Թալին խոշորացված համայնքի բնակիչներն ակնկալում են սոցիալական աջակցություն «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագրից

Թալին խոշորացված համայնքի բնակիչներն ակնկալում են սոցիալական աջակցություն «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագրից

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի բնակիչները կողմ արտահայտվեցին «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ: Արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ չորրորդ հանրային լսումները տեղի ունեցան 2023թ. ապրիլի 12-ին Թալին քաղաքում և Դաշտադեմ բնակավայրում:

200 մՎտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանը կկառուցվի Թալինի և Դաշտադեմի վարչական տարածքներում և կզբաղեցնի 547.31 հա հողատարածք: Ավագանու որոշմամբ հողամասերը նվիրաբերվել են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի, որն ունի 15% բաժնեմասնակցություն կայանի կառուցման ծրագիրն իրականացնող «Մասդար Արմենիա» ընկերությունում: Բաժնետոմսերի 85%-ը պատկանում են Աբու Դաբիի «Մասդար» ընկերությանը: Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:

Երկու հանդիպումներին «Մասդար» ընկերության ներկայացուցիչ Կառլոս Պոնտեն և ՇՄԱԳ հաշվետվությունը պատրաստած «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նշեցին, թե ծրագրի շրջանակներում «Մասդար» ընկերությունից համայնքին կհատկացվի 320 միլիոն դրամ: Եվս 700 միլիոն դրամ կտրամադրի ՀՀ կառավարությունը: Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը նշեց. «Թալին խոշորացված համայնքն ունենալու է մեկ միլիարդ դրամ գումար, որը սուբվենցիոն ծրագրով սարքելու ենք երկու միլիարդ: Առաջնահերթությունը լինելու է Թալին քաղաքին՝ 60% և ավելի գումարի չափով, մնացած մասը լինելու է գյուղերում»:

Մինչդեռ Դաշտադեմի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանն էլ Դաշտադեմում անցկացված հանրային լսումների ժամանակ նշեց. «Գյուղի հողերը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին տրամադրել են նախապայմանով: Նախապայմանն այն է, որ 320 միլիոն դրամից 220 միլիոն 800 հազարը Դաշտադեմինն է»:

Ըստ վարչական ղեկավարի՝ մյուս նախապայմաններն են, որ աշխատուժը հիմնականում ներգրավվի Դաշտադեմից, և դեպի արևային կայանի տարածք կառուցվող ճանապարհներից առնվազն մեկը պետք է անցնի իրենց գյուղի տարածքով: «Մեր կողմից ներկայացված ճանապարհի կառուցումը խթան կհանդիսանա գյուղի զարգացման համար»,- ընդգծեց Արկադի Մարտիրոսյանը: Ընկերության ներկայացուցիչն արձագանքեց, որ ճանապարհի վերաբերյալ իրենց տարբերակը ներառել են նախագծում: 

Կառլոս Պոնտեն նաև խոստացել է, որ տարբեր սոցիալական ծրագրերով կփոխհատուցվեն այն վնասները, որոնք կպատճառվեն կայանի կառուցման հետևանքով:

Ազդակիր չորս՝ Թալին, Դաշտադեմ, Աշնակ ու Կաթնաղբյուր բնակավայրերում ընդհանուր 541 տնային տնտեսություն է անասնապահությամբ զբաղվում, և կայանի տարածքը հիմնականում օգտագործվել է անասնապահության համար: Ընկերության հաշվարկով՝ Թալին քաղաքում ընդհանուր արոտավայրերի կորուստը ծրագրի իրականացման արդյունքում կկազմի 6%, Դաշտադեմում՝ 17%:

«Հաշվարկը հինգ տարվա համար է, վճարումը լինելու է մեկ անգամ: Հողի արտադրողականությունը հաշվարկել են վեց միլիոն, հինգ տարվա համար կկազմի 30 միլիոն դրամ»,- նշեց Կառլոս Պոնտեն:

Կայանի շահագործման ավարտից հետո օգտագործված հողատարածքի հետագա ճակատագրի վերաբերյալ Թալինի մի բնակիչ հարցրեց. «Քսան տարի հետո հողատարածքը պետք է վերադարձվի համայնքին: Ի՞նչ կարգավիճակով է այն վերադարձվելու, որպես արոտավայր, թե՞ արտադրական գերեզմանոց»: Կառլոս Պոնտեն արձագանքեց. «Ամբողջությամբ ապամոնտաժվելու են բոլոր կոնստրուկցիաները: Տարածքը վերականգնվելու է: Հենարանները, կանգնակները հանվելու են, փոսերը վերալիցքավորվելու են, բերվեն նախնական տեսքին: Կայանի կառուցման տեխնոլոգիան այնպես է, որ հարթեցում տեղի չի ունենալու, բնական ռելիեֆն առավելագույնս նույն կերպ օգտագործվելու է»: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հարց տվեց էլեկտրոնային թափոնների վերաբերյալ.«Էլեկտրոնային թափոնների հարցը ոչ մի հայտում նկարագրված չէ: Մեր պետությունը չունի էլեկտրոնային թափոնների կառավարման նորմատիվային բազա: Բայց սա շատ կարևոր հարց է: Վահանակները շարքից դուրս են գալիս տարբեր պատճառներով, ոչ միայն 15 տարի հետո: Որքա՞ն տարեկան հնարավոր ծավալ կունենան այդ թափոնները, որտե՞ղ պետք է պահվեն, արդյո՞ք լրացուցիչ տարածք պետք է տրամադրվի թափոնների պահման համար, դրանց օգտահանման ֆինանսական բեռն ո՞ւմ վրա է ընկնում: Այս հարցերը պետք է արտացոլվեն ՇՄԱԳ-ում»: 

«Ի Էյ Էներջի Ըդվայզորի» ընկերության ներկայացուցիչը նշեց. «Այս պահին չունենք օրենքով պահանջված պայմաններ, ըստ որի գործունեություն իրականացնենք: Երբ մենք հասնենք թափոնների ուտիլիզիացիայի փուլին, կառաջնորդվենք ՀՀ օրենսդրական պահանջների համաձայն»:

Դաշտադեմի վարչական ղեկավարն ընդգծեց, որ թափոնները պետք է կուտակվեն կայանի արդեն իսկ ունեցած տարածքում:

Կառլոս Պոնտեն նշեց, որ ընկերությունը պարտավորված է ծրագրի ավարտից հետո լուծել թափոնների հարցը: «Վահանակները տոքսիկ չեն, եթե շինարարության ընթացքում վնասվեն, թունավոր չեն աշխատողների համար: Մենք դրանք կպահեստավորենք կայանի տարածքում մինչ ծրագրի ավարտը: Երբ ունենանք մեծ քանակություն, նոր կվերամշակենք»,- նշեց նա:

Ընկերությունը նախատեսում է մայիսին ևս մեկ հանդիպում կազմակերպել բնակիչների հետ լրացուցիչ հարցերը քննարկելու նպատակով:

Ապրիլ 19, 2023 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր