Վերջին 7 ամիսների ընթացքում Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է օդի ջերմաստիճանի նորմայից շեղումով

Վերջին 7 ամիսների ընթացքում Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է օդի ջերմաստիճանի նորմայից շեղումով

2023թ․ հոկտեմբերից 2024թ․ ապրիլ ամիսն օդի ջերմաստիճանի նորմայից շեղումով Հայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաք երկիրը Բոսնիա և Հերցեգովինայից հետո։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հղում անելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Copernicus-ի կլիմայի փոփոխության ծառայության տվյալներին։

Ամենատաք երկրների տասնյակում Հայաստանից հետո Մոլդովան է, այնուհետև՝ Սերբիան, Ռումինիան, Խորվաթիան, Թուրքիան, Բուլղարիան, Ուկրաինան և Կանադան։

Նշենք, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը 1935-2023թթ․ ընթացքում բարձրացել է 1․6 աստիճանով, ապա աշխարհում բարձրացել է 1 աստիճանով։ Լևոն Ազիզյանը վերջերս հայտնել էր, որ Հայաստանում օդի ջերմաստիճանի աճի միտումները զգալիորեն ինտենսիվացել են՝ սկսած 2000-ական թթ․-ից։ Յուրաքանչյուր 10 տարում օդի միջին ջերմաստիճանը բարձրանում է 0․6 աստիճանով։ Սկսած 1994 թ․-ից՝ ՀՀ-ում օդի տարեկան միջին ջերմաստիճանները, բացառությամբ 2011թ․-ի, միշտ նորմայից բարձր են եղել։ Ամենատաք տարին դիտվել է 2010թ․-ին։ Ամենատաք տարիները վերջին 14 տարվա ընթացքում 2010, 2018, 2021, 2023 թվականներն են։

Մայիս 10, 2024 at 16:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր