Արևային էներգիա. հեռվից շողացող ոսկի, թե՞...

Արևային էներգիա. հեռվից շողացող ոսկի, թե՞...

Անի Ավետիսյան՝ Էկոլուրի կամավոր

«Ի՞նչ վատ է որ, հոսանքը կարելի է ասել, թե անվճար է, տաք ջուրն էլ ամառ-ձմեռ ունենք, բնությունն էլ չենք մխտռում»,- պատմում է Ապարանի Մելիքգյուղի բնակիչ Համլետ պապը, ով ամիսներ առաջ է սեփական տան տանիքին նոր արևային կայան տեղադրել և ուզում է մի քանի կիլովատտ էլ ավելացնի, որ ամբողջ տունը կարողանա ձմռանը տաքացնել։

Ըստ տարբեր փորձագետների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ, սակայն այս ոլորտը դեռևս նոր է զարգանում. մի կողմից մարդիկ բավարար գիտելիքներ չունեն արևային կայանների շահագործման ու արդյունավետության, օգտակարության մասին, մյուս կողմից այն թանկ հաճույք է, և գյուղերում ապրողները դժվարանում են ընտրել այս տարբերակը:

 

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով` արևային կայանների շնորհիվ ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակն է բարձրանում, երկիր կանաչ ներդրումներ են գալիս, աշխատատեղեր է ստեղծվում։ Կարևորն այն է, որ շահագործման ժամանակ արևային կայաններն արտանետումներ չեն ունենում և նվազում է ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը:

Այս ոլորտում կա՞ն խնդիրներ

Մասնագիտական կարծիք

Էկոլոգ Ինգա Զառաֆյանը նշում է, որ այս ոլորտում չկան նորմատիվներ։

«Պարզ չէ, թե ինչպես կարող ենք կառավարել էլեկտրոնային թափոնները․ 1 միջին վահանակը մոտավոր 165սմ x 100սմ չափս ունի։ Սրանք օգտագործումից հետո ինչպե՞ս է կառավարվելու»։

Վտանգավոր են, թե՞ ոչ

«Վտանգավոր թափոններ են արևային վահանակները: Պետությունը դրանց կառավարման ռազմավարական տեսլական չունի։ ՇՄԱԳ-ում, որը պահանջվում է միայն շատ մեծ կայանների համար, գրվում է, որ վահանակները պետք է տեղափոխել պատկան մարմինների կողմից հատկացված աղբավայր, սակայն ներկայումս նման աղբավայր ֆոտովոլտային վահանակների համար չկա»,- ասում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը և հավելում, որ արևային վահանակների արտադրությունը համարվում է քիմապես վտանգավոր, քանի որ արտադրության հետևանքով աջացած գազերը և թափոնները ունեն վնասակար ազդեցություն շրջակա միջավայրի վրա։

Էլեկտրոնային թափոնների վերամշակումը և ճիշտ կառավարման մեթոդները

Էլեկտրոնային թափոնները (կամ էլեկտրոնային աղբը) այն օգտագործված կամ անկազմակերպ տեխնոլոգիական սարքերն են, որոնք այլևս չեն կարող օգտագործվել իրենց առաջնային նպատակով։ Դրանք ներառում են համակարգիչներ, հեռախոսներ, հեռուստացույցներ, տպիչներ, սպառողական էլեկտրոնիկա և այլ նմանատիպ սարքեր։

Էլեկտրոնային թափոնները հաճախ պարունակում են վտանգավոր նյութեր, ինչպիսիք են ծանր մետաղները (օրինակ, կապար, սնդիկ, կադմիում), որոնք կարող են վնասել շրջակա միջավայրը և առողջությունը, եթե չմշակվեն ճիշտ ձևով։

Էլեկտրոնային թափոնների վերամշակումը և ճիշտ կառավարման մեթոդները կարևոր են բնապահպանական և առողջապահական խնդիրների լուծման համար։

Ըստ էկոլոգ Ինգա Զառաֆյանի՝ «Մեզ համար կարևոր է սահմանել նորմատիվներ, քանի որ մենք չունենք օրենսդրական մակարդակում սահմանափակում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման համար, որը մեզ համար շատ թանկարժեք է։ Եթե փոխում ես հողի կատեգորիան, ուրեմն պետք է ունենաս և կարելիների, և չիկարելիների սահմանում։ Եկեք զարգացնենք, բայց պետք է հաշվի առնել ոչ միայն ռիսկերը, այլ նաև էներգետիկ բալանսը»:

Աստղինե Պասոյանն ասում է, որ հողերի խնդրի մասին շատ է բարձրաձայնել: Խնդիրն այն է, որ գյուղատնտեսական հողերի կատեգորիան փոխում են, սարքում էներգետիկ: Սա պարենային անվտանգության տեսակետից անդառնալի կորուստ է, հատկապես Արցախի կորստից հետո, որտեղից գալիս էր ՀՀ սպառած հացահատիկի մեկ քառորդը:

«Վահանակները աշխատելիս բավական տաքանում են, արդյունքում, հատկապես եթե կայանների նախագծման և կառուցման ազգային ստանդարտ չկա, որը պահանջում է հողից վահանակի կոնկրետ հեռավորություն, հողի բերրի շերտը մոխրանում է։ Ստանդարտների հարցը շատ կարևոր է, ով ոնց ուզում, կառուցում է։ Պետք է փորձել կայանների համար խրախուսող կարգավորման գործիքները կիրառել միայն ոչ բերրի՝ խախտված, աղուտավորված հողերի և պոչամբարների վրա և այլն։ Բայց արդեն բավական ուշացել ենք: Էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության թիրախ 1000 ՄՎտ-ի համար անհրաժեշտ հողերի մեծամասնությունն արդեն հատկացված ու նպատակային նշանակությունը փոխված է»,- ասաց Աստղինե Պասոյանը։

Էկոլուրը հայտնում է, որ Թալին համայնքում արդեն իսկ էլեկտրաէներգիա է արտադրում 6 արդյունաբերական արևային ֆոտովոլտային կայան՝ ընդհանուր 26.953 ՄՎտ հզորությամբ։ Կառուցման փուլում է գտնվում ևս 7 արևային կայան՝ այդ թվում Հայաստանի ամենամեծ՝ «Այգ 1» արևային ֆոտովոլտային կայանը՝ ընդհանուր 225.85 ՄՎտ հզորությամբ։

Թալինի համայնքապետի զարգացման ծրագրերի բաժնից Մնացական Ներսիսյանն ասաց, որ Թալինը միացել է Քաղաքապետերի դաշնագրին և ծրագրերն ընթացքի մեջ են մի մասն արդեն մշակվել է։ «Մենք տարեկան օրինակ 2023թ-ին 56-57 մլն միայն հոսանքի գումար ենք վճարել, հիմա նախատեսում ենք այդ ամենը զրոյացնել։ Արևային կայաններ ենք նախատեսում Արագածավանում, Սասնաշենում անգամ՝ Մշակույթի շենքի տանիքին»։

ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ-1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Թալին համայնքում կառուցել 200 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված վերականգվող էներգետիկայի զարգացմանը, ըստ որի նախատեսվում է կառուցել մինչեւ 1500 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչեւ 2030թ. արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի:

Նոր բանաձևեր

«Արտասահմանում շատ է կիրառվում ագրո-սոլար բանաձևը. փոխանակ հողերը առհավետ դարձնելու էներգետիկ դաշտեր, կիրառվում է գյուղատնտեսական մշակաբույսերի և ֆոտովոլտային «մարգերի» համատեղումը, քանի որ կան մշակաբույսեր, որոնք շատ արև չեն «սիրում», և ստվերում լավ են աճում, օրինակ՝ հատապտուղները, ինչպես՝ մորին, մոշը, և դրանք կարելի է աճեցնել արևային կայանների արանքում»,- ասում է Աստղինե Պասոյանը։

Փորձագետը նշում է, որ Հայաստանում էլ այս ամենը չի կիրառվում, քանի որ խնդիրը կրթության ու իրազեկման պակասն է ու կան նաև իրավական խնդիրներ, որոնք դեռ Եվրոպայում էլ քննարկման առարկա են. «Եթե հողը խառը օգտագործման է, ապա ինչ կատեգորիայի հող է, և կախված գործունեության տեսակից, արդյոք կարող է օգտվել երկու տեսակի պետական աջակցության մեխանիզմներից, քանի որ կան և գյուղատնտեսական և էներգետիկ սուբսիդիաներ»:

Մի քանի ցուցանիշներ

 



Հունիս 30, 2024 at 12:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր