

ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր բնակավայրում տեղի ունեցավ «Ահնիձոր» հյուրատան բացումը։ Ահնիձորում սա առաջին հյուրատունն է «Նկարչի տուն» կոնցեպտով։ Հյուրատան շենքը եղել է հայ նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի տունը։ Այն վերակառուցվել է Ահնիձորի բնակիչ Արամ Մաթևոսյանի նախաձեռնությամբ։
Հյուրատան վերակառուցմանն աջակցել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրը, որն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Այն ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։
«2015 թվականին՝ այս տունը ձեռք բերելուց հետո, ծագեց գաղափար կառուցել հյուրատուն, որտեղ կհամատեղվեն արվեստն ու բնությունը, իսկ այցելուները հնարավորություն կունենան ստեղծագործել և ստանալ արտ-թերապիա։ Գաղափարը կյանքի կոչելու գործում մեզ աջակցեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը։ Վստահ եմ, այս հյուրատունն իր ձևաչափով նոր շունչ կհաղորդի գյուղի կյանքին», - ասաց Արամ Մաթևոսյանը։
Ահնիձոր բնակավայրը հայտնի է որպես անվանի հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր։ «Այսօր երկար սպասված իրադարձություն է մեր գյուղում և ես վստահ եմ, որ այն առիթ կհանդիսանա, որպեսզի շատերը ծանոթանան մաթևոսյանական աշխարհին, զգան մեր չքնաղ բնությունը», - ասաց Ահնիձորի վարչական ղեկավար Արման Մաթևոսյանը։
Իսկ Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, նշեց․ «Մշակույթն ամեն ինչի հիմքն է, և ես շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի հյուրատուն»։
Ահնիձորցիներին շնորհավորեցին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի դոնորներն ու թիմը։
«Սա յուրահատուկ ծրագիր է, որտեղ համատեղ համագործակցում են տարբեր կառույցներ և կյանքի կոչում նմանատիպ գաղափարներ, ինչպիսին է այս հյուրատունը։ Այն ոչ միայն լավ աշխատանքի, այլ նաև համառության արդյունք է։ Ես տպավորված եմ և կցանկանամ ապագայում վերադառնալ այստեղ որպես տուրիստ և տեսնել, թե ինչպես են արվեստագետները, նկարիչները տարբեր անկյուններում նստած ստեղծագործում։ Սա նաև որպես փոքր բիզնես շատ կարևոր դեր ունի նոր աշխատատեղեր ստեղծելու գործում։ Շնորհակալություն բոլոր կողմերին այս ծրագիրը կյանքի կոչելու համար», - ասաց Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին։
ՌԶԳ-ից ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը նշեց, որ LILA ծրագրի տնտեսական բաղադրիչի նպատակն է աջակցել թիրախ մարզերի բնակիչներին՝ բարելավելու տնտեսական պայմանները կայուն և ներառական տուրիզմի միջոցով։ «Սա առաջին նման զբոսաշրջային ենթակառուցվածքն է Ահնիձորում։ Այս մոտեցումը նորարակական է և տարբերվող։ Այն հնարավորություն է ընձեռում հյուրընկալելու զբոսաշրջիկների, արվեստագետների, համատեղելու արվեստն ու բնությունը։ Նման նախաձեռնությունների շնորհիվ են զարգանում մարզերը և բնակավայրերը՝ ստեղծելով աշխատատեղեր և ապահովելով զբոսաշրջային հոսքեր այն համայնքներ, որոնք ունեն ներուժ, բայց չունեն ռեսուրսներ։ Ծրագրով մենք փորձում ենք լրացնել այս բացը», - ասաց Ալլա Ղազարյանը։
«Սա ծրագիր է համագործակցության մասին, քանի որ առանց դրա մենք չենք հասնի այն նպատակներին, որոնք դրված էին: Որպես բնապահպանական կառույց մենք ուշադրություն ենք դարձնում կենսաբազմազանությանը և կլիմայի փոփոխության ազդեցությանը։ Այստեղ շատ են հատվել անտառները, եղել է որսագողություն։ Եթե մենք կարողանանք միասին իրականացնել անտառների և համայնքային տարածքների պահպանություն, կվերականգնվի կենդանական և բուսական աշխարհը, ինչն ուղիղ կապ ունի տեղի բնակչության սոցիալական զարգացման և տուրիզմի զարգացման հետ։ Բնությունը շատ շուտ շնորհակալություն է հայտնում և շատ խիստ պատժում է, ինչպես, օրինակ, Լոռու մարզում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղը։ Դա կապ ունի նաև անտառների հատման հետ, որովհետև անտառները կլանում են ջուրը։ Բնության պահպանությունը և տեղական զարգացումն իրար հետ կապ ունեն, պետք է համադրենք և առաջ գնանք»,- ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը։
Հունիս 19, 2024 at 16:50