

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) մասնակից երկրների պատվիրակություններին հաջողվել է համաձայնության գալ` ստեղծելու ֆինանսավորման մեխանիզմ՝ կլիմայական աղետների պատճառած կորուստները և վնասները փոխհատուցելու համար։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Սակայն այդ մեխանիզմը ֆինանսավորվելու հարցը դեռ մնում է չլուծված։
Նշենք, որ զարգացող երկրները համառորեն կոչ են արել ստեղծել մեխանիզմ՝ փոխհատուցելու կլիմայական աղետներից առավել խոցելի, բայց կլիմայի փոփոխության համար ամենաքիչ պատասխանատու պետությունների կորուստներն ու վնասները:
Համաժողովի մասնակիցները չեն կարողացել պայմանավորվել գլոբալ տաքացման պատճառների հետ կապված մի շարք այլ առանցքային հարցերի շուրջ:
«Մենք պետք է կտրուկ կրճատենք արտանետումներն արդեն հիմա, բայց կողմերի համաժողովին այս հարցի պատասխանը գտնել չհաջողվեց», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նշելով, որ աշխարհը պետք է հսկա քայլ անի իր նպատակներին հասնելու և հանածո վառելիքից կախվածությանը վերջ տալու համար: Սա կպահանջի մեծածավալ ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում:
Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ձևավորել արդար գործընկերություն «կանաչ» էներգետիկայի անցում կատարելու համար և կնքել «Կլիմայական համերաշխության պայմանագիր»:
«Պայմանագիրը կողմերին պարտավորեցնում է լրացուցիչ ջանքեր գործադրել արտանետումները նվազեցնելու համար այս տասնամյակում, որպեսզի տաքացումը պահպանվի 1,5 աստիճան Ցելսիուսի սահմաններում: Անհրաժեշտ է նաև ջանքերը մոբիլիզացնելու համաձայնագիր՝ միջազգային ֆինանսական կառույցների և մասնավոր հատվածի հետ միասին ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու զարգացող տնտեսությամբ խոշոր երկրներին, որպեսզի արագացվի նրանց անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին»,- ասել է Անտոնիո Գուտերեշը:
Նոյեմբեր 21, 2022 at 14:51