Վերջին երկու տասնամյակում Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումներն աճել են շուրջ 80 տոկոսով

Վերջին երկու տասնամյակում Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումներն աճել են շուրջ 80 տոկոսով

2000-2019 թվականների ընթացքում ջերմոցային գազերի արտանետումներն աճել են 79․9 տոկոսով։ Սակայն 1990թ-ի համեմատ ջերմոցային գազերի արտանետումները ցածր են մոտ 57 տոկոսով։ Այս մասին նշված է ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության նախագծում։

Արտանետումների գերակշիռ մասը՝ 64 տոկոսը, առաջանում է էներգետիկայի ոլորտից: Հաջորդը գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում ոլորտից է՝ 18.8 տոկոս, որին հաջորդում են արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործում ոլորտը՝ 11.5 տոկոս, թափոնների ոլորտը՝ 5.6 տոկոս:

Ըստ փաստաթղթի՝ Հայաստանում ջերմոցային գազերից ամենաէականն ածխածնի երկօքսիդն է (CO2)՝ մոտ 56 տոկոս, որին հաջորդում է մեթանը՝ 24.2 տոկոս, ազոտի ենթօքսիդի և ֆտորածխածիների մասնաբաժինը՝ 11.4 տոկոս և 8.7 տոկոս համապատասխանաբար:

CO2-ի արտանետումների գերակշիռ մասը՝ շուրջ 95 տոկոսը, առաջանում է էներգետիկայի ոլորտից՝ հիմնականում պայմանավորված ջերմակայանների, ճանապարհային տրանսպորտի և բնակարանային ենթակատեգորիաների արտանետումներով:

CO2-ի արտանետումներն արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործման ոլորտից կազմում են CO2-ի ընդհանուր արտանետումների ընդամենը 5 տոկոսը:

Մեթանի արտանետումների մասնաբաժինը 2019 թվականին կազմել է ընդհանուր արտանետումների մոտ 25 տոկոսը: Մեթանի արտանետումների մոտ 47 տոկոսն առաջանում է էներգետիկայի ոլորտից` պայմանավորված բնական գազի փախուստային արտանետումներով, 35 տոկոսը՝ գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում ոլորտից, շուրջ 20 տոկոսը՝ թափոնների ոլորտից:

Ազոտի ենթօքսիդի արտանետումների մասնաբաժինը 2019 թվականին կազմել է ընդհանուր արտանետումների մոտ 12 տոկոսը: Ազոտի ենթօքսիդի արտանետումների գերակշիռ մասը՝ 91 տոկոսը, առաջանում է գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործման ոլորտից՝ հիմնականում պայմանավորված մշակվող հողերից ազոտի ենթօքսիդի ուղղակի և անուղղակի արտանետումներով:

«1990-2019թթ -ի համար ՀՀ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության» նախագիծը կազմվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ծրագրի շրջանակում:

Մայիս 29, 2023 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր