Վերին գետաշենցիները փակել են «Արգիչի» ՓՀԷԿ-ի փականը, ընկերությունը դիմել է գլխավոր դատախազություն

Վերին գետաշենցիները փակել են «Արգիչի» ՓՀԷԿ-ի փականը, ընկերությունը դիմել է գլխավոր դատախազություն

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում «Արգիչի» ՓՀԷԿ-ի շահագործման շուրջ կրկին բողոքի ալիք է բարձրացել: Արդեն մի քանի օր է՝ ՓՀԷԿ-ի աշխատանքը դադարեցված է: Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանի խոսքով՝ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, գնացել և փակել են ՓՀԷԿ-ի փականը: Գյուղացիները ՓՀԷԿ-ի ղեկավարությունից պահանջում են տարեկան համայնքին փոխանցել 50 միլիոն դրամ:

«Ուրբաթ օրը բնակիչները 100-150 հոգով բարձրացել են ՀԷԿ-ի ջրառ հանգույց, փակել են փականը, և հիմա ամբողջ ջուրը ձկնուղիով հոսում է գետ: Գյուղացիները ինձ ներկայացրել են իրենց պահանջները, ես էլ իմ անունից դիմում-պահանջագրի տեսքով դրանք ներկայացրել եմ ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը», - ԷկոԼուրին ասաց Տիգրան Մուրադյանը:

Դիմում-պահանջագրում նշված է. «2015թ-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի վարչական տարածքում Վ. Գետաշենցու թույլտվությամբ «Հիդրոկորպորացիա» ՓԲ ընկերության կողմից կառուցվեց «ՀԷԿ» պայմանով, որ «Հիդրոկորպորացիա» ՓԲ ընկերության տնօրինությունն իր տարեկան եկամուտներից որոշակի մասնահանումներ կկատարի Վ. Գետաշեն համայնքի զարգացման, համայնքի մանկապարտեզի և անապահով ընտանիքներին օգնելու համար:

Սակայն մինչ օրս  ՓԲ ընկերության կողմից ոչ մի լումա չի հատկացվել վերը նշված խնդիրների լուծման համար:

Մինչդեռ կողքի համայնքներում գործող ավելի փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը համայնքներին այդ նպատակով տրամադրում են շուրջ 10000000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:

Այդ իսկ պատճառով և հիմք ընդունելով համայնքի շուրջ 5000 բնակիչների դժգոհությունները` դիմում եմ «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ տնօրինությանը, որ նա կատարի իր կողմից ստանձնած պարտավորությունը և տարեկան իր եկամուտներից տարվա կտրվածքով 50 միլիոն գումարի չափով գումար փոխանցի Վերին Գետաշենի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին` սկսած 2015թ-ից:

Հակառակ դեպքում ազգաբնակչությունը թույլ չի տալու, որպեսզի ՀԷԿ-ը շարունակի իր գործունեությունը»:

Հիշեցնենք, որ 2018թ-ի մայիսին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչների արդյունքում «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի տնօրինությունը համաձայնել էր տարեկան 10 միլիոն դրամ փոխանցել համայնքի` ստեղծվելիք զարգացման հիմնադրամին:

«50 միլիոն դրամը գյուղացիների պահանջն է: Ես 4 հոգու հետ գնացել, հանդիպել եմ ՀԷԿ-ի տնօրինության հետ, տվել եմ դիմումը, բայց ընդհանուր համաձայնության չենք եկել: Ընկերությունը համաձայն չէ այդ գումարի հետ, ես ասել եմ՝ ներկայացրեք ձեր տարբերակը, չեն ներկայացրել», - ասաց Տիգրան Մուրադյանը:

Փոխարենը «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն վերին գետաշենցիների բողոքի ակցիայի հետ կապված քրեական գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

«Մտել են տարածք, վնասել են մեր գույքը, քաշքշել ընկերության աշխատակիցներին, ապօրինի գործողություններ են իրականացրել, և արդեն 4-րդ օրն է՝ ՀԷԿ-ն անջատված է: Թող քրեական պատասխանատվության ենթարկվեն այն անձիք, որոնք պատասխանատու են այդ գործողությունների համար: Իմ կարծիքով՝ դրդիչը գյուղապետն է: Բացի գույքից, ՀԷԿ-ն անջատված է, մենք վարկ ենք մարում, ֆինանսական վնասներ ենք կրում», - ԷկոԼուրին ասաց «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Միրզոյանը:

«Գույքի վնասում, քաշքշուկ, հայհոյանք չի եղել, ոստիկանությունը դա արձանագրել է», - Միրզոյանի խոսքերին հակադարձեց Տիգրան Մուրադյանը:

Պահանջվող գումարի վերաբերյալ «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրենն ասաց. «Սա շորթման բացառիկ դրսևորում է: Տարեկան 50 միլիոն դրամ են ուզում, ընդ որում, հետհաշվարկ են արել 2015 թ-ից, և այս պահին մեզանից 250 միլիոն դրամ են ուզում: Մենք կառուցել ենք ՀԷԿ-ը KfW-ի վարկով, պետության հանդեպ ունեցած 400 միլիոն պարտավորությունը չենք կարող մարել…

Նյութ է տպագրվում, որ վերին գետաշենցիները ունեն ոռոգման, էկոհամակարգի հետ կապված խնդիրներ, բայց նման բան չկա: Ինքս եմ Ջրային կոմիտեից և Բնապահպանության նախարարությունից պահանջել ու պահանջում եմ, որ գետի վրա տեղադրվի ջրաչափ, այդ գետի ջուրն ընդհանրապես չի չափվում: Իրենց դիմում-պահանջագրում ոռոգման, էկոհամակարգի մասին խոսք չկա, գյուղի զարգացման, մանկապարտեզի մասին է խոսքը», - ասաց Էմիլ Միրզոյանը:

Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը նշեց, որ ոռոգման, բնապահպանական և փոխհատուցման հետ կապված խնդիրները ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:

«Ունենք ոռոգման խնդիր. ՀԷԿ-ի շահագործումից հետո 350 հեկտար տարածք մնացել է անջրդի: Կանալ ունենք, նախկինում այդ կանալով ջուր է գնացել, հիմա՝ չկա: ՀԷԿ-ի խողովակաշարից այդ տարածքում ջուր չեն տալիս, ասում են՝ ճնշումը շատ բարձր է, կարող է վթարային իրավիճակ լինել: Պետք է տարբերակներ գտնել անջրդի տարածքները ոռոգելու համար: Նաև ունենք ձկնատեսակների ոչնչացման խնդիր:

Հաջորդը՝ ՀԷԿ-ի շինարարության, մասնավորապես խողովակաշարերի անցկացման ժամանակ վնասվել են մարդկանց հողերը, բայց նրանք մինչ օրս փոխհատուցում չեն ստացել:

Բացի այդ, ՀԷԿ-ի շահագործման ժամանակ 2 անգամ պայթյուն է եղել, վնասվել են տարածքներ: Այդ տարածքները բնակառուցապատման համար են հատկացված, բայց մարդիկ այսօր վախենում են այդտեղ կառուցապատում անել: Սա էլ լուրջ խնդիր է և ազդում է գյուղի զարգացման վրա», - ասաց Տիգրան Մուրադյանը:

17:29 Փետրվար 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news