ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է թույլ տալ փոքր ՀԷԿ կառուցել այն արգելված գետերի վրա մինչև ՀՀ պետական սահման մեկ կիլոմետր հատվածում, որոնք ունեն 40 տոկոս և ավելի դերիվացիոն խողովակներով ծանրաբեռնվածություն: Փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի 488-Ն որոշմամբ, որում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է լրացում:
Որպես հիմնավորում նշվում է. «Շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների և գիտական հանրության հետ քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ որոշ դեպքերում հնարավոր է բացառություններ սահմանել՝ հնարավորություն ընձեռելով մինչև պետական սահմանը մեկ կիլոմետր հատվածում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, ինչը բացասական ազդեցություն չի ունենա տվյալ գետի էկոհամակարգի վրա և կապահովի ՀՀ պետական սահմանը հատող մակերևութային ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը»։ Հիմնավորման մեջ նաև նշված է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով սահմանամերձ հատվածում՝ մինչև պետական սահմանը մեկ կիլոմետր, նոր փոքր ՀԷԿ-երի կառուցման ներդրումային ծրագրերի ներկայացումը։
Նշենք, որ N 488-Ն որոշման հավելվածում ներառվել են ոչ միայն դերիվացիոն խողովակներով գումարային 40% ծանրաբեռնվածություն ունեցող գետերը, այլև այն գետերը, որոնք ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են:
Այս նախագիծը շրջանառելուց 2 ամիս առաջ ՀՀ կառավարության պաշտոնյաները քննարկում էին N488-Ն որոշմամբ արգելված Որոտան գետի վրա նոր փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցը։ Այն ներկայացրել է «Զանգեզուր ԷՑՇ» ՍՊԸ-ն, որն, ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ստեղծվել է 2009 թվականին, գրանցված է Գորիսում։ 2018 թվականից Ընկերության բաժնետերերը ՀՀ քաղաքացիներ Լուսինե Գևորգյանը և Անահիտ Վարդազարյանն են՝ յուրաքանչյուրը 50 տոկոս մասնաբաժնով։
Ընկերությունն նախապես դիմել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին, ով Գորիսից է: «Զանգեզուր ԷՑՇ» ՍՊԸ-ն խնդրել է օգնել լուծելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կապված հողհատկացման և հողի կարգավիճակի փոփոխության հետ կապված խնդիրը, ինչպես նաև օգնել ստանալու ջրօգտագործման թույլտվություն և բնապահպանական փորձաքննական եզրակացություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Իր հերթին Արմեն Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ նախարարության և ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկում կազմակերպելու խնդրանքով։ Արդյունքում սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։ Նա ներկայացրել է ԷկոԼուրի փորձագետների պատրաստած տեղեկանքը Որոտան գետի ջրային ռեսուրսների բաշխման, ջրօգտագործողների շահերի բախման վերաբերյալ:
Փորձագետների հավաքագրած տեղեկատվությունը՝ այստեղ։
Փաստորեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ստեղծում է նախադեպ, երբ առանձին ներդրումային ծրագիր պատճառ է դառնում ենթաօրենսդրական ակտի արմատական փոփոխության համար:
Ապրիլ 13, 2023 at 17:13