Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է

Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ 

Տարեցտարի ավելի է սրվում կլիմայի փոփոխությունը։ ՄԱԿ-ն ահազանգում է, որ կլիմայական ճգնաժամը մեր սերնդի ամենամեծ մարտահրավերն է։ 2023 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը 1․45 աստիճան Ցելսիուսով բարձր է եղել նախաարդյունաբերական մակարդակից։ Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Copernicus-ի կլիմայի փոփոխության ծառայության տվյալների՝ Հայաստանը 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի ապրիլն օդի ջերմաստիճանի նորմայից շեղումով աշխարհում եղել է երկրորդ ամենատաք երկիրը։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով ստորագրվել են միջազգային փաստաթղթեր։ Գլխավոր փաստաթուղթը ստորագրվել է 2015 թվականին՝ Փարիզում, երբ աշխարհի առաջնորդներն ընդունեցին համաձայնագիր, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի: Հայաստանը միացել է համաձայնագրին և մշակել իր «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթուղթը, որով պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:

Մայիսի 15-ին աշխարհում նշվում է նաև Ընտանիքի միջազգային օրը, որի այս տարվա օրվա կարգախոսն է «Ընտանեկան բարեկեցություն և կլիմայի փոփոխություն»: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ կլիմայի փոփոխությունը բացասաբար է ազդում ընտանիքների առողջության և բարեկեցության վրա՝ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով: Ծայրահեղ եղանակային երևույթները, որոնք սրվում են կլիմայի փոփոխությամբ, ինչպիսիք են փոթորիկները, երաշտները և ջրհեղեղները, հաճախ պատճառ են դառնում ընտանիքների տեղահանման: Նման բնական աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ զրկելով մարդկանց ջրից օգտվելու հնարավորությունից, մեծացնում սովը բնակչության խոցելի խմբերի շրջանում։ 

2024 թվականի Ընտանիքների միջազգային օրը նպատակ ունի բարձրացնելու իրազեկությունն այն մասին, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում ընտանիքների վրա և ընտանիքների դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Ընտանեկան և հասարակական նախաձեռնությունների միջոցով հնարավոր է խթանել կլիմայի պաշտպանության գործողությունները կրթության, տեղեկատվության հասանելիության, վերապատրաստման և համայնքի ներգրավվածության միջոցով:

Մայիս 15, 2024 at 19:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր