

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած «COP 29-ին ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ ՄԱԿ-ի կլիմայական ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրն օժանդակում ՀՀ կլիմայական օրակարգի իրականացմանը:
«ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը 1995 թվականից աջակցում է Հայաստանի թափանցիկության, հաշվետվողականության և ՀՀ կլիմայական օրակարգի մշակմանը: Փարիզի համաձայնագրի ներքո մեր երկրի դիրքորոշումը Ազգային մակարդակով սահմանված գործողություններն (ԱՍԳ) են, որոնք թարմացվել են 2021 թվականին: Ամեն հինգ տարին մեկ երկրի դիրքորոշումները վերանայվում են՝ հիմնվելով մարտահրավերների և Փարիզի համաձայնագրի պահանջների վրա»,- նշեց Դիանա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նոր ԱՍԳ-ների մշակման հիմնական մեխը ջերմոցային գազերի սահմանափակումն ու նվազեցումն է: «Այդ առումով Հայաստանն իր աշխատանքները կազմակերպելիս հենվել է այն քաղաքականությունների վրա, որոնք կան էներգետիկ ոլորտում: Արևային էներգետիկայի զարգացումը գնում է բավական արագ տեմպերով: Արդեն 12 տոկոսից ավելի է Հայաստանում արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը, և դա բավականին ոգեշնչող է, որովհետև մինչև 2040 թվականը նախատեսված էր հասցնել 15 տոկոսի: Բնականաբար մինչև 2030 թվականը մենք կարող ենք այդ ցուցանիշին արդեն հասնել»,- ասաց Դիանա Հարությունյանը:
Նա կարևորեց Հայաստանում էներգետիկ աղքատությունը նվազեցնելուն ուղղված ջանքերը, ինչն արտահայտվում է էներգաարդյունավետության և էներգախնայողության խնդիրների հաղթահարմանն ուղղված միջոցառումներով: «Հիմնական ջերմոցային գազ ստեղծողը գազն է, և այն սպառվում է տրանսպորտի ոլորտում ու շենքերում: Ավելի կլիմայահեն լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա: Դրանք շենքերում էներգիայի սպառման նվազեցման հնարավորություններն են, որոնք կախված են այն քաղաքաշինական հսկողությունից ու լուծումներից, որոնք վերաբերում են նոր կառուցվող շենքերին: Օրենսդրորեն պահանջը կա, բայց հսկողության թուլություն կա: Նոր կառուցվող շենքերն ավելի լավ մեկուսացման աստիճանով են կառուցում: Բազմաբնակարան շենքերի ֆոնդը պահպանելու հարցում պետք է խթանել էներգիայի ավելի քիչ սպառումը»,- նշեց նա։
Դիանա Հարությունյանի խոսքով՝ նման խնդիր կա նաև համայնքներում՝ հատկապես համայնքային շենքերի՝ մանկապարտեզների ու դպրոցների կառուցման դեպքում. «Նոր շենքերում արվում է, բայց հին շենքերի վերակառուցման խնդիրը բավական բարդ է»:
Բանախոսն ընդգծեց, որ երկրի կայուն զարգացման համար խնդիր է կլիմայի փոփոխության ռիսկերի և հարմարվողականության հարցը: «2021 թվականին առաջին անգամ Հայաստանում մշակվել է հարմարվողականության ազգային ծրագիր, գնահատվել է 5 սեկտորների խոցելիությունը, փաստաթղթավորվել են հիմնական խոցելիության ոլորտները: Ուրախությամբ կարող եմ ասել, որ ջրային ոլորտի հարմարվողականության ծրագիրը նույնպես կառավարության որոշմամբ հաստատվել է: Երբ կառավարության որոշմամբ հաստատվում է, կան չափորոշիչներ, և բոլոր պատասխանատու մարմինները որոշակի ժամանակահատվածում պետք է զեկուցեն՝ արվել է, թե ոչ: Այսինքն՝ օրենսդրորեն հաստատվելը կարևոր է»,- ասաց նա:
Դիանա Հարությունյանը նշեց, որ կլիմայի փոփոխության հասցրած վնասները հաճախ ստեղծում են անվտանգային խնդիրներ: «Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով մենք ունեցանք անվտանգային խնդիր՝ երկաթգիծը վնասվել էր: Մենք չունեինք երկաթգծով տեղափոխվող երկու հիմնական կենսական մատակարարում՝ վառելիք տրանսպորտի համար և ցորեն: Այսինքն՝ մենք ունենք անվտանգային խնդիր կլիմայի փոփոխության հետ կապված, և այդ խնդիրները կապված են ժամանակին հասկանալու, թե որտեղ է պետք ներդրումներ անել: Շատ կարևոր է կանխավ վտանգի նկատմամբ անել գործողություններ: Հարմարվողականության խնդիրն այսօր պետք է թիրախավորված լինի մեր քաղաքականության մեջ: Մենք պետք է ունենանք տարբեր ճանապարհներով և տարբեր մատակարարներից վառելիք ստանալու հնարավորություն: Մենք լեռնային, ծովին ելք չունեցող երկիր ենք: Մենք ունենք կապուղիների և մեր կենսական պաշարները ապահովող ուղիների անվտանգային խնդիր»,- ասաց նա:
Դիանա Հարությունյանը կարևորեց համայնքների ներգրավման խնդիրը։ «Որոշումներն ընդունվում են կենտրոնում, իրականացվում են հողի վրա: Համայնքը պետք է պլանավորի իր հնարավոր վնասը ժամանակին իր բյուջեում չպլանավորված գործողություններից: Եվ պետք է կարողանա օգտագործել միջազգային ֆինանսական հնարավորությունն ու պետությունից ստացվող աջակցությունն իր հեռահար հարցերը լուծելու համար, այսինքն, կատարել էներգախնայողության միջոցառումներ, զարգացնել արևային էներգետիկան՝ իր ծախսերը պակասեցնելով դրա հաշվին»,- ասաց նա:
Դիանա Հարությունյանը բերեց Արթիկի օրինակը, որտեղ կառուցվել է համայնքային 600 կիլովատ հզորությամբ արևային կայան, որը համայնքին շահույթ կապահովի: ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրով Շվեդիայի կառավարության աջակցությամբ Ալավերդի քաղաքում նույնպես արևային կայան կկառուցվի: «Կարող են դիմել ևս 14 համայնք: Կառավարությունը որոշել է մինչև 15 Մվտ հզորությամբ համայնքային արևային կայաներ կառուցել, որովհետև այսօր արդեն մասնավոր կառույցներին լիցենզիաներ չեն տրվում, քանի որ մենք ունենք էլեկտրաէներգետիկ համակարգի կայունության խնդիր: Մինչև կուտակային կայաններ չլինեն, մինչև մենք լուրջ փոխհոսքերի, բարձրավոլտ կայանների հետ կապված փոխհոսքեր չունենանք Վրաստանի և Իրանի հետ, մենք արևային էներգետիկայի համար սահմանափակում ունենք»,- ասաց նա:
Կլոր սեղանը կազմակերպվել էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:
Հոկտեմբեր 31, 2024 at 11:34