

ՀՀ կառավարությունը սույն թվականի նոյեմբերի 3-ին հաստատեց «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը»:
Ծրագրի համընդհանուր նպատակն է ստեղծել անհրաժեշտ իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ նախադրյալներ՝ նպաստելու Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության կանխատեսվող ռիսկերը, ազդեցությունները, նվազեցնելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները, կորուստները և վնասները, ինչպես նաև օգտվել ի հայտ եկող հնարավորություններից։
Ըստ փաստաթղթի, կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, ջրային ռեսուրսների կրճատման հետևանքով միևնույն քանակի ջրառը կարող է հանգեցնել բնապահպանական թողքի և ջրային էկոհամակարգերի հավասարակշռության խախտման, ինչպես նաև կենսաբազմազանության վիճակի վատթարացման: Ըստ այդմ, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում պետք է հաշվի առնվեն նաև կլիմայի փոփոխության կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները և ջրային ռեսուրսի խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ:
Կլիմայի փոփոխությունը կարող է զգալիորեն փոխել գետային հոսքի սեզոնային տատանումները: Գետային հոսքի ծավալի նվազումն անխուսափելիորեն կհանգեցնի նաև ջրի որակի վատթարացման: Ջրային ռեսուրսների վրա մարդածին ճնշումների ավելացումը կարող է սրել իրավիճակը: Կլիմայի փոփոխության ազդեցությունն էական է նաև Սևանա լճի ավազանի վրա:
Ձկնաբուծությունը, արդյունաբերությունը և էներգետիկ ոլորտը պետք է պատրաստ լինեն հարմարվելու կլիմայի փոփոխությանը և կանխատեսելու իրենց արտադրական գործընթացներում օգտագործվող մակերևութային ջրերի ջերմաստիճանի բարձրացումը։
Ջերմաստիճանի բարձրացման ամենաէական հետևանքներից է նաև էվապոտրանսպիրացիայի (ընդհանուր գոլորշիացում) գործընթացի արագացումը: Այն փոփոխում է մշակաբույսերի ջրապահանջը, ինչպես նաև ոռոգման ռեժիմները, և ըստ այդմ՝ էլ ավելի սրում կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության հիմնախնդիրը:
Ստորերկրյա ջրերի վերականգնման մակարդակը ևս կարող է ազդեցություն կրել՝ պայմանավորված որոշ շրջաններում խմելու ջրի համար առկա ստորերկրյա ջրերի քանակական նվազմամբ։
Ջրից կախում ունեցող ոլորտների, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության և զբոսաշրջության հարմարվողականության պլաններն ու ծրագրերը պետք է հաշվի առնեն ջրային ռեսուրսների խոցելիությունը:
Նշված է, որ ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներդնել հաշվետվողականության, միջոցառումների իրականացման գնահատման և մշտադիտարկման համակարգ: Ծրագրի 26 առաջնահերթ միջոցառումների իրականացման նախնական ծախսերի նախահաշիվը կազմում է մինչև 51,3 միլիարդ ՀՀ դրամ:
Ծրագրին և միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նոյեմբեր 10, 2022 at 09:51