպես կլիմայական օրակարգում է և կարող է ավելին անել։ Կան մի շարք միջոցառումներ, որոնք պետք է իրականացնել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման համար։ Դրանցից մեկն այս ծրագիրն է, որը վերաբերում է ռեսուրսների արդյունավետությանը և կանաչ լուծումներ գտնելուն», - ասաց Ֆրենկ Հեսսը:

ՌԱՄԱ ծրագրի ղեկավար, UNIDO-ի պաշտոնական ներկայացուցիչ Տատյանա Չերնյավսկայան նշեց՝ ՌԱՄԱ մեթոդն ունիվերսալ է, թույլ է տալիս լուծումներ մշակել զանազան ոլորտների համար։ Մեթոդի կիրառումը կարող է նվազեցնել արտադրության վնասակար ազդեցությունը, նվազեցնել ծախսերը։ Դա կարող է լինել էներգետիկ ծախսերի կրճատում, օգտագործվող ջրի քանակի կրճատում, թափոնների կրճատում, ինչը կբերի նաև ջերմոցային գազերի արտանետումների կրճատման։

UNIDO-ի պաշտոնական ներկայացուցիչը բարձր գնահատեց այն հայկական ձեռնարկությունների աշխատանքը, որոնք կիրառել են ՌԱՄԱ մեթոդը և հասել հաջողությունների։ «Այդ ձեռնարկությունները համարվում են մեր հերոսները, մեր փոփոխությունների դեսպանները, և ես հուսով եմ, որ նրանք կոգեշնչեն այլ բիզնեսների ևս», - ասաց Տատյանա Չերնյավսկայան։

Ըստ նրա՝ Հայաստանում բիզնես վարքագծի փոփոխությունը կբերի նաև էկոլոգիական հետքի փոփոխության։ «Ներկայում մենք բախվում ենք համաշխարհային ճգնաժամի՝ կլիմայի փոփոխության հետ, և արտադրությունն ու սպառումը մեծ դեր են խաղում այս հարցում։ Եթե ձեռնարկությունները պատրաստ են էկոլոգիապես մաքուր մեթոդներ ներդնելու, դրա արդյունքներից մեկը լինելու է հենց ջերմոցային գազերի նվազումը», - ասաց Տատյանա Չերնյավսկայան։

Ծրագրի արդյունքները ներկայացրեց ՌԱՄԱ ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը։ Ծրագրի շրջանակում իրականացվել են գնահատումներ 32 ձեռնարկություններում, դրանցից 15-ում նաև իրականացվել է աուդիտ:  8 փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար մշակվել են բիզնես առաջարկներ և հիմնվել են կանաչ ակումբներ Արմավիրում և Շիրակում։ Նախորդ ծրագրի շրջանակում կանաչ ակումբներ էին հիմնվել Դիլիջանում, Վանաձորում, Արարատում, Հրազդանում։ Մշակվել է ՌԱՄԱ նորարարական կենտրոնի նախագիծը, հիմնվել ՌԱՄԱ հայկական փորձագետների ցանցը։ Ծրագրին մասնակցել է 754 մարդ։

«Ամենամեծ խնդիրներից մեկը ճշգրիտ տվյալների հավաքագրումն է, և մենք փնտրել ենք կազմակերպություններ, որոնք համաձայն էին լինել թափանցիկ։ Յուրաքանչյուրը ստացել է իր ՌԱՄԱ փաթեթը ջրի, էներգետիկ ծախսերի, թափոնների, արտանետումների կրճատման, նորարարական լուծումների և տնտեսական խնայողությունների վերաբերյալ։ Մշակվել են բիզնես պլաններ հայկական այն ձեռնարկությունների համար, որոնք ունեն ֆինանսական աղբյուրների կարիք ՌԱՄԱ առաջարկների իրականացման համար», - ասաց Նունե Հարությունյանը։ Նա նշեց, որ նախորդ ծրագրի մոնիթորինգի արդյունքում բացահայտվել է, որ տրված ՌԱՄԱ առաջարկների 80 տոկոսը կատարված է:

Նունե Հարությունյանը շեշտեց, որ բիզնեսը պետք է ունենա բնապահպանական վարքագիծ և հասկանա, որ կանաչ լինելը շահավետ է իր համար։ «Մենք ունենք սերտիֆիկացման խնդիր՝ կապված ԵՄ պահանջների հետ։ Եվ մեր նպատակներից է օգնել մեր արտադրողներին մոտենալ ՌԱՄԱ ստանդարտներին, ավելի արդյունավետ դարձնել իրենց արտադրության ցիկլը՝ հետագայում ձեռք բերելով նաև ավելի լավ իմիջ։ Մեր ծրագրի նպատակներն ուղղված են կանաչ տնտեսության առաջխաղացմանը, և հույս ունենք, որ պետությունն ուշադրություն կդարձնի, կլինի բոլոր օղակների համագործակցություն և համապարփակ քաղաքականություն», - ասաց Նունե Հարությունյանը։

Կանաչ տնտեսության զարգացման մեխանիզմներից է կանաչ ֆինանսավորումը, ներդրումներ, որոնք հնարավորություն են տալիս կրճատել ռեսուրսների ծախսերը, բարձրացնել բիզնեսի արտադրողականությունը և դարձնել այն մրցունակ:

«Կան բանկեր, որոնք աջակցում են կանաչ բիզնեսին։ Երբ կա մշակված բիզնես պլան և կան հստակ հաշվարկներ, կարելի է դիմել վարկերի և դրամաշնորհների համար։ Իհարկե, պետությունն էլ պետք է ապահովի օրենսդրական հիմքեր և խրախուսման մեխանիզմներ ՌԱՄԱ մեթոդը կիրառելու համար», - ասաց ծրագրի տեխնիկական փորձագետ Դշխուհի Սահակյանը:

ՄԱԿԱԶԿ SMGP/PEF ազգային գործընկեր Հովհաննես Աթաբեկյանը շեշտեց միջազգային ստանդարտները տեղայնացնելու անհրաժեշտությունը։ «Կանաչ արտադրանքի շուկա մուտք գործելու համար կարևոր է բնապահպանական հետքի նվազեցումը։ Լոկոմոտիվ կարող են դառնալ կանաչ գնումները, կանաչ վարկավորման գործիքները», - ասաց Հովհաննես Աթաբեկյանը։

Կանաչ տնտեսությունն ուղղորդում է անցում կատարել դեպի կանաչ էներգիայի արտադրությանը՝ հիմնվելով վերականգնվող էներգիայի վրա: Ծրագրի փորձագետ Տիգրան Սեկոյանը նշեց, որ բոլոր ձեռնարկությունների համար առաջարկվել է տեղադրել 2․5 կվտ-ից մինչև 60 կվտ արևային հզորություններ, ձեռքբերել էլեկտրական ավտոմեքենա։

Շրջակա միջավայրի պահպանման խորհրդանիշերից է էկոպիտակը, որը սպառողին հուշում է, որ գնված ապրանքն էկոլոգիապես մաքուր է, վնաս չի հասցնում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցիչ Լեսյա Նիկոլաևան ներկայացրեց Հայաստանում էկոպիտակավորման խթանման կարևորությունը․ «էկոպիտակավորումը գործիք է, որը պահպանում է շրջակա միջավայրը, միևնույն ժամանակ օգնում տարբերվել մրցակիցներից։ Այն նաև գովազդի միջոց է, որն օգնում են սպառողներին ընտրել էկոլոգիապես մաքուր արտադրանք»։

ՌԱՄԱ-ի գաղափարախոսությունը կրթական ծրագրերում ներկայացրեց Էներգախնայողության հիմնադրամի նախագահ, ՌԱՄԱ փորձագետ Աստղինե Պասոյանը։

«Մեր նպատակն է բիզնեսի ապագա կառավարիչներին ներարկել այդ բնազդն ու տրամաբանությունը։ Պետությունը խուսափում է այդտեղ ներմուծել պահանջներ, ինչն իրականում խանգարում է, որովհետև ձեռնարկությունները չեն փնտրում արդյունավետ ճանապարհներ։  Մեր առաջարկն է, որ արտադրության ոլորտում գործեն ստանդարտներ, ձեռնարկություններում աուդիտը պետք է սուբսիդավորված լինի», - ասաց Աստղինե Պասոյանը։

Հայաստանում քայլեր են իրականացվում զարգացնելու կանաչ տաքսոնոմիան: Այն համարվում է դասակարգման համակարգ, որը թույլ է տալիս բացահայտել գործունեության տեսակներն ու ներդրումները, որոնք կօգնեն երկրին հասնելու իր բնապահպանական նպատակներին: Համաշխարհային բանկի Կլիմայի փոփոխության հարցերով ավագ խորհրդատու Իրինա Ղափլանյանը շեշտեց կանաչ տաքսոնոմիայի հայեցակարգի կարևորությունը շրջանաձև տնտեսության անցման գործում։ Փաստաթուղթը ներկայում շրջանառվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում։ «Այստեղ գլխավոր շահառուն կառավարությունն է։ Մի մեծ գլուխ նվիրված է ներդրումներին, որոնք պետք է իրականացնի կառավարությունը։ Հաջորդը՝ մասնավոր սեկտորն է և այն, թե ինչպես պետք է մոբիլիզացնել կանաչ փողը։ Երրորդը՝ ՀՀ քաղաքացին է, որը շահելու է տվյալ գործիքակազմի կիրառումից։ Կանաչ տաքսոնոմիայի գործարկման փուլում կարևոր է հիմնել վերիֆիկացիոն ինստիտուտը», - ասաց Իրինա Ղափլանյանը։

ՌԱՄԱ-ի չեմպիոնները կամ հաջողության պատմություններ

Աուդիտ անցած և ծրագրի առաջարկությունները ներդրած կազմակերպություններն արժանացան սերտիֆիկատների։

Նրանց արտադրանքը ցուցադրված էր միջոցառման ժամանակ։

Դշխուհի Սահակյանը ներկայացրեց ձեռնարկությունների ձեռքբերումները։

Անհատ ձեռներեց Հովիկ Պապիկյանը Շիրակի մարզի Հացիկ բնակավայրում հիմնել է «Beeginning» կազմակերպությունը, որը զբաղվում է կենսադինամիկ մեղվաբուծությամբ։

«Մենք պահպանում ենք մեղուների բնական կենսակերպը և արհեստական մոմաթերթ չենք օգտագործում։ Կենսադինամիկ մեղվաբուծության դեպքում երկրորդական վերամշակման մոմ չի առաջանում։ Ճիշտ է, արդյունավետությունը քանակական առումով զիջում է, բայց շատ որակով մեղր ենք ստանում», - ասաց Հովիկ Պապիկյանը և նշեց, որ նախատեսում են նաև մեղրից ստանալ կենսադինամիկ գինի։ Իսկ ծրագրի շրջանակում ստացել են առաջարկություն իրականացնել ջրի և էներգիայի ծախսերի նվազեցում։ Տեղադրելու են արևային պանելներ։

Արմավիրի մարզում գործող «Սան չիրս» ընկերությունը զբաղվում է չրերի, չրային կոնֆետների և դրաժեների արտադրությամբ։ Արտադրանքն արտահանում են ԱՄՆ, այս տարվանից կլինի նաև հայկական շուկայում։

«Սան չիրս» ընկերության համահիմնադիր Սոնա Հակոբյանը  նշում է՝ կիրառելով ՌԱՄԱ սկզբունքները կարողանում են ռացիոնալ օգտագործել ռեսուրսները․ «Բոլոր թափոններն օգտագործում ենք, նաև պատրաստվում ենք ձեռք բերել արևային պանելներ»։

Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրում է գործում «Էկո լոլիկ» ջերմոցային տնտեսությունը։ Հիմնադիր Թեհմինե Խաչատրյանը նշեց, որ ջեռուցման բացակայության պատճառով ձմռանը ջերմոցը չի աշխատում։ Փորձագետները հաշվարկել և առաջարկել են տեղադրել 10 կվտ հզորությամբ արևային կայան։ 

«Սեպտեմբերին կտեղադրենք կայանը, կաշխատենք նաև ձմռանը և տարվա մեջ 1 անգամվա փոխարեն 3 անգամ բերք կստանանք», - ասաց Թեհմինե Խաչատրյանը։

Վանաձոր քաղաքում գործող «Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիր Լուսինե Բարաթյանը նշեց՝ փուլ առ փուլ են կատարել ՌԱՄԱ առաջարկները և շարունակելու են։ «Տեղադրել ենք էներգախնայող լամպեր, արևային պանելներ, օգտագործում ենք էկոտարաներ։  Ցանկանում ենք նաև ունենալ էկոպիտակներ, սերտիֆիկացում և արտահանման հնարավորություն», - ասաց Լուսինե Բարաթյանը։

ՌԱՄԱ ծրագրի փորձագետ Արմեն Բոդոյանը ներկայացրեց Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրում գործող «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի հաջողությունները։

«Պանրի արտադրություն է, «Արտչիզ» բրենդի ներքո է հանդես գալիս, 11 տեսակի պանիր կա։ Տարեկան մոտ 500 տոննա կաթ է մթերում, որից ստանում է 50 տոննա պանիր։ Հիմնական խնդիրը 120․000խմ թափոնային ջուրն է։ Բիզնես ծրագիրը գրված է այս ջրի վերաօգտագործման համար։ Մյուս խնդիրը պլաստիկ թափոններ են։ Մեր առաջարկով բոլորը սեղմում և ուղարկում են համապատասխան ընկերությունների։ Նաև տեղադրվել է 21 կվտ հզորությամբ արևային պանել։ Ամբողջ արտադրության համար էներգիայի վճար կատարվում, որը կազմում էր տարեկան 28 հազար դոլար», - ասաց Արմեն Բոդոյանը։

ՌԱՄԱ փորձագետ Լիլիթ Ափուջանյանը ներկայացրեց, թե ինչպես է լուծում թափոնների հարցը  Սպիտակ քաղաքում գործող  տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սիսակյան» ընկերությունը։ «Կապեցինք կազմակերպությանն այլ ընկերության հետ, որը թափոններից ստեղծում է նոր արտադրանք, և թափոնը ստացավ նոր շունչ, դարձավ նոր ապրանք», - ասաց Լիլիթ Ափուջանյանը։

Ծրագրի արդյունքները ցույց են տալիս, որ ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու մաքուր արտադրությունը կարող են ապահովել տնտեսական օգուտներ, բարձրացնել արտադրության որակը և բիզնեսի մրցունակությունը: Փորձագետները շեշտում են, որ բիզնես ոլորտում ՌԱՄԱ մոտեցման լայն կիրառումը հնարավորություն կտա պետություններին շարժվել դեպի կանաչ տնտեսություն՝ նվազեցնելով բնապահպանական ռիսկերը, ապահովելով կայուն զարգացում և աջակցելով սոցիալական զարգացմանը:

Հունիս 08, 2024 at 16:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր