ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» ՍՊԸ-ի՝ «Այգ-1» արևային ֆոտովոլտաիկ կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը (ՇՄԱԳ): Եզրակացությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2023թ. ապրիլի 28-ին:
Որպես եզրակացության պատճառաբանական մաս նշված է, որ Թալին և Դաշտադեմ բնակավայրերում անցկացված հանրային լսումների ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեության իրականացմանը:
Դրական եզրակացության փորձաքննական պահանջներն են՝
- Աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է խստագույնս հետևել նախնական գնահատման հայտում ամրագրված բնապահպանական պահանջների և միջոցառումների իրականացմանը՝ ըստ հայտով ներկայացված պլանի, իսկ դրանց չբավարարման դեպքում ներառել լրացուցիչ միջոցառումներ՝ պարտադիր պահպանելով բնապահպանական նորմերը:
- Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանել արտակարգ իրավիճակների և աշխատանքի անվտանգության կանոներն ու նորմերը:
- Աշխատանքների ժամանակ՝ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել արտանետվող փոշու և առաջացող աղմուկի ու թրթռումների թույլատրելի մակարդակը։
- Անհրաժեշտ է պարսպապատել կայանը 2,7 մ բարձրությամբ ցանցային շղթայակապ ցանկապատով, վերևում փշալարով։
- Բեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունն իրականացնել միայն ցերեկային ժամերին:
- ՇՄԱԳ հաշվետվությունում ամրագրված տեխնոլոգիական նախագծման նորմերի և բնապահպանական պահանջների կատարումն, ընկերության կողմից նախատեսվող սոցիալական ծրագրերի իրականացումը:
- Բնապահպանական կառավարման պլանում և մշտադիտարկման ծրագրում նախատեսված միջոցառումների իրականացումը։
- Անհրաժեշտ է՝ սահմանազատել և ժամանակավոր ցանկապատել շինարարական հրապարակը, անցկացնել լուսավորություն և տեղադրել հնարավոր վտանգների մասին նախազգուշացնող նշաններ:
- Շինհրապարակից դուրս եկող մեքենաների անվադողերը լվանալ ասֆալտապատ ճանապարհին միացման հատվածում:
- Բետոնի տեղափոխումն իրականացնել ՇՄԱԳ հաշվետվությունում նախատեսված ձևով՝ բացառելով շինարարական հրապարակում կամ հարակից տարածքներում բետոնի արտադրությունը։
- Շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող տարբեր տեսակի թափոնների հեռացումն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, մասնագիտական ծառայությունների կողմից պայմանագրային հիմունքներով: Բացառել տարածքում թափոնների բաց այրումը:
- Աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման 43-րդ կետի պահանջով՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին»:
- Անհրաժեշտ է, որ նորահայտ 253 միավորները ենթարկվեն մանրամասն փաստագրման և նշյալ տվյալները հանձնվեն նախարարությանը՝ դրանց նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու համար, ինչպես նաև կազմվի նշյալ հնագիտական աշխատանքների պլան՝ ուղղակի ազդեցության ենթարկվող միավորների պատմամշակութային արժեքը փրկելու նպատակով։
Եզրակացության մեջ որևէ պահանջ նախատեսված չէ կայանի շահագործման արդյունքում առաջացող էլեկտրոնային թափոնների կառավարման համար:
200 մՎտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանը կկառուցվի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Թալին և Դաշտադեմ բնակավայրերի վարչական տարածքում և կզբաղեցնի 547.31 հա հողատարածք: Թալինի ավագանու որոշմամբ հողամասերը նվիրաբերվել են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի, որն ունի 15% բաժնեմասնակցություն կայանի կառուցման ծրագիրն իրականացնող «Մասդար Արմենիա» ընկերությունում: Բաժնետոմսերի 85%-ը պատկանում են Աբու Դաբիի «Մասդար» ընկերությանը: Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025թ.:
Փաստաթղթում նշված է, որ կայանի համար կկառուցվեն ճանապարհներ, շենքեր, կկատարվի ցանկապատում, կտեղադրվեն լուսավորության համակարգ և տեսախցիկներ: Նախատեսվում է կառուցվել մոտ 2 կմ երկարությամբ մուտքի ասֆալտապատ ճանապարհ՝ Մ9 մայրուղուց: Անվտանգության համար կայանը պարսպապատված կլինի 2,7 մ բարձրությամբ ցանցային շղթայակապ ցանկապատով և վերևում փշալարով: Կայանի տարածքում կտեղադրվի թվով 450 հազար հատ 550-620 Վտ հզորությամբ երկկողմանի վահանակ (պանել): Ֆոտովոլտային պանելի մոդելը կընտրվի գլխավոր կապալառուի կողմից և ամենայն հավանականությամբ այն կներկրվի:
Կատարվելիք հողային աշխատանքների ընթացքում կրիչների տակի, ենթակայանի և ճանապարհների հողի բերրի շերտը կկազմի 14 հազար 950 խմ, որը պահեստավորվելու է արևային կայանի տարածքի եզրամասում: Աշխատանքների ընթացքում փորվելու է 633 հազար խմ հող, որից ետլիցք կարվի 504 հազար 162 խմ-ը:
Կայանի շինարարությունը կտևի 18-24 ամիս: Արևային կայանը նախատեսվում է շահագործել 20 տարի, եթե շահագործման երկարացման որոշում չկայացվի: Արևային կայանի շահագործումից հետո կապամոնտաժվեն բոլոր ժամանակավոր կառույցները, օգտագործման ենթակա նյութերը կտեղափոխվեն ընկերության պահեստներ և/կամ կվաճառվեն նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպություններին: Նախատեսվում է կայանի այն հատվածները, որտեղ հողային աշխատանքներ են իրականացվել շինարարության փուլում՝ ներառյալ ենթակայանի տարածքը, ծածկել սիզամարգով՝ կազմված տեղի բնակլիմայական պայմաններին բնորոշ բուսատեսակներով: Վերականգնվող մակերեսները և իրականացվող աշխատանքների ծախսը կորոշվեն կայանի փակումից 2 տարի առաջ:
Ընկերությունը «Այգ-1» արևային կայանի շինարարության ընթացքում առաջացող արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը գնահատել է 735 հազար 689 դրամ, բանվորական ճամբարների ապամոնտաժման և տարածքների լանդշաֆտի վերականգնման ծախսերը՝ 3 միլիոն 120 հազար դրամ:
Մայիս 03, 2023 at 17:42