Շուտով շահագործման կհանձնվի ներկայիս դրությամբ Հայաստանի ամենամեծ արևային կայանը՝ 55 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Մասրիկ 1»-ը։ Կայանի կառուցման ծրագիրը մեկնարկեց 2018 թվականին, սակայն կառուցումը ձգձգվեց տարիներ՝ պայմանավորված հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտով և COVID-19 համավարակով։
Կայանը կառուցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում՝ Մասրիկի դաշտի կենտրոնական մասում։ «Մասրիկ-1» ծրագիրն իրականացնում է «Fotowatio Renewable Ventures B.V.» (FRV)-ն՝ կապալառու «China Armenia Engineering»-ի հետ համագործակցությամբ։ Շինարարական աշխատանքները կատարում է «Shtigen» ընկերությունը։
«Մոտ 90 տոկոսը կայանի վերջացրել ենք, աշխատանքները սկսել ենք նոյեմբերին ամսին, մոտավորապես 8 ամսվա ընթացքում իրականացրել ենք ամբողջ շինարարական աշխատանքները։ Արդեն վերջնական փուլերին ենք հասել, որոշ սարքավորումներ թեստավորում ենք, հանձնման գործընթացներ են գնում, համապատասխան փաստաթղթերի ձևակերպումներ», - 2 ամիս առաջ հայտնել էր «Shtigen» ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Բաբայանը։
Գագիկ Բաբայան
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը վերջերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ «Մասրիկ-1» արևային կայանը շուտով կհանձնվի շահագործման։ «Մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի հետ սերտորեն համագործակցել էներգետիկ ոլորտում։ Չինական արևային կայանները ևս կդառնան Հայաստանի էներգետիկ ֆոնի բաղկացուցիչ մաս», - ասել էր Չըն Մինը։
Չըն Մին
Կայանի շահագործումը ևս մեկ քայլով կմոտեցնի Հայաստանն իր կլիմայական և էներգետիկ թիրախին, ըստ որի՝ մինչև 2030 թվականը վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի համախառն վերջնական սպառման մեջ, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, նախատեսվում է հասցնել շուրջ 50%-ի։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 և 2023 թվականների տարեկան հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրող կայանների (մինչև 30 ՄՎտ) կողմից արտադրվել է ընդհանուր էլեկտրաէներգիայի 11․82%-ը 2022 թվականին, 12․46%-ը՝ 2023 թվականին, իսկ 2024 թվականի 1-ին կիսամյակում այդ մասնաբաժինը կազմել է 21․56 %։
Սա իր հերթին պետք է նպաստի «Էներգետիկա» ոլորտից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման։ Չնայած «Մասրիկ 1»-ի ՇՄԱԳ հաշվետվության մեջ չկան տվյալներ կայանի շահագործման արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մասին, սակայն FRV ընկերության համաձայն՝ կայանի շահագործմամբ հնարավոր կլինի խուսափել ավելի քան 54․000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։ Հաշվարկված է, որ կայանը տարեկան կարտադրի տարեկան 150․000 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա, որով կապահովվի 21400 տնային տնտեսության։ Կայանը շահագործման կհանձնվի 2025 թվականին։
«Մասրիկ-1» կայանի տարածք
Կայանի կառուցման տարածքում, որն ըստ 17․07․2019թ․ ԲՓ 000061 բնապահպանական փորձաքննական եզրակացության 128․3 հեկտար է, ժամանակին գյուղացիները զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Հարցին, թե արդյոք գյուղնշանակության հողերի կրճատումը կարող է խնդիրներ առաջացնել գյուղացիների համար, Մեծ Մասրիկի վարչական ղեկավար Արմեն Ասատրյանն ասաց, որ կայանի շահագործման ժամանակ տեղի բնակիչները կկարողանան այդ տարածքում ոչխարներ արածացնել։
Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը էկոլուրի հետ զրույցում նշեց, որ համայնքն ունի սոցիալ-տնտեսական ակնկալիքներ «Մասրիկ-1» ծրագրից։ «Երբ կավարտեն շինարարական աշխատանքները, համայնքի ղեկավարի հետ հանդիպում կանցկացվի այդ հարցով, կա համայնքի ղեկավարի հանձնարարական, որ բոլոր գործընթացները մենք ստուգում ենք, որ համապատասխանեն թե՛ շինարարական նորմերին, թե՛ իրենց պարտականությունները կատարեն։ Ներդրողները, ովքեր օգտվում են համայնքի հողերից կամ այլ ոլորտներում ներդրումներ են իրականացվում, կառավարության կողմից կա որոշում՝ սոցիալական բաղադրիչ, որ պետք է համայնքին աջակցություն տրամադրեն։ Մենք հասնելու ենք նրան, որպեսզի իրենք իրենց պարտականությունները լիովին իրականացնեն մեր համայնքում։ Մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության՝ ի օգուտ մեր համայնքի, բայց պետք է օրենքի տառը պահենք, որ ոչ մի բացասական ազդեցություն չունենա մեր համայնքի վրա», - ասաց Կարեն Մկրտչյանը։
Կարեն Մկրտչյան
Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն Ռուբեն Բարսեղյանը խոսեց կայանի կառուցման ծրագրի դրական և բացասական կողմերի մասին․ «Կայանի կառուցումը, բնականաբար, օգուտ է, կնվազի մեր երկրի էներգետիկ կախվածությունն այլ երկրներից, գյուղի համար աշխատատեղեր կբացվեն։ Բայց արոտների մասով․․․130 հեկտարից ավելի մեր արոտավայրերը փաստորեն մերը չեն։ Արևային կայանների կառուցումը լավ է, բայց ընտրության վայրը, որտեղ տեղադրում են պանելները, պետք է գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր լինեն»։ Հարցին՝ արդյո՞ք կայանի կառուցման տակ անցած արոտները գերարածեցված էին, Ռուբեն Բարսեղյանն արձագանքեց․ «Այդ տարածքից կես մետր հեռավորության վրա աճեցնում են կարտոֆիլ, ցանում՝ մշակաբույսեր, ես կարծում եմ, որ այնտեղ բերրի հողեր են եղել»։
Ռուբեն Բարսեղյան
Տեղացիներին անհանգստացնում է՝ ինչ է լինելու մեծաքանակ արևային վահանակների հետ, երբ դրանք դուրս գան շահագործումից։
Ըստ «Մասրիկ-1» ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի՝ կայանում պետք է տեղադրվեր 165․368 հատ ֆոտովոլտային վահանակ։ Իսկ ըստ «Shtigen» ընկերության՝ կայանում տեղադրվելու է 114․984 հատ վահանակ։ Իսկ թե ինչ է լինելու այդ էլեկտրոնային թափոնների հետ դրանց շահագործման ավարտից հետո, ընկերությունից պարզել չստացվեց։
Այս և այլ հարցերով Էկոլուրը նամակով դիմել է FRV ընկերությանը` խնդրելով տեղեկացնել, թե ինչպես է նախատեսվում առաջացող էլեկտրոնային թափոնների կառավարումը, որքան տարածք է տրամադրվելու այդ թափոնների համար և ո՞ւմ է պատկանելու այդ տարածքը, ի՞նչ գործողություններ են նախատեսված բնական երևույթների՝ հնարավոր ձնաբքերի, կարկուտների, փոթորիկների, երկրաշարժերի ռիսկերից վահանակների պահպանության համար, արդյոք ազդակիր Վարդենիս համայնքն ունենալու է մասնակցություն արևային կայանի էլեկտրոնային թափոնների կառավարման գործընթացում։ Էկոլուրը նաև հետաքրքվել է՝ ինչպես է տնօրինվել կայանի կառուցման համար դուրս հանված հողի բերրի շերտը, ինչ ազդեցության կենթարկվի տեղի բուսական և կենդանական աշխարհը կայանի կառուցման և շահագործման ընթացքում, ինչ սոցիալ-տնտեսական ծրագրեր են նախատեսված Վարդենիս համայնքի համար սոցիալ-կորպորատիվ պատասխանատվության շրջանակում։ Ընկերությունից դեռ պատասխան Էկոլուրը չի ստացել։
Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Նոյեմբեր 25, 2024 at 17:31