

2024թ. սեպտեմբերի 13-ին կայացած «ՀԸԳՀ-ի (CEPA) ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ» կլոր սեղանի ընթացքում համայնքների մասնակիցները բարձրաձայնեցին բնակավայրերում կլիմայի փոփոխության, աղբի կառավարման ու ՏԻՄ-երում ոլորտային մասնագետների բացակայության հետ կապված խնդիրները։
Քննարկման մասնակից Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռաիսա Մինասյանը նշեց, որ Փամբակ համայնքի Արջուտ բնաակավայրում գործող աղբավայրը խիստ ծանրաբեռնված է։ «Արջուտ բնակավայրում գործող աղբավայրը սպասարկում է ոչ միայն Փամբակը, այլև ամբողջ Վանաձոր համայնքը և հարակից բնակավայրերը։ Ավելի մեծ քանակությամբ աղբ է թափվում այդտեղ: Աղբը վերացվում է այրման միջոցով, ինչը մեծ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին՝ օդն աղտոտվում է: Աղբի վերամշակման գործարանը մեզ խիստ անհրաժեշտ է»,- ասաց նա։
Ռաիսա Մինասյանը ընդգծեց, որ պետք է հստակեցվի համայնքի դերը կլիմայի փոփոխության համատեքստում և դա պետք է ներառվի պետական քաղաքականության մեջ, քանի որ փոքր համայնքները չունեն բավարար ֆինանսական միջոցներ և մասնագետներ։ «Եթե պարտավորություն է իջեցվում համայնքի վրա, մասնագիտական և ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջվում դրա արդյունավետ իրականացման համար: Մեզ մասնագետներ են անհրաժեշտ, որը կոնկրետ մեր համայնքը չունի․ փոքր համայնքապետարան է փոքր բյուջեով: Կառավարությունը, եթե համայնքների վրա պարտավորություններ է դնում, պետք է նաև ֆինանսներ տրամադրի։ Մասնագետների կարիք ունենք, թեկուզ մեր մասնագետների վերապատրաստման միջոցով հնարավոր է ունենանք լավ մասնագետ»,- ասաց նա՝ նշելով, որ խնդրահարույց է հաստիք ավելացնելը։ «Կարևոր է համայնքներում մասնագիտական կադրերի սակավության հարցը, հատկապես երբ խոսքը վերաբերում է համայնքային ծառայություններին։ Դա մասնագիտական ծառայություն է, որը պետք է ընդգրկվի համայնքային ծառայության պաշտոնների ցանկում: Շատ խնդրահարույց է հաստիք ավելացնելը: Դիմել ենք վերջերս, ավագանու որոշումը գնում է նախարարություն, նայում են ընդհանուր չափանիշներին, համայնքի բնակչության թվին, բայց ամեն ոլորտի մասնագետ անհրաժեշտ է համայնքին»,- նշեց նա:
Դեբեդի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը խոսեց կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մասին ՝ մատնանշելով 1990-ականների ծառահատումների խնդիրը։ «Այս տարի զգացինք կլիմայի փոփոխության հետևանքները։ Աղետները բավական մեծ են եղել, մեծ վնասներ են հասցրել բնակչությանը: Սելավաջրերի պատճառով վնասվել են ենթակառուցվածքներ, ճանապարհներ, իսկ հողի բերրի շերտի վնասը լուրջ խնդիր կդառնա հաջորդ տարի ցանքատարածությունների ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար»,- ասաց նա։
Անուշ Սարգսյանը նույնպես բարձրացրեց անհրաժեշտ մասնագետների պակասի խնդիրը, հատկապես՝ ճանապարհաշինական աշխատանքների իրականացման արդյունավետության տեսանկյունից: «Չունենք համապատասխան մանսագետներ, օրինակ, ճանապարհաշինության ոլորտում: Ընդամենը ժամանակավոր հարմարվողականության ծրագրեր ենք իրականացնում, որի արդյունքում լավագույն դեպքում մինչև մեկ ամիս է ծառայում մեզ ճանապարհը»,- ասաց նա:
Անուշ Սարգսյանը նաև նշեց, որ համայնքներում բնապահպանական և կլիմայական ծրագրերը հաճախ մնում են կիսատ՝ կադրերի փոփոխության և հետևողականության բացակայության պատճառով։ «Պարբերաբար ներդրվում են գումարներ նույն ծրագրերի իրականացման համար, բայց դրանք հաճախ կիսատ են մնում։ Կառավարությունը պետք է երկարաժամկետ լուծումներ գտնի, որպեսզի այդ ծրագրերը կայուն և արդյունավետ լինեն»,- առաջարկեց նա։
Կլոր սեղանը կազմակերպվել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ`«Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:
Հոկտեմբեր 24, 2024 at 14:13