Վայոց ձորի մարզում 320 աղբյուր է ցամաքել

Վայոց ձորի մարզում 320 աղբյուր է ցամաքել

Վայոց ձորի մարզում վերջին տարիներին 320 աղբյուր է ցամաքել, 2021թ. շուրջ 1700 հեկտար հողից անգամ 1 կգ բերք չի քաղվել երաշտի պատճառով: Այս մասին Եղեգնաձոր խոշորացված համայնքի ակտիվ բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Գեղամ Մարգարյանը:

Հանդիպումը կազմակերպվել էր «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում: ԷկոԼուրն այս ծրագրի շրջանակներում ստեղծելու է հանրային լրագրողների ցանց, որպեսզի լրագրողները զբաղվեն մարզային խնդիրների լուսաբանմամբ։

Ըստ Գեղամ Մարգարյանի՝ Եղեգնաձորի գյուղերի ամենախոցելի կողմը ջրի պակասությունն է. 800 հեկտար հող անմշակ է: «280 հեկտարը Վերնաշենում է, 120-ը՝ Գլաձորում, 400-ը՝ Մալիշկայում: Այս հողը մնացել է անմշակ միայն ջրի պատճառով: Կլիմայի փոփոխություն է տեղի ունենում: Այսօր Վայոց ձորի մարզում 0,4 աստիճան ցելսիուսով ջերմաստիճանն ավելի է նախորդ տարիների համեմատությամբ: 320 աղբյուր ցամաքել է... Ջուր չի գալիս այն աղբյուրներից, որոնցից հազար տարի մարդիկ ջուր են խմել: Դա կլիմայի փոփոխության ազդեցությունն է: Ձմռանը ձյուն չի գալիս: Այս ամբողջ խնդիրը բնության հետ մարդու վատ վերաբերմունքի հետևանքով է: Իմ մանկության տարիներին ձյուն էր գալիս, դպրոց չէինք կարողանում գնալ, եթե մեքենա չլիներ, ինչպես գնայինք, 80 սմ նստում էր»,- ասաց նա:

Գեղամ Մարգարյանի խոսքով՝ կլիմայի փոփոխությունն ազդել է նաև պտղատու ծառերի վրա: «Ծիրան չի աճում, վեց տարին մեկ է լինում, այն էլ՝ անորակ: Նախկինում ծիրանի պտուղը հավի ձվի չափ էր, ընկույզը՝ ձյան նման սպիտակ, հիմա դեղին է, ժանգոտ: Մենք չենք դառնում արևադարձային, մենք դառնում ենք անապատային երկիր: Այստեղ կթու կով չի լինելու, ոչխար չի լինելու, բանջարանոցային կուլտուրաներ չեն լինելու, ահա թե ուր ենք գնում», - նշեց նա:

Գեղամ Մարգարյանը նշեց, որ 2021թ. ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել էր Վայոց ձորի մարզում 6 ջրամբար կառուցել՝ Ելփինի, Խնձորուտի, Խաչիկի, Զիրակի, Վերնաշենի և Գետիկվանքի: Սակայն կլիմայի փոփոխության հետևանքով դրանցից երկուսն արդեն չեն կարող կառուցվել. բավարար ջուր չկա:

«Կլիմայի փոփոխության պատճառով ջրամբար չի կառուցվելու Խաչիկում: 60 լ/վրկ ջուրը հիմա դարձել է 15 լ/վրկ, և դա չի բավարարում ջրամբար կառուցելու համար: Խնձորուտում էլ չի լինի: 2023թ. ապրիլին ջրի չափումներ կատարվեցին: 15-20 լ/վրկ ջուր էր: Ներկայում նախագծման փուլում է Վերնաշենինը, որը կառուցվելու է Վերնաշեն, Գլաձոր և Մալիշկա գյուղերի անջրդի հողերը ոռոգելու համար»,- ասաց նա:

Ըստ Գեղամ Մարգարյանի՝ Վերնաշենի ջրամբարի ջուրը նույնպես պակասել է՝ 60 լ/վրկ-ից իջել է 40 լ/վրկ-ի: «Ղազմայի հետևի ձորում ևս մի 40 լ/վրկ ջուր կա, դա էլ ենք ուզում միացնել մեր եղած ջրին: Մեր ջրամբարը նախատեսված է 3,2 միլիոն խմ ջրի համար: Միջինում մեկ մշակաբույսի համար 4000 լ ջուր է պետք, որպեսզի ընդհանուր հողը մշակվի»,- նշեց նա:

Վերնաշենի բնակիչները նույնպես բարձրաձայնեցին ջրի խնդրի մասին: Վերնաշենցի գյուղատնտես Անդրեաս Մուրադյանը ԷկոԼուրին պատմեց, որ իրենց այգիները ոռոգելու համար առուներ չկան:

«Ներքին ցանց գոյություն չունի, ամբողջ թողամասը մեկ առվից է օգտվում: Ջուրը կապում ես, կեսը թափվում ա, իր նպատակին չի հասնում, 5 լ կապես, տեղ կհասնի կես լիտր ջուր: Խաղողի այգի ունեմ 2200 մ, չենք կարողանում վաճառել, կարտոֆիլի հետ ենք փոխանակում, մնացածը տան համար է մնում: Ինչքան էլ տանջվես, այս հողը տարեկան շատ-շատ 2 տոննա խաղող տա, սա է մեր եկամուտը: Մի կերպ յոլա ենք գնում»,- ասաց նա:

Ըստ բնակչի՝ մթերքի իրացման խնդիրներից մեկն էլ ճանապարհների անմխիթար վիճակն է. «Այգեգործությամբ զբաղվողները ճանապարհ չունեն դեպի այգիներ»: Այս բոլոր խնդիրներին գումարվում է նաև վայրի կենդանիների հասցրած վնասը: «Արջերը սարերից իջնում են, խաղողի այգիներն ավիրում են, ուտում են, գնում: Գյուղի մեջ էլ են մտնում, գյուղից շատերի մեղուներն են ջարդել»: 

Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակից Մարո Կարապետյանը նշեց, որ կլիմայի փոփոխության պատճառով փոխվել է նաև գյուղացու առօրյան: «Ամսով ձյուն կարող է չգալ, անձրևները քիչ են: Ոռոգման ջրի պակասի պատճառով գյուղացիներն իրենց հողերը չեն մշակում: Մեզ մոտ Քեհան կոչվող հանդամաս կա, բոլորին հող էր տրվել սեփականաշնորհման ժամանակ: Երբ դպրոցական էի, մեր ծնողները մշակում էին, հիմա եթե գնանք, ամայություն է, չոր, այնտեղ խաղողի, խնձորի այգիներ էին բաժանել, բայց ջուր չլինելու պատճառով չորացել է ամենը»,- ասաց նա: 

Նրա խոսքով՝ չորային կլիմայի պատճառով 2023թ. խաղողի որակը վատ էր, չեն կարողացել գինու մթերման համար հանձնել, իսկ չվաճառված խաղողից օղի մթերում են, բայց դա էլ չեն կարողանում իրացնել:

Ըստ Մարո Կարապետյանի՝ գյուղատնտեսությամբ չզբաղվելն ազդել է բնակիչների եկամուտների վրա, և ներկայում առաջնային է աշխատատեղերի ստեղծումը: 

Հունվար 11, 2024 at 11:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր