

ԷկոԼուր
«Արգիչի» ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի 350 հա հողատարածքն արդեն 7 տարի շարունակ անջրդի է՝ 2012 թ. սկսած: ՓՀԷԿ-ի շահագործումից հետո համայնքն իր ուժերով կառուցել է պոմպակայան, որը խողովակաշարով Արգիչի գետից ջուր է մղում դեպի համայնք: Պոմպակայանի աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում ոռոգել համայնքի միայն մոտ 150 հա հողատարածք, մնացած 350 հա-ը բացարձակ անջրդի է: Այս մասին բարձրաձայնեց Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից Վերին Գետաշենում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ԷկոԼուրի թիմը:
Տիգրան Մուրադյանը տեղեկացրեց, որ նախատեսում են նոր պոմպակայան կառուցել այդ 350 հա-ը ոռոգելի դարձնելու նպատակով, որի համար անհրաժեշտ գումարը մտադիր են ստանալ «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ից:
Հիշեցնենք, որ համայնքապետարանը ընկերությունից պահանջում է տարեկան 50 միլիոն դրամ վճարել համայնքին որպես փոխհատուցում՝ համայնքի կրած վնասների համար: Այս պահանջով անգամ համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել: Արդյունքում ընկերությունը դիմել էր դատախազություն, գործն այժմ գտնվում է Քննչական կոմիտեում:
Համայնքի ղեկավարի ներկայացմամբ, «Հիդրոկորոպորացիա» ՓԲԸ-ն 2012 թ. համայնքին մի տեղեկանք էր տվել, ըստ որի՝ 500 հա հատվածում 400 լ/վ արագությամբ ջրթող է անելու: Համայնքն այդ նպատակով ՀՀ կառավարության աջակցությամբ 110 միլիոն դրամով ջրագիծ էր կառուցել՝ 3 կմ երկարությամբ խողովակաշարով: Սակայն մինչ օրս դրանով ջուր չի հոսել: «Փոշիացվել են պետության գումարները՝ խողովակաշարը կառուցվել է և չի շահագործվում», - նշեց համայնքի ղեկավարը:
Տիգրան Մուրադյանի խոսքով`համայնքի 10-12 սեփականտերերի տնամերձ հողատարածքներում ընկերության էլեկտրասյուներն են դրված, բայց այդ մարդկանց հետ որևէ պայմանագիր մինչ օրս կնքված չէ: Ավելին, որևէ փոխհատուցում նույնպես չի տրամադրվել: Պատշաճ փոխհատուցում չեն ստացել նաև այն գյուղացիները, որոնց հողատարածքներով «Արգիչի» ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ անցել է ընկերության տեխնիկան:
Միջոցառումից հետո «Հիդրոկորպորացիա» ՓԲ ընկերությունը, օրերս Վերին Գետաշենի համայնքապետարան մի գրություն է ուղարկել՝ խնդրելով ներկայացնել այն ընտանիքների ցուցակը, ովքեր դժգոհ են ընկերության կողմից իրականացված ոչ պատշաճ փոխհատուցումից: «Շինարարական աշխատանքների կատարման ավարտից հետո պատշաճ փոխհատուցում չի տրվել: Ցուցակը խնդրել են, որպեսզի ուսումնասիրեն, հասկանան, թե որքան պետք է տային, որ չեն տվել: Հողային հարցերով բողոքը ներկայացրել է 10-15 ընտանիք: Ընդհանուր համայնքին ուղղված առաջարկներ չեն անում», - ասաց Մուրադյանը:
Ապրիլ 15, 2019 at 18:01