

Սույն թվականի հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը։
Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման նպատակն է ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայով» և Փարիզյան համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը և ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվության ներկայացումը ՄԱԿ-ի քարտուղարություն։
Գործադիրի հաստատած կարգի դրույթները տարածվում են ՀՀ ամբողջ տարածքում ջերմոցային գազերի մարդածին արտանետումների և կլանումների վրա և չեն ընդգրկում այն ջերմոցային գազերը, որոնք կարգավորվում են 1987 թվականի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ, բացառությամբ Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ կարգավորվող գազերի։
ՋԳ գույքագրումը պետք է իրականացնի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Այս կառույցը վեցամսյա ժամկետում պետք է ապահովի ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարանի գործարկումը։ Գույքագրումն իրականացվելու է էներգետիկայի, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և այլ հողօգտագործման, թափոնների, նաև արդյունաբերական պրոցեսների և արտադրանքի օգտագործման ոլորտներում ։
Ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է արտանետումների մասին տեղեկատվություն տրամադրի տարին մեկ անգամ, մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը: Տեղեկատվությունը տրամադրվում է յուրաքանչյուր արտանետման աղբյուրի համար: Իսկ պատասխանատու ոլորտային մարմինները պետք է արտանետումների մասին տեղեկատվություն տրամադրեն տարին մեկ անգամ՝ մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:
Կստեղծվի գույքագրման ազգային համակարգ, որը գործելու է ըստ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի 2006 թվականի ջերմոցային գազերի արտանետումների ազգային գույքագրման ուղեցույցի և ՄԱԿ «Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի» կողմից համաձայնեցված հետագա թարմացումների վերաբերյալ ուղեցույցների։
Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարանի տեղեկատվությունը հրապարակային է և տրամադրվում է անվճար։
Հունվար 11, 2024 at 16:43