Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է նոր Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ 3.0) մշակման աշխատանքներ: Այս մասին Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի ամփոփման և «ԱՍԳ գործընկերների աջակցության համակարգման պլանի» պաշտոնական շնորհանդեսին ասաց Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը:
Նշենք, որ Ազգային մակարդակով սահմանված գործողությունները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրները մշակել են Փարիզյան համաձայնագրի շրջանակներում և դրանք ուղղված են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու մեղմմանը։
Նոնա Բուդոյանն իր ելույթի ընթացքում ներկայացրեց ՀՀ կլիմայական օրակարգի հիմնադրույթները: «Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո հիմնական առանցքային փաստաթուղն Ազգային մակարդակով սահմանված գործողություններն են, ինչը Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 2021-2026թթ. համար: Կառավարության ծրագրի համաձայն՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտի քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը՝ հարմարվողականության լավագույն գործելակերպի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով»,- ասաց նա:
«ԱՍԳ-ները 5 տարին մեկ պետք է թարմացվեն: Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունի մեղմման թիրախ: Մինչև 2030թ․ ջերմոցային գազերի արտանետումները 1990թ․-ի համեմատ նվազեցնել 40%-ով տնտեսության ողջ կտրվածքով: Նոր ԱՍԳ 3.0-ով կներառվի մեղմման թիրախ արտանետումների համար ամբողջ տնտեսության կտրվածքում և կունենա առանձին մեղմման թիրախներ՝ յուրաքանչյուր արտանետող ոլորտի համար: Այդ ոլորտները չորսն են՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, արդյունաբերական պրոցեսներ և թափոններ: Այս նոր ԱՍԳ-ն կունենա նաև իրականացման պլան՝ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ թիրախին ձգտելու համար և կունենա հստակ մեխանիզմ ԱՍԳ-ի առաջընթացին հետևելու համար»,- ասաց նա:
Նոնա Բուդոյանը նշեց, որ ՀՀ-ն ունի նաև երկարաժամկետ թիրախ: «Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2023թ., և ՀՀ-ն ձգտում է կլիմայական չեզոքության։ Երկարաժամկետ թիրախով նախատեսվում է 2050թ․ հասնել մեկ շնչի հաշվով ջերմոցային գազերի զուտ արտանետումների կրճատման մինչև 2․07 տոննա CO2 համարժեք»,- նշեց նա:
Նոնա Բուդոյանը նշեց, որ ջերմոցային գազերի գույքագրումն իրականացվելու է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, վարվելու է ջերմոցային գազերի կադաստր:
Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխությունը նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա: «Ավելանում է բնական աղետների քանակը, փոխվում են երաշտների բնական ցիկլերը, վաղ ցրտահարությունների, անտառային հրդեհների և ջրհեղեղների թվի աճ է գրանցվում: Անհրաժեշտ է բարձրացնել երկրի դիմադրողականության մակարդակը, քանի որ սա պարունակում է ռիսկեր տնտեսական, էներգետիկ, պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև կայուն զարգացման առումով: Այս իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները գլոբալ առումով»,- նշեց բանախոսը:
Իր խոսքում նա անդրադարձավ նաև ոլորտային փաստաթղթերի ընդունման ու հարթակների ստեղծման գործընթացներին. «2022թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026թթ. ծրագիրն իր 26 միջոցառումներով: 2021-2022թթ. ՇՄՆ-ի համակարգմամբ մշակվել են հարմարվողականության ծրագրեր առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտների համար, վերջիններս ներառվել են ոլորտային ռազմավարությունների մեջ, ինչպես նաև մշակվել են հարմարվողականության ծրագրեր Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համար: Աշխատանքներն իրականացվել են ՄԱԶԾ-ի աջակցությամբ:
Կլիմայի փոփոխության մասին հիմնական առանցքային կետերից մեկը, որ մեզ համար ամրագրված է ՀՀ, ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով՝ դա չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի ներդրումն է, այդ համակարգի կայացումը: Դա նշանակում է, որ երկիրը պետք է շարունակական հիմքով կարողանա տիրապետել ջերմոցային գազերի գույքագրման տվյալների, Հայաստանի ստացած կլիմայական ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման կարգի, մեղմման քաղաքականությունների և գործողությունների, ինչպես նաև դրանց ազդեցության գնահատման և հաշվետվողականության համար ոլորտային ձևաչափերի և ուղեցույցների»,- ասաց նա:
2021թ. ստեղծվել է Կլիմայի փոփոխության միջգերատեսչական համակարգման խորհուրդ, ինչը նպատակ ունի ապահովել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, 2021-2030թթ․ ժամանակահատվածի համար Ազգային մակարդակով սահմանված գործողությունների համակարգումը, Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի և 2021-2025թթ. միջոցառումների համակարգումը, ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի 13-րդ նպատակի`գործողություն հանուն կլիմայի, իրականացման համար Կառավարության ջանքերի մեկտեղումը:
2022թ. նախաձեռնվել է Կլիմայի մասին օրենքի նախագծի մշակումը: «Օրենքի մշակման աշխատանքը նախաձեռնվել է մի շարք պատճառներով, մասնավորապես, անհրաժեշտ է օրենսդրական հիմքեր ապահովել երկարաժամկետ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների համար, հստակ սահմանել իրավունքներն ու պարտականությունները, ձևակերպել ոլորտում հասկացությունները, որոնք դեռևս չկան: Օրենքը կարգավորելու է հիմնականում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման ու դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև մեղմման հարմարվողականության ոլորտներում ՀՀ մարզպետների, օտարերկրյա իրավաբանական անձանց միջև իրավահարաբերությունները: Այս օրենքի ընդունմամբ ակնլավում է ունենալ հստակ սահմանված կլիմայական նպատակներ, հստակ սահմանված իրավասությունների և պարտականությունների շրջանակ, ներդրված նորարական ֆինանսավորման մեխանիզմներ, ջերմոցային գազերի արտանետումների և ստացած ֆինանսական աջակցության և իրականացված քաղաքականության արդյունքների շարունակական հաշվառման համար ինստիտուցիոնալ համակարգ»,- ասաց Նոնա Բուդոյանը:
Նոյեմբեր 22, 2024 at 17:01