Որքանով է լուծվել «Արգիչի» ՓՀԷԿ-բնակավայր 10-ամյա կոնֆլիկտը. պատասխանում են վարչական ղեկավարները

Որքանով է լուծվել «Արգիչի» ՓՀԷԿ-բնակավայր 10-ամյա կոնֆլիկտը. պատասխանում են վարչական ղեկավարները

Էկոլուրը հարցում է ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանին՝ պարզելու, թե որքանով է լուծվել բնակավայր-փոքր ՀԷԿ կոնֆլիկտը։

Հարցման մեջ նշված է. ««Արգիչի» փոքր ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին։ Այդ ժամանակից սկսած ՓՀԷԿ-ին ազդակիր Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մադինա բնակավայրերի բնակիչները բողոքել են, որ փոքր ՀԷԿ-ի շահագործումից հետո նվազել են իրենց ոռոգման ջրերը, ինչի արդյունքում հողագործության ծավալները կրճատվել են։ Նշենք, որ «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքով սահմանված ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայություններով խմելու և ոռոգման ջրի օգտագործումն առաջնային է էներգետիկ նպատակով ջրօգտագործումից։ «Արգիչի» փոքր ՀԷԿ-ին տրամադրված N 000031 ջրօգտագործման թույլտվության համաձայն, փոքր ՀԷԿ-ը Արգիչի գետից տարեկան կարող է իրականացնել 50․1 միլիոն խմ ջրառ՝ գետում թողնելով 1000լ/վ բնապահպանական թողք։ Ըստ ՋԹ-ի՝ ՓՀԷԿ-ը չպետք է շահագործվի օգոստոս ամսվա ընթացքում։ Դեռ 2020թ․ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն էկոլուրի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ փոքր ՀԷԿ-ի ջրառից հետո գետում մնում է 200-250լ/վ ջուր, ինչը մի քանի անգամ քիչ է ՋԹ-ով սահմանված բնապահպանական թողքից։ Բացի այդ, էկոլուրն ականատես է եղել, որ փոքր ՀԷԿ-ն աշխատում է նաև օգոստոս ամսին, ինչի թույլտվությունը չի ունեցել ՋԹ-ով։ Օրերս Էկոլուրի թիմի՝ Վերին Գետաշեն կատարած այցի ընթացքում բնակիչներից տեղեկացանք, որ մինչ օրս «Արգիչի» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն չի փոխհատուցել բնակավայրի որոշ բնակիչների ՓՀԷԿ-ի խողովակաշարի պայթյունի հետևանքով մշակելի հողերը անպիտան դառնալու, խողովակաշարը և էլեկտրահաղորդման գծերը բնակիչների հողատարածքներով անցկացնելու դիմաց։ Դեռ 2019թ-ին Վերին Գետաշենի համայնքապետը Էկոլուրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ «Արգիչի» ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով Վերին Գետաշենի 350 հա հողատարածք դարձել է անջրդի: Նախատեսված է եղել նոր պոմպակայանի կառուցում այդ 350 հա-ը ոռոգելի դարձնելու նպատակով, որի համար անհրաժեշտ գումարը մտադիր են եղել ստանալ «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ից: Ըստ նրա՝ «Հիդրոկորոպորացիա» ՓԲԸ-ն 2012 թ. Վերին Գետաշենին տեղեկանք է տվել, ըստ որի՝ 500 հա հատվածում 400 լ/վ արագությամբ ջրթող է անելու: Վերին Գետաշենն այդ նպատակով ՀՀ կառավարության աջակցությամբ 110 միլիոն դրամով ջրագիծ է կառուցել՝ 3 կմ երկարությամբ խողովակաշարով: Սակայն դրանով ջուր չի հոսել: Հարգելի պարոն Հովեյան, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին․

  • Քանի՞ հա վարելահող ունեն «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մադինա բնակավայրերը և դրանցից քանի հա-ն է ներկայում մշակվում։
  • «Արգիչի» ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն բնակավայրի 350 հա հողատարածքը ներկայում ոռոգվո՞ւմ է, թե՞ ոչ։
  • Արդյո՞ք կառուցվել է նոր պոմպակայան այդ 350 հա-ն ոռոգելի դարձնելու նպատակով։ Պոմպակայանի կառուցման գումարը «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն է տրամադրե՞լ, թե՞ ոչ:
  • ՀՀ կառավարության աջակցությամբ 110 ﬕլիոն դրամով Վերին Գետաշենի համար կառուցված ջրագիծը շահագործվո՞ւմ է, եթե այո, ապա քանի՞ հա տարածք է ոռոգվում այդ ջրագծի շնորհիվ և որտե՞ղ։
  • Ի՞նչ քայլեր է նախաձեռնել կամ նախաձեռնում է Մարտունու համայնքապետարանը Վերին Գետաշենի բնակիչներին պատճառված ﬖասը «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի կողﬕց վերականգնելու հարցում։
  • Հայտնի է, որ Մարտունի համայնքում «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Ջրասահք» ընկերությունը տարեկան 10 ﬕլիոն դրամ է հատկացնում Վարդենիկում ստեղծված հիﬓադրաﬕն բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար։ Մինչև 2021թ-ը «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն տարեկան ﬕնչև 2 ﬕլիոն դրաﬕ չափով հատկացուﬓեր է կատարել Մարտունի համայնքին նույն նպատակով։

Խնդրում ենք նշել, թե «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն որևէ՞ սոցիալական ծրագիր իրականացնում է Մարտունի համայնքի համար, եթե այո, ապա ի՞նչ ծրագրեր։

Համայնքն ունի՞ որևէ պայմանավորվածություն «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի հետ ոռոգման սեզոնին ջրային կոնֆլիկտներ չունենալու համար։

Գեղարքունիքի մարզպետարանից Էկոլուրին հայտնել են, որ Ներքին Գետաշեն բնակավայրում ոռոգման ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի «Արգիճի»-ի ջրամբարի կառուցմամբ և «Գետաշեն» ջրանցքի հիﬓանորոգմամբ: Խնդրում ենք նշել, թե ինչ փուլում են այդ աշխատանքները»:

Համայնքապետարանից հարցումն ուղղվել է Մադինա, Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն բնակավայրերի վարչական ղեկավարներին:

Մադինա բնակավայրի վարչական ղեկավարը պատասխան նամակով հայտնել է. «Մադինա բնակավայրը «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի ազդեցության գոտում ունի 95 հա տնամերձ ոռոգվող հող, որից ներկայում մշակվում է 32 հա: Պատճառը ջրի սակավությունն է: Հայտնում ենք նաև, որ մինչ օրս «Արգիչի» փոքր ՀԷԿ- ը շահագործող «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն չի փոխհատուցել բնակավայրի որոշ բնակիչների ՓՀԷԿ-ի խողովակաշարը և էլեկտրահաղորդման գծերը բնակիչների հողատարածքներով անցկացնելու դիմաց: «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն որևէ սոցիալական ծրագիր Մադինա բնակավայրում չի իրականացրել»: 

Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական ղեկավարի պատասխան նամակում նշված է. ««Արգիչի» ՓՀԷԿ շահագործման հետևանքով Ներքին Գետաշեն բնակավայրի Աղլներ կոչվող տարածքի 90 հա վարելահողերը, որոնք գտնվում են Գետաշեն ջրանցքի տակ դարձել են ոչ ոռոգելի: Այն կդառնա ոռոգելի եթե կառուցվի Արգիչի ջրամբարը և վերանորոգվի Գետաշեն ջրանցքը:

«Արգիչի» ՓՀԷԿ հետ ոռոգման սեզոնին ջրային կոնֆլիկտներ չունենալու համար հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նվազվեցվում է ՀԷԿ-ին տրամադրվող ջրաքանակը»:

Վերին Գետաշենի վարչական ղեկավարը հայտնել է. «Վերին Գետաշեն բնակավայրն ունի ընդհանուր 8710 հա վարելահող, որից ներկայում մշակվում է 563.0 հա: «Արգիճի» ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով Վերին Գետաշեն բնակավայրի 350 հա հողատարածքներից ներկայում ոռոգվում է 42.0 հա հողատարածք, իսկ մնացած հողատարածքների ոռոգման համար նոր պոմպակայան չի կառուցվել: Հիդրոկորպորացիայի կողմից 400 լ/վ արագությամբ ջրթող չի կառուցվել և կառավարության աջակցությամբ 110 միլիոն դրամով կառուցված 3 կմ երկարությամբ ջրագծից շահագործվում է 1700 մետր, որը ոռոգում է մոտավորապես 12.0 հա տարածք։ ՓՀԷԿ-ի էլեկտրահաղորդման սյուններն անցնում են 10-12 սեփականատերերի տեսամերձ հողամասերով, իսկ խողովակաշարը անցնում է 8 սեփականատերերի հողամասերի միջով: Փոխհատուցում տրամադրվել է սեփականատերերի համաձայնությամբ, իսկ սերվիտուտի վերաբերյալ հստակ տեղեկություն չունենք: ՓՀԷԿ-ի խողովակաշարի վթարի հետևանքով բոլոր վնաս ստացած սեփականատերերն ըստ իրենց համաձայնության փոխհատուցում ստացել են, անպիտան դարձած հողամասեր չկան։

Հիդրոկորպորացիայի կողմից բնակավայրում որևէ սոցիալական ծրագիր չի իրականացվել։

Ամեն տարի հուլիսի 10-ից՝ 250 լ/վ արագությամբ ՀԷԿ-ի խողովակաշարով ջուր է հասցվում N1 և N 2 պոմպակայաններին, իսկ մնացած մասն գետի հունով հասցվում է ինքնահոս խողովակաշարերին՝ բնակավայրում ոռոգում կազմակերպելու համար: Ոռոգման ջուրն ստանում ենք Մարտունու ՋՕԸ-ի կողմից: Տարիներ լինում են, որ բավարար է, իսկ տարիներ էլ ոչ»:

Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նոյեմբեր 30, 2024 at 11:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր