2023 թվականը ռեկորդային ամենատաք տարին է

2023 թվականը ռեկորդային ամենատաք տարին է

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է, որ 2023թ-ը եղել է ռեկորդային ամենաշոգ տարին: Միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը գրեթե 1․5 աստիճան Ցելսիուսով գերազանցել է մինչինդուստրիալ մակարդակը: Հիշեցնենք, որ Փարիզյան կլիմայական համաձայնագիրը նպատակ ունի սահմանափակել ջերմաստիճանի երկարաժամկետ բարձրացումը հենց մինչև 1․5 աստիճան:

Յուրաքանչյուր ամիս՝ 2023 թ-ի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ջերմաստիճանի նոր ռեկորդներ է սահմանվել, իսկ հուլիսն ու օգոստոսը եղել են դիտարկումների պատմության մեջ երկու ամենաշոգ ամիսները:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստա Սաուլոն նշել է՝ 2024 թ-ը կարող է ավելի շոգ լինել, քան 2023 թ-ը։ «Կլիմայի փոփոխությունը մարդկության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն է: Այն ազդում է բոլորիս, հատկապես ամենախոցելիների վրա։ Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ սպասել: Մենք պետք է արմատապես կրճատենք ջերմոցային գազերի արտանետումները և արագացնենք անցումն էներգիայի վերականգնվող աղբյուրներին», - ասել է Սելեստա Սաուլոն։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը նաև նշում է, որ 1980-ականներից յուրաքանչյուր տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը: 2014-2023 թթ-ի 10 տարվա միջին ցուցանիշը 1․2 աստիճանով բարձր է եղել 1850-1900 թթ-ի միջին ցուցանիշից:

2023 թվականին ծայրահեղ շոգը բացասաբար է ազդել մոլորակի բնակչության առողջության վրա, հանգեցրել է ավերիչ անտառային հրդեհների։ Անցնող տարին նշանավորվել է նաև ինտենսիվ անձրևներով, ջրհեղեղներով և ուժեղ արևադարձային ցիկլոններով:

Հունվար 23, 2024 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր