ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքը դառնում է Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման կենտրոն՝ մասնակից դառնալով կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի կրճատման գլոբալ գործընթացներին:
Թալին համայնքում արդեն իսկ էլեկտրաէներգիա է արտադրում 6 արդյունաբերական արևային ֆոտովոլտային կայան՝ ընդհանուր 26.953 ՄՎտ հզորությամբ։ Կառուցման փուլում է գտնվում ևս 7 արևային կայան՝ այդ թվում Հայաստանի ամենամեծ՝ «Այգ 1» արևային ֆոտովոլտային կայանը՝ ընդհանուր 225.85 ՄՎտ հզորությամբ։
Համայնքում արևային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ առաջացել է նոր խնդիր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կրճատում։
Արևային կայանների կառուցման համար հատկացվել է շուրջ 630 հեկտար հողատարածք, փոխվել են հիմնականում համայնքի գյուղատնտեսական հողերի նշանակությունները:
Ամենամեծ՝ 200Մվտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագիրը ստացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը։
«Այգ-1» ծրագիրն իրականացնում է «Մասդար Արմենիա» ընկերությունը՝ ՀՀ կառավարության ներքո գործող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի 15% բաժնեմասնակցությամբ։
Կայանը կառուցվելու է Թալին խոշորացված համայնքի Թալին և Դաշտադեմ բնակավայրերի տարածքներում՝ 547.31 հեկտարի վրա։ Կայանի տարածքում կտեղադրվի 450.000 ֆոտովոլտային վահանակ: Կայանի միացումն ընդհանուր ցանցերին կիրականացվի 220 կՎ Աշնակ-1 և Աշնակ-2 օդային գծերով։ Օդային գծի երկարությունը կկազմի մոտ 150մ: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 200 միլիոն ԱՄՆ դոլար է։
Ըստ «Այգ 1»-ի ՇՄԱԳ հաշվետվության՝ ծրագիրն իր ավանդը կունենա կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման մասով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գործում։ Մինչդեռ փաստաթղթում նշված են կլիմայի փոփոխության մեղմման համար արևային էներգետիկայի դերակատարման մասին ընդհանուր մոտեցումներ։ Չկան հստակ ցուցանիշներ՝ ջերմոցային գազերի կրճատման, էլեկտրաէներգիայի արտադրության վերաբերյալ։ ՇՄԱԳ-ի եզրակացության պահանջները պետք է լրացվեն կայանի գործարկմամբ տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ տվյալներով:
Ինչ արժե հողը
«Այգ-1» արևային կայանի կառուցման համար ՀՀ կառավարության տարբեր որոշումներով Արագածոտնի մարզի Թալին խորոշացված համայնքից նվիրաբերվեց 547.31 հեկտար հողատարածք, որից 377.4495 հեկտարը Դաշտադեմ, իսկ 169.8614 հեկտարը՝ Թալին բնակավայրից:
Դաշտադեմ համայնքի 377.4495 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը 822,084,793 դրամ է՝ ըստ ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 18-ի թիվ 1021-Ա որոշման:
«Մասդար Արմենիա» ընկերությունը Դաշտադեմ և Թալին բնակավայրերի հետ հողերի նվիրաբերության դիմաց կնքել է պայմանագիր՝ 320 միլիոն դրամի չափով ներդրման վերաբերյալ։ Եվս 700 միլիոն դրամ գումար համայնքին կհատկացվի պետական բյուջեից՝ այսինքն ՀՀ հարկատուների, այդ թվում և Թալին համայնքի բնակիչների հաշվին: Այս գումարի մասին նշված է Թալին խոշորացված համայնքի ավագանու՝ 2023 թվականի փետրվարի 28-ի N 11-Ա որոշման հիմնավորման մեջ: «Այգ-1» ծրագրից ազդակիր համայնքին հատկացվող սոցիալական աջակցության գումարը կկազմի 1 միլիարդ 20 միլիոն դրամ:
Այսպիսով, «Այգ-1» ծրագրի համար նվիրաբերված հողերի կադաստրային արժեքը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 18-ի թիվ 1021-Ա որոշումը, կազմում է շուրջ 1 միլիարդ 790 միլիոն դրամ այն դեպքում, երբ «Մասդար Արմենիա» ընկերության կողմից և ՀՀ պետական բյուջեից համայնքին հատկացվող գումարը կազմում է 1 միլիարդ 20 միլիոն դրամ։ Այսինքն, շուրջ 770 միլիոն դրամով պակաս հողերի կադաստրային արժեքից։
Կլիմայի փոփոխությունը Թալինում
Թալին համայնքը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ: Համայնքին բնորոշ են երաշտները, հողերի դեգրադացիան և էրոզիան, հեղեղները, կարկտահարությունը: Կլիմայի վրա զգալի ազդեցություն է թողնում անտառածածկ տարածքի բացակայությունը: Թալինում 2022 թվականի ամառային օրերի գումարային թիվը նորմայից ավելի է եղել 71 օրով։ Թալին համայնքում 2021 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակին գրանցվել է ուժեղ երաշտ: Ամենաբարձր դասի շատ ուժեղ երաշտ գրանցվել է նույն տարվա հունիսի առաջին տասնօրյակից մինչև սեպտեմբերի վերջ։ Տեղումների քանակը Հայաստանի նորմայից պակաս է եղել շուրջ 60%-ով:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, ինչով և պայմանավորված են «Այգ-1» ծրագրին տրված արտոնությունները, անհրաժեշտ է Թալին համայնքին հատկացվող գումարներն ուղղել կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման ծրագրերին։
Մայիս 30, 2023 at 17:45