

Հայտնի զբոսաշրջային և առողջարանային քաղաք Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա՝ Հաղարծին գյուղի տարածքում, գտնվում է Հաղարծինի վանական համալիրը՝ կառուցված դեռևս 10-13-րդ դարերում։ Գյուղը շրջապատված է անտառներով, իսկ վանքի երկու կողմով հոսում են Հաղարծին և Մեծ Աղբյուր գետակները։
Զբոսաշրջիկների հոսքը Հաղարծինի վանական համալիր մշտական է։
«Առաջին անգամ ենք Հայաստանում։ Այստեղ բնությունը, լանդշաֆտը, լեռները, մաքուր օդը, հնությունը, պատմությունը հրաշալի են։ Վանքում կա էներգետիկա, որը բառերով չես բացատրի, պետք է յուրաքանչյուրը զգա», - ասում են Դենիսն ու Քսենիան, ովքեր Հայաստան են եկել Ռուսաստանից։
«Շատ հաճույքով եմ գալիս այստեղ։ Ամենակարևորն ինձ համար բնությունն է, այն շատ գեղեցիկ է, և այստեղ ես վայելում եմ մեր երկիրը», - նշում է Զարուհի Մանաշյանը՝ ԱՄՆ-ից։
Զբոսաշրջությունն ապահովում է գյուղի զարգացումը և բնակիչների եկամուտները։ Նրանք վաճառում են իրենց գյուղատնտեսական արտադրանքը։
Մեղվաբույծը, ով ավելի քան 20 տարի մեղվապահությամբ է զբաղվում, նշում է․ «Մեր մեղրը յուրահատուկ է, մեր բույսերից է։ Սակայն վերջին տարիներին եղանակային փոփոխությունները զգալի են և բացասական են ազդում մեղվաբուծության վրա։ Կլիմայի փոփոխության հետևանք է․ տեղումների քանակը պակասել է, լինում է շատ ուժեղ երաշտ»։
Զբոսաշրջային այս գյուղի տարածքում է գտնվում խոշորացված Դիլիջան համայնքի աղբավայրը։
Այստեղ տեղափոխվում է Դիլիջան, Հաղարծին, Խաչարձան, Թեղուտ, Աղավնավանք, Գոշ, Հովք բնակավայրերի աղբը, տարեկան կուտակվում է 17733 խմ կենցաղային թափոն։ Այն զբաղեցնում է 32․77 հեկտար տարածք։ Աղբավայրը չունի պարիսպ, չունի պահակակետ: Աղբավայրում առկա են բազմաթիվ այրման օջախներ։
Կենցաղային աղբով, արտադրական և կենցաղային հոսքաջրերով աղտոտվում է նաև Աղստև գետը, որի հոսքը նվազել է սակավաջրության հետևանքով։
Աղբահանության հարցերով զբաղվում է «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում և լուսավորություն» ՀՈԱԿ-ը: ՏԻՄ-ը, «Թափոնների մասին» ՀՀ օրենքով, պատասխանատու է աղբահանության համար, սակայն պատասխանատու չէ իր վարչական տարածքում գտնվող աղբավայրի շահագործման համար:
ԷկոԼուրի փորձագետները մշակել են «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» մոդուլը։
Կոշտ կենցաղային թափոնների խնդրի լուծման համար մոդուլում մշակվել են առաջարկություններ։ Մասնավորապես, անհրաժեշտ է համայնքում ստեղծել նոր՝ օրինական և կառավարելի աղբավայր, իսկ գործող աղբավայրը՝ ռեկուլտիվացնել, մշակել աղբավայրի կառավարման միջոցառումների պլան, որով նախատեսված կլինի նաև ջերմոցային գազերի արտանետումների հաշվարկը, կիրականացվի թափոնների տեսակավորում և վերամշակում։ Այստեղ անհրաժեշտ է վերականգնել հոսքաջրերի մաքրման կայանը՝ բացառելու Աղստև գետի աղտոտումը։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 49 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության է արժանացել Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգը, համաձայն որի նախատեսվում է Լոռու և Տավուշի մարզի Դիլիջան համայնքի համար ստեղծել Եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր։
Դեկտեմբեր 25, 2023 at 16:36