

2023թ. փետրվարի 3-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում՝ քննարկելու «Զանգեզուր ԷՑՇ» ՍՊԸ-ի կողմից Որոտան գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու հարցը:
Որոտան գետը մեկն է այն 25 գետերից, որոնց վրա արգելվում է փոքր ՀԷԿ կառուցել՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ին ընդունած «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշման: Որոշումը պայմանավորված է ՀՀ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով:
Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն չի ներկայացրել ջրօգտագործման թույլտվության տրամադրման և այլ հայտերի վերաբերյալ դիմումներ, այլ աջակցության խնդրանքով դիմել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանին:
Ներկայացնում ենք այն նամակները, որոնք հիմք են դարձել աշխատանքային քննարկում կազմակերպելու համար.
1. «Զանգեզուր ԷՑՇ» ՍՊԸ-ի նամակը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ խնդրելով օգնել ընկերությանը լուծելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կապված հողհատկացման և հողի կարգավիճակի փոփոխության հետ կապված խնդիրը, ինչպես նաև օգնել ստանալու ջրօգտագործման թույլտվություն և բնապահպանական փորձաքննական եզրակացություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
2. «Զանգեզուր ԷՑՇ» ՍՊԸ-ի բիզնես ծրագիրը փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ:
3. ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի նամակը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ նախարարության և ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկում կազմակերպելու խնդրանքով՝ հաշվի առնելով սահմանամերձ Որոտան գյուղի հետպատերազմական և սոցիալական իրավիճակն ու ընկերության ներդրումային առաջարկը, և դիտարկելու խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետները պատրաստել են տեղեկանք Որոտան գետի ջրային ռեսուրսների բաշխման վերաբերյալ՝ ներառելով դրանում հիմնական ջրօգտագործողների շահերի բախման նկարագրությունը, կարգավորումները և օրենսդրության հղումները:
Քննարկման մասնակից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շահագրգիռ կողմերին ներկայացրեց հավաքագրված տեղեկատվությունը, որում նշված է.
««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2014-2018թթ. իրականացրել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերը ՄԱԶԾ ԳԷՀ ֆինանսական աջակցությամբ: Ծրագրերի Հանրային խորհրդում և փորձագիտական խմբում ընդգրկված են եղել ինչպես նախարարությունների, այդպես էլ ՀՀ ԱԺ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ և փորձագետներ, ովքեր մեծ ներդրում են ունեցել Ծրագրի շրջանակներում ՓՀԷԿ-երի ազդեցությունը կրող 70 գետերի էկոհամակարգերի ուսումնասիրման և 125 փոքր ՀԷԿ-երի տեխնիկական բնութագրերի նկարագրման, համայնքների վրա սոցիալական ազդեցության գնահատման գործում:
Ներկայացնում ենք նաև տվյալներ, որոնք արտացոլված են «Քննարկումներ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո ազգային մակարդակով սահմանված ներդրումների/գործողությունների իրականացմանը» հաշվետվության մեջ, ինչպես նաև «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական և բնապահպանական վիճակի գնահատում» հաշվետվության մեջ, որը մշակվել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում (Ծրագիրն իրականացվել է«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ):
Հիդրոէներգետիկայի մասնաբաժինը նվազում է էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունում
Համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ 2019 թվականին ՓՀԷԿ-երի (189 փոքր ՀԷԿ) մասնաբաժինը ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի մեջ կազմել է 12,52%, 2020թ.՝ 10,77%, 2021թ. 10,48%: 2022թ. արդյունքները դեռ ամփոփված չեն:
Որոտան գետի ջրային ռեսուրսների մասին
Հիդրոէներգետիկա. Ջրօգտագործողների շահերի բախում
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ԷկոԼուրին ուղղված պատասխան գրություն 30․09․2021թ. N8/07/.2/12233) «Հիդրոօդերևութաբանության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սպանդարյանի, Տաթևի, Տոլորսի, Շամբի, Անգեղակոթի ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ տվյալները չի հրապարակում, քանի որ վերոնշյալ ջրամբարներում հիդրոլոգիական ռեժիմի դիտարկումներ կառույցի կողմից չի իրականացվում։ Ըստ գրության՝ նախարարությունը նշված ջրամբարներից էներգետիկ նպատակներով ջրառի իրավունք է տրամադրել «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ին և ոռոգման նպատակով՝ «Սյունիք» ՋՕԸ-ին։
Մասնավորապես «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն ներկա դրությամբ, մինչև 2040 թվականը տիրապետում է տարեկան 1385205,7 հազ․մ3 ծավալով ջրօգտագործման հետևյալ 3 թույլտվությանը՝
1. ՋԹ 0281 (02․08․2021թ․)՝ «Տաթև» ՀԷԿ-ի շահագործման համար Շամբ ջրամբարից (Որոտան գետ) տրված է 584603,7 հազ․ խմ տարեկան (18538լ/վրկ) ջրառ
2. ՋԹ 0282 (02․08․2021թ)՝ «Շամբ» ՀԷԿ-ի շահագործման համար՝ Տոլորսի ջրամբարից (Որոտան և Սիսիան գետեր) 502402 հազ․ խմ տարեկան (15931լ/վրկ) ջրառ։
3. ՋԹ 0283 (02․08․2021թ․)՝ «Սպանդարյան» ՀԷԿ-ի շահագործման համար՝ Սպանդարյանի ջրամբարից (Որոտան գետ) 298200 հազ․ խմ տարեկան (9456լ/վրկ) ջրառ։
Ըստ նույն գրության՝ ոռոգման նպատակով «Սյունիք» ՋՕԸ-ին տրվել է տարեկան 22014,937 հազ․խմ ծավալով 8 հատ հետևյալ ջրօգտագործման թույլտվությունները՝
1. ՋԹ 000235 (14․10․2018թ․), Շինուհայր համայնքի վարելահողերի ոռոգման նպատակով, «Տաթև» ՀԷԿ-ի թունելախորշից տարեկան 203 հազ․ խմ (16 լ/վրկ) ջրառ
2. ՋԹ 000237 (14․10․2018թ․), Խոտ գյուղի վարելահողերի ոռոգման նպատակով, «Տաթև» ՀԷԿ-ի օրվա կարգավորիչ ջրամբարից՝ 5090 հազ․ խմ (327 լ/վրկ) ջրառ
3. ՋԹ 0195 (24․10․2021թ․), Բռնակոթ գյուղի վարելահոսերի ոռոգման նպատակով, Անգեղակոթ-Աշոտավան թունելից՝ 297 հազ․ խմ (76,4 լ/վրկ) ջրառ
4. ՋԹ 0196 (24․15․2021թ․), Ծղուկ /7 հա/,Շաքի /594 հա/,Անգեղակոթ /688 հա/, Իշխանասար /33 հա/,Սպանդարյան /262 հա/,Սառնակունք /457 հա/ տարածքների ոռոգման նպատակով, Սպանդարյանի ջրանցքով՝ Մուխութուրյան գետից 6211,35 հազ․ մ3(600 լ/վրկ) և Ջրալրում-Սպանդարյան ջրանցքին՝ Դալի Չայ գետից 2317,5 հազ․ խմ (244 լ/վրկ) ջրառ
5. ՋԹ 0198 (24․05․2021թ․), Որոտան գյուղի 56 հա, Դարբաս գյուղի 2291 հա Գետաթաղ գյուղի 35 հա, տարածքի ոռոգման համար՝ Տոլորսի ջրամբարից «Շամբ» ՀԷԿ-ին տրվող թունելից՝ 138,687 հազ․ խմ (17,4 լ/վրկ) ջրառ
6. ՋԹ 0201 (24․05․2021թ․), Տոլորս համայնքի ոռոգման համար, Այրի գետ, Տոլորսի ջրագծի գլխամաս՝ 250,3 հազ․ խմ (19 լ/վրկ) ջրառ
7. ՋԹ 0205 (24․05․2021թ․), Ույծ /83 հա/ և Սիսիան /10հա/ համայնքների ոռոգման նպատակով, Տոլորսի ջրամբար Տնկարանի ջրանցք՝ 665 հազ․ խմ (51 լ/վրկ) ջրառ
8. ՋԹ 0208 (24․05․2021թ․), Ախլաթյան /432 հա/,Տորունիք /28 հա/ և Տոլորս /364 հա/ վարելահողերի ոռոգման նպատակով, Այրի Ախլաթյան-Տոլորս-Տորունիկ ջրագիծից՝ 5891,6 հազ․ խմ (455 լ/վրկ) ջրառ։
Այսինքն, ստացվում է, որ այդ ջրամբարներից էներգետիկ նպատակներով ջրառի ծավալները մոտ 63 անգամ գերազանցում են ոռոգման նպատակով տրված ջրառի ծավալներին։ Որոտանի ջրավազանի ջրերի օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալը կազմում է 618,9 մլն․ խմ, էկոլոգիական թողքը՝ 207,2 մլն․ խմ, որի մեջ հիդրոէներգետիկան կազմում է 95,87%, ոռոգումը՝ 1,65%։
Բացի Որոտան հիդրոկասկադից և «Սյունիք» ՋՕԸ-ից Որոտան գետից ջրառ են իրականացնում նաև փոքր ՀԷԿ-երը: Որոտան գետի վրա կառուցված են «Որոտնա ՀԷԿ», «Շինուհայր», «Ապրես», «Որոտան-7», «Իշխանասար», «Մանե» ՓՀԷԿ-երը: Իսկ հաշվի առնելով վտակները՝ Որոտանի ջրհավաք ավազանից ջրառ են իրականացնում նաև «Վ.Ա.Լ.», «Բենզար էներջի», «Զոր-Զոր ՀԷԿ-1», «ԶՈՐ-ԶՈՐ-2», «Քարահունջ», «ՍԵԿԱ» ՓՀԷԿ-երը:
Նշենք, որ ըստ Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանի, նախատեսվում է մինչև 2040 թվականը հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործվող ջրի կրճատման հաշվին բարձրացնել ոռոգման նպատակով օգտագործվող ջրի մասնաբաժինը։ Այդ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նշվում է այդ նպատակին հասնելու համար պահանջվող մի շարք միջոցառուների իրականացում։ Մասնավորապես՝
1. ՓՀԷԿ-երի ՋԹ-ներով սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում՝ ներառյալ ջրառի ծավալը և ռեժիմը, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին
2. Ջրօգտագործման թույլտվությունների պայմանների իրականացման հսկողության և վերահսկողության մեխանիզմների հզորացում՝ ներառյալ ջրասակավ սեզոններին ջրօգտագործողների միջև ջրի բաշխման մեխանիզմների սահմանումը և ջրօգտագործման օպտիմալացումը
3. Ինքնամոնիթորինգի իրականացման մեխանիզմների մշակում, ընդունում և կիրարկում՝ ջրօգտագործողների հաշվետվողականության բարելավման և ջրօգտագործման, ջրահեռացման և ջրային ռեսուրսների աղտոտման փաստացի տվյալների համալրման նպատակով
4. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ներառում մարզային զարգացման ծրագրերում
5. «ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները՝ հատուկ պահպանվող տարածքները, անտառային տարածքները, սողանքային գոտիները, ջրաբանական խոցելի տարածքները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունում։
Այսպիսով, Որոտան գետի ջրհավաք ավազանում առկա է ջրային ռեսուրսների բաշխման խնդիր և ջրօգտագործողների միջև շահերի բախում: Մասնավորապես, ոռոգման ջրի խնդրի կարգավորման համար նախատեսվել է հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործվող ջրի կրճատում, ինչը մինչ այժմ չի արվել: Սրան գումարվել են կլիմայական ռիսկերը՝ տեղումների նվազում, սակավաջրություն, ինչն անմիջական ազդեցություն ունի հիդրոէներգետիկ օբյեկտների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության վրա:
Կարգավորող օրենսդրություն
2019 թվականի հունիսի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում 30.1-ին հոդվածը լրացվել է 2-4-րդ մասերով.
«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝
1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝
ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր
բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է
գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը.
2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝
ա. Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում
բ. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում
գ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում
դ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում
ե. գետերի հոսքի ձևավորման տարածքներում
զ. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,
է. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Կառավարությունը»:
Այսպիսով, 2021 թվականի ապրիլի 8-ին ընդունված ՀՀ կառավարության «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը պայմանավորված է օրենքի պահանջով:
Որոտան բնակավայրը, որտեղ «Զանգեզուր ԷՑՇ» ՍՊԸ-ն մտադիր է 3 Մվտ հզորությամբ փոքր ՀԷԿ կառուցել, գտնվում է Գորիս խոշորացված համայնքի կազմում: Այն կառուցվել է 1960-ական թվականներին՝ Տաթևի ՀԷԿ-ի կառուցման ընթացքում՝ որպես կից ավան:
Որոտան գետում հանդիպում են՝ կարմրախայտը Salmo trutta fario, արևելյան տառեխիկը Alburnoides eichwaldii, Կուրի բեղաձուկը Barbus cyri, մուրծին Luciobarbus mursa, Սևանի կողակը Capoeta sevangi /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, Կուրի սպիտակաձուկը Alburnus filippii, կովկասյան թեփուղը Squalius orientalis, արծաթափայլ կարասը Carassius gibelio: Ձկնային տնտեսություններից այստեղ պարբերաբար հայտնվում է ծիածանախայտը Parasalmo mykiss»:
Փետրվար 09, 2023 at 15:08