Դսեղում ենք։ Թեյնիկը եռում է, անուշաբույր նանայի հոտը տարածվում է սենյակում, Մանիկ Եգանյանն իր ձեռքերով հավաքած թեյի թուրմը լցնում է բաժակի մեջ։
Արդեն 30 տարի նա զբաղվում է թեյաբույսերի ու դեղաբույսերի հավաքչությամբ։ «Միշտ թեյերը նվիրում էի, ասում՝ խմեք, որ առողջ լինեք։ Ցանկանում ենք մարտահրավեր նետել սուրճ սիրողներին։ Մեր թեյերը բնական են և կարող են մարդու օրգանիզմը լավ վիճակի բերել, օգնել ապրել առողջ։ Լոռվա բնաշխարհը շատ հարուստ է։ Որ բույսը չենք ճանաչում, մի փունջ հավաքում, բերում ենք, դեղաբույսերի գրքում գտնում, տեսնում, որ այն նույնպես օգտակար է։ Ոտքի տակի ամեն բույս, ամեն ծաղիկ մեր առողջության համար կարևոր է», - նշում է Մանիկ Եգանյանը։
Դեղաբույսեր և թեյաբույսեր հավաքելու իր հոբբին Մանիկ Եգանյանը դստեր՝ Մարիամ Եգանյանի օգնությամբ վերածել է բիզնեսի։ Եգանյանների ընտանիքը Դսեղի հարակից սարերից ու դաշտերից հավաքած լորենին, ղանթափան, ուրցը, դաղձը, վայրի նանան ու այլ բույսերը փաթեթավորել, բրենդավորել է «Լոռենի» անվան տակ և փորձում է դուրս գալ մեծ շուկա՝ ճանաչելի դարձնելով Լոռու մարզի բնությունն ու Դսեղը զբոսաշրջիկների համար։
Գաղափարը կյանքի կոչելուն նրանց աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրը, որի նպատակն է բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտները և գյուղական բնակչության բնական ապրուստի միջոցները։
Մարիամ և Մանիկ Եգանյանները
Մարիամ Եգանյանը նշում է, որ իրենց ընտանիքի համար թեյերի հավաքման ու չորացման գործընթացն ավանդույթ էր․ «Որոշեցինք այն դարձնել գաղափար, զբաղվել սիրած գործով, հավաքել տարածքում աճող բույսերը, չորացնել և իրացնել։ Անվան մեջ ցանկացել ենք շեշտել Լոռվա բնաշխարհը․ հավաքում ենք Լոռու մարզի վայրի թեյերը և լորենի թեյախոտն է նաև հնչում։ Բրենդավորումից հետո մեր թեյերը սկսել ենք տալ հյուրատներին, հյուրանոցներին ու խանութներին։ Եթե նման կերպ շարունակենք, անհրաժեշտ կլինի գյուղում հավաքչությամբ զբաղվող այլ կանանց ևս ներգրավել մեր աշխատանքի մեջ»։
Դսեղը հայտնի զբոսաշրջային կենտրոն է, սակայն գյուղում չկար թեյարան կամ սրճարան։ Մարիամի խոսքով՝ այդ մասին զբոսաշրջիկները շատ էին բարձրաձայնում։
LILA ծրագրի աջակցությամբ գյուղում նախկինում որպես խանութ ծառայած իրենց տնակը վերանորոգել են, կահավորել և այսօր պատրաստ են գյուղ այցելող զբոսաշրջիկներին հայկական թեյերի հավաքման, մշակման ու թրմելու գաղտնիքները ներկայացնել։
«Նախատեսում ենք մեր չորանոց-թեյարանում թեյերի ճիշտ օգտագործման, դրանց օգտակարության մասին վարպետաց դասեր կազմակերպել։ Մեր տարածքում թեյեր կան, որոնք շատ հայտնի չեն, դրանցով մեր տատիկները շատ հիվանդություններ են բուժել։ Մեր նպատակն է, մարդկանց ցույց տալ, որ տվյալ դեղաբույսը որոշակի ժամանակահատված օգտագործելու արդյունքում կարող է որոշ առողջական խնդիրներ բուժել»,- նշում է Մարիամը։
Կարևորելով ծրագրի շրջանակներում կազմակերպված մասնագիտական դասընթացներին մասնակցությունը՝ Մարիամը նշում է. «Ծրագիրը շատ օգնեց գիտելիքի տրամադրման տեսանկյունից։ Նմանատիպ ծրագրի կարևորությունը սկսնակներին ուղղորդելն է իրենց գաղափարի իրագործման հարցում, քանի որ, գուցե, հնարավոր լինի սկսել, բայց շատ հարցերում թերանան, եթե աջակցություն չլինի»։
Մանիկ Եգանյանը նշում է, որ բույսերի հավաքչության վրա բացասական ազդեցություն է ունեցել կլիմայի փոփոխությունը։ «Վերջին տարիներին կլիմայի փոփոխությունն իր ազդեցությունն է թողել բույսերի հավաքման գործընթացի վրա։ Տեղումներ շատ են լինում։ Բույսերը ժամանակից շուտ են մեծանում, տեղումների պատճառով չենք հասցնում գնալ ժամանակին հավաքել, ու որ գնում ենք, արդեն դարձած են լինում անորակ։ Այս տարի բույսերը հավաքել ենք ավելի հեռու դաշտերից ու սարերից, քանի որ մեր մոտ տեղումները շատ էին, և նորմալ որակով թեյաբույսեր չէինք կարողանում հավաքել։ Նախկինում հավաքած դեղաբույսերը չորացրել ենք հով, զով տեղերում։ Այս տարի խոնավությունն այնքան բարձր էր, որ նորմալ, որակյալ թեյ ստանալու համար մենք մեր բոլոր թեյաբույսերը չորացրել ենք չորանոցում»,- ասում է նա։
Խոսելով իրենց գաղափարի ակունքների մասին՝ Մարիամ Եգանյանը նշում է, որ հիմքում բնությունը սիրելն է։ «Շատ եմ սիրում մեր բնությունը, ուզում ենք այսկերպ զբոսաշրջիկներին մեր բնությունը ցույց տալ։ Այսօր մարդիկ շատ են լինում հեռախոսների մեջ, թվային աշխարհում, բնություն քիչ են տեսնում, փորձում ենք իրենց կապել բնության հետ»,- ասում է նա։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Սեպտեմբեր 03, 2024 at 16:48