Ադրբեջանի՝ Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները մտացածին են. Վիկտորյա Բուռնազյան

Ադրբեջանի՝ Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները մտացածին են. Վիկտորյա Բուռնազյան

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը մասնակցեց նոյեմբերի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված COP29-ի` «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և բնության նկատմամբ» միջոցառման ժամանակ տեղի ունեցած «Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության վրա» թեմայով պանելային քննարկմանը։

Քննարկմանը մասնակցեցին շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, «Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը և «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը։ Պանելային քննարկումը վարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Վիկտորյա Բուռնազյանը շնորհակալություն հայտնեց Գրետա Թունբերգին Հայաստանի հանրության և բնապահպանների կողքին լինելու համար: «Այսօր միաջզգային հանրության ուշադրության կենտրոնում COP29-ն է: Շատերն այնտեղ են: Մեզ համար կարևոր է, որ նման ակտիվ բնապահպան, էկոակտիվիստ, միջազգային մեծ համբավ ունեցող անհատն այսօր մեր կողքին է և բարձրացնում է մարդու իրավունքների ու կլիմայական արդարության խնդիրներ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքներին, Վիկտորյա Բուռնազյանը նշեց. «Իրենց շատ մեղադրանքներ մտացածին են: Իրենք այդպես կոծկում են իրենց խնդիրները, հանրության ուշադրությունը սևեռում՝ Հայաստանի խնդիրների վրա: Երեկ ևս հայտարարեցին, որ Հայաստանն աղտոտում է Կասպից ծովը:

Երբ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք գիտական զեկույցներ, որ գրել են հենց ադրբեջանցիներ, Բաքվի պետական համալսարանի մասնագետներ, թե ինչպես է Ադրբեջանի նավթահանքային արդյունաբերությունն աղտոտում Ապշերոնի թերակղզին: 100 տարի այդտեղ նավթ ու գազ են արտահանել, ինչպես թերակզուց, այնպես էլ՝ Կասպից ծովից: Նավթը և նավթամթերքներն աղտոտել են շրջակա միջավայրը, հողի բերրի շերտը վնասվել է: Նավթի հորատման ժամանակ արտանետվում են ռադիոակտիվ նյութեր: Համեմատություն է արված ամերիկյան նմանատիպ ընկերությունների հետ: Պարզվում է, որ Ապշերոնի թերակղզում աղտոտվածությունը ռադիոակտիվ նյութերով 5-60 անգամ ավելի է, քան ամերիկյան նման ընկերության դեպքում:

Հինգ երկրների միջև գտնվող Կասպից ծովը գնալով ծանծաղում է, պատճառը կլիմայի փոփոխությունն է, ինչպես նաև գետերի վրա ջրամբարների կառուցումը: Կառուցելով ջրամբարներ չեն թողնում, որ ջուր հոսի Կասպից ծով և գնալով աղտոտող նյութերի կոնցենտրացիան ծովում խտանում է: Նշվում է, որ ծովը նաև անապատանում է, տեղի կենսաբազմազանությունը՝ ոչնչանում: Պետք է առաջնահերթ մտածեն՝ ինչպես այս խնդիրները լուծել, ինչպես այդ երկրները համագործակցեն: Յուրաքանչյուրս խոսում ենք մեր երկրի տեսանկյունից՝ մոռանալով, որ մեկ՝ Երկիր մոլորակի բնակիչներ ենք, և մի տեղ ինչ-որ շղթայի խախտումը բերում է մեկ ուրիշ խնդրի:

Եթե դու նման վարքագիծ ես դրսևորում և աշխատում ես՝ աղտոտելով քո միջավայրը, պետք է մի փոքր ազնվություն ունենալ, խոսել սեփական խնդիրների մասին և լուծել դրանք: Բայց մենք տեսնում ենք և գիտենք, թե ինչպես են լռեցնում Ադրբեջանում տեղի իրական բնապահպանններին, ակտիվիստներին: Մարդիկ չեն կարողանում խոսել դրա մասին, որովհետև կա՛մ բանտարկվում են, կա՛մ ստիպված են լինում հեռանալ երկրից»:

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ Ադրբեջանը շատ հաճախ թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը: «Մենք գիտենք մեր խնդիրների մասին: Հայաստանը միշտ բաց է, Հայաստանում բնապահպանները միշտ ազնիվ այդ մասին խոսել են: Ունենք նաև որոշակի լուծումներ սոցիալ-տնտեսական զարգացման առումով, ունենք խնդիրներ ու չենք լռել այդ մասին, իրենք ունեն խնդիրներ, որոնք լռեցնում են ծեծով, սպառնալիքով: 

Հայաստանն այսօր Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է և ունի շատ բարձր գնահատական իր իրական շահառուների բացահայտման ցուցանիշով, տեղակատվությունը բացելու տեսանկյունից, իսկ Ադրբեջանը 2017թ. դուրս է բերվել այս նախաձեռնությունից մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով»,- ասաց նա: 

Նոյեմբեր 15, 2024 at 11:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր