Ինչպիսին կլինի Կլիմայական ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակը. հայաստանյան քաղհասարակության դիրքորոշումը COP 29-ին ընդառաջ

Ինչպիսին կլինի Կլիմայական ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակը. հայաստանյան քաղհասարակության դիրքորոշումը COP 29-ին ընդառաջ

Ինչպիսին կլինի կլիմայական ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակը, ինչ բանավեճ է ընթանում դրա շուրջ Բաքվում անցկացվելիք COP 29-ին ընդառաջ: Այս և այլ հարցերի շուրջ զեկուցումով հանդես եկավ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը սույն թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած «COP 29-ին ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ:  

Կլոր սեղանը կազմակերպվել էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում: 

Արամ Գաբրիելյանը «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման ա/Երկարաժամկետ ֆինանսավորումը և բ/միջազգային համագործակցության մեխանիզմները» թեմայով զեկուցմամբ անդրադարձավ COP 21-ին ընդունված մի քանի կետի: «Փարիզյան Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ համաշխարհային ջանքերի շրջանակներում զարգացած երկրները պետք է շարունակեն առաջատար դեր խաղալ Ֆինանսների մոբիլիզացման գործում։ COP 21-ի որոշմամբ սահմանվել է ֆինանսների մոբիլիզացման նպատակը՝ մինչև 2025 թվականը տարեկան նվազագույնը 100 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով` հաշվի առնելով զարգացող երկրների կարիքներն ու առաջնահերթությունները»,- նշեց նա։

Ըստ Արամ Գաբրիելյանի՝ միաժամանակ որոշվել է ամենաուշը մինչև 2025թ․ սահմանել «Կլիմայական ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակ» (New Collective Quantified Goal on Climate Finance (NCQG): «Ձևավորված է հատուկ աշխատանքային խումբ՝ «Ad hoc work programme on the new collective quantified goal on climate finance», որի նպատակն է նախապատրաստել բանակցային տեքստը, որը պետք է ներկայացվի COP 29-ի Կողմերին ու հաստատվի համաժողովի կողմից»,- նշեց նա:

Բանախոսը նշեց, որ NCQG-ի սահմանումը մի շարք խնդիրներ ու հարցեր է առաջ բերել: Ըստ նրա՝ զարգացող երկրները, ինչպես միշտ, պահանջում են, որ միայն զարգացածները կրեն ֆինանսական պարտավորություն, իսկ զարգացածները՝ որ զարգացողները նույնպես մասնակցեն ֆինանսավորմանը։ «NCQG-ի «քանակական»–ի մասով Կողմերն ու այլ մասնակիցները անհամեմատելի տարամետ դիրքորոշումներ են ցուցաբերում՝ տարեկան հավաքական հատկացումները 150-200 միլիարդ դոլարից մինչև 3-5 տրիլիոն դոլար։ Իր հերթին՝ Բրազիլիան պահանջում է, որ բոլոր դեպքերում NCQG-ն ընդունվի COP 29-ին, և չտեղափոխվի COP 30»,- ասաց Արամ Գաբրիելյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև այս հարցադրումների շուրջ ընթացող աշխատանքային բանավեճին և դրա շրջանակում շրջանառվող հիմնական կետերին: «Նշվում է, որ NCQG-ը  պետք է լինի միջազգային ֆինանսավորման միայն մի մասը, և քանակական բաշխումը պետք է ձևավորվի 3 առանձին բաղադրիչներով: Վերանայումները պետք է լինեն 5 տարին մեկ, սկսած 2030-ից, այլ ոչ` 2035-ից: Վարկային միջոցներն առաջարկում են հաշվարկել միայն այն դեպքում, եթե դրանք  դրամաշնորհի բնույթի են: Միևնույն ժամանակ նշվում է «Բնությունը (կլիման) պարտքի դիմաց» սխեմայի անընդունելի լինելը որպես NCQG-ի բաղադրիչ: Այս համատեքստում մասնավոր ֆինանսավորումը խնդրահարույց է, քանի որ չարաշահումների ու մանիպուլյացիայի տեղիք է տալիս»,- ասաց նա։

«Ֆինանսավորման հիմքում պետք է դրվի «վճարում է աղտոտողը» սկզբունքը` անկախ պետության կարգավիճակից` թե՛ զարգացած, թե՛ զարգացող, թե՛ առավել նվազ զարգացած: Կլիմայական համակարգի վրա ներգործության չափը պետք է հիմնված լինի կլիմայական ռեսուրսներից օգտվելու բոլոր մարդկանց հավասարաչափ բնական իրավունքից ու բնական պատասխանատվությունից: Համախառն ֆինանսավորման չափը չի կարող ճաշակի հիմքով սակարկության առարկա լինել, այլ պետք է հիմնավորվի ու բխի Երկրի կլիմայական համակարգի պահպանման ու նախկին վիճակին այն բերելու անհրաժեշտությունից»,- նշեց Արամ Գաբրիելյանը:

Նա անդրադարձավ նաև Փարիզյան համաձայնագրի 6-րդ հոդվածի 6.2, 6.4 և 6.8 կետերով նախատեսված միջազգային համագործակցության մեխանիզմի հետ կապված հարցերին, որոնք ըստ նրա՝ խնդրահարույց են ներկա իրավիճակում:

«Ինչպե՞ս է պատկերացվում 6-րդ հոդվածի 6.2 կետով միջպետական համագործակցությունը, եթե Փարիզյան համաձայնագիրը որևէ պարտավորություն չի սահմանում որևէ պետության համար, այլ հակառակը՝ թույլ է տալիս ավելացնել արտանետումները ցանկացած չափով։ Ինչպե՞ս է պատկերացվում 6-րդ հոդվածի 6.4 կետով գործարար ընկերությունների միջև համագործակցությունը վերը նշված հանգամանքներում՝ պետությունների կողմից լիազորված լինելու  պայմանով: Ինչպե՞ս է պատկերացվում 6-րդ հոդվածի 6.8 կետով որևէ գործողության կամ համագործակցության խթանումը, եթե Փարիզյան համաձայնագիրը թույլ է տալիս ավելացնել արտանետումները ցանկացած չափով ու ցանկացած բնագավառում, ու պետությունները օգտվում ու  որդեգրում են այդ հնարավորությունը»,- նշեց նա։

Արամ Գաբրիելյանն ընդգծեց, որ այս և այլ հիմնարար հարցադրումները հնչում են ապագա սերունդների շուրթերից և ուղղվում ներկա սերունդերին ու վկայում կլիմայի փոփոխության խնդրի լուծման նոր դոկտրինի անհրաժեշտության մասին։

Արամ Գաբրիելյանն իր խոսքում նաև կարևորեց COP 29-ի բյուրոյում հայ ներկայացուցչի ներկայությունը պահպանելը:

«Բյուրոն համաժողովի գործադիր մարմինն է, որը ձևավորում է ամբողջ աշխատանքային ընթացքը, և մեր ներկայացուցիչը նաև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի 24 պետությունների ներկայացուցիչն է, այդ թվում՝ Ադրբեջանի: Սա շատ կարևոր պաշտոն է, եթե այդ պաշտոնը պատշաճ կերպով գործի: Բյուրոյի լիազորությունները մեկ տարվա են, COP 29-ից առաջ իր լիազորությունները դադարում են: Բայց կա հնարավորություն, որ Բյուրոյի անդամը ևս մեկ ժամկետ շարունակի մասնակցել բյուրոյի աշխատանքներին»,- ասաց նա: Արամ Գաբրիելյանն ընդգծեց, որ հաջորդ բյուրոն կձևավորվի COP 29-ի ընթացքում և այն ղեկավարելու է COP 29-ի նախագահը՝  Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը: «Մեր գործերը հիմնականում կսկվեն COP 29-ից հետո: Պետք է հորդորել, որ Արտաքին գործերի նախարարությունն ամեն ջանք գործադրի, որ մեր բյուրոյի անդամի թեկնածությունը պահպանվի նաև երկրորդ ժամկետում: Շատ կարևոր է, եթե դա տեղի չունենա, դա կլինի Հայաստանի մինուսը»,- նշեց նա:

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:

Հոկտեմբեր 29, 2024 at 13:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր