Հայաստանի կլիմայապես խոցելի 10 գյուղում կբարելավվի պարենային անվտանգությունը

Հայաստանի  կլիմայապես խոցելի 10 գյուղում կբարելավվի պարենային անվտանգությունը

Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի 10 գյուղում կբարձրացվի գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և կբարելավվի պարենային անվտանգությունը։ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP) դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։

Համաձայնագրի շրջանակներում Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից ՀՀ կառավարությանը կտրամադրվի 3 միլիոն դոլար դրամաշնորհ։

Ծրագիրը կենտրոնանալու է այն գյուղերում, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ: Փաստաթղթերում գյուղերի անունները նշված չեն։ Դրամաշնորհի միջոցներով 10 գյուղերի կտրամադրվեն կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 10 գյուղերում տեղադրել փոքր մասշտաբի արևային ֆոտովոլտային կայաններ, ստեղծել շրջանառու ֆոնդեր, որտեղ արևային կայաններից ստացվող էներգիայի խնայողությունները կներդրվեն այն ենթածրագրերում, որոնք աջակցում են կայուն գյուղատնտեսությանը, պարենային անվտանգությանը և տեղական համայնքների կլիմայի հարմարվողականությանը։

Նաև կիրականացվեն համայնքային խորհրդատվություններ՝ բացահայտելու կլիմայական պայմաններին հարմարվողական և եկամտաբեր ներդրումները, որոնք կարող են ֆինանսավորվել տեղադրված արևային կայանների օգտագործումից բխող էներգիայի ծախսերի խնայողություններից։ Կվերապատրաստվեն տեղական իշխանությունների ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները։

Սննդի անվտանգության բարձրացման նպատակով կներդրվեն կլիմայական խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաներ։

Ըստ հիմնավորման՝ ծրագիրը կնպաստի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ կլիմայի հարմարվողականության պլանավորմանն աջակցելու և գյուղատնտեսության ոլորտում կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր մշակելու համար։

Մարտ 05, 2024 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր