Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման մասին

Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտությունը, որը վեր է հանել իրականացված մասնավորեցման ու ներդրումների գործընթացներին առնչվող խնդիրները։ Հետազոտությունը ներկայացնում է ակտիվների մասնավորեցման և ներդրումների պատմություննէր էներգետիկայի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ: Այս հրապարակման մեջ անդրադառնում ենք հետազոտության մեջ ներկայացված Որոտանի կասկադի մասնավորեցման պատմությանը:

Որոտան կասկադի օտարումը գաղտնի պայմաններում

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է 404.2 մՎտ ընդհանուր հզորությամբ 3 հիդրոէլեկտրակայանից՝ Սպանդարյան (76 մՎտ), Շամբի (171 մՎտ) և Տաթևի (157.2 մՎտ):

Ըստ հետազոտության՝  ՀՀ կառավարության 21.11.2013թ. №1496-Ա որոշմամբ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքային համալիրի հիմնական մասն օտարվեց «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ին։ Սակայն այդ որոշման նախագիծն ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության 2013թ-ի նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում: Այդ մասին չի հիշատակվել նաև ՀՀ կառավարության տվյալ օրվա նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ: Հանրությունը Որոտանի կասկադի վաճառքի վերաբերյալ տեղեկացվել է միայն 2014թ-ի հունվարին՝ որոշման ընդունումից երկու ամիս անց:

Ո՞վ ստացավ 180 միլիոն ԱՄՆ դոլարը

Հետազոտության մեջ բարձրացված է հարց, թե ում է վճարվել հիդրոկասկադի դիմաց գումարը: Որոտանի կասկադի գինը սահմանվել էր 180 միլիոն ԱՄՆ դոլար: Ըստ հետազոտության՝ ««ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվին 43,068.0 միլիոն ՀՀ դրամի չափով (կամ 90.0 միլիոն ԱՄՆ դոլար) առաջին վճարումը կատարել է 2015թ-ի հուլիսի 30-ին: Մամուլի հրապարակումների համաձայն, «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն առաջին վճարում կատարել էր HSBC-Հայաստան, Ամերիա և Կոնվերս բանկերից վերցրած վարկի միջոցներով, որոնց դիմաց գրավ էր դրել Որոտանի կասկադ գույքը: Սակայն Հայաստանում ՔոնթուրԳլոբալի ներկայացուցիչները հերքել են այս պնդումները և հայտարարել, որ իրենց ընկերությունը հայկական բանկերից ստացել է միայն 28 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Հանրության համար, ի վերջո, անհայտ մնաց, թե ով ստացավ 180 միլիոն ԱՄՆ դոլարը և ինչպես այն օգտագործվեց:

«Մամուլի հրապարակումների համաձայն, ՀՀ կառավարությունը գաղտնի է պահել վաճառքի վերաբերյալ որոշումը: Վաճառքից հասույթը ՀՀ կառավարության հաշվին մուտքագրվելու փոխարեն մուտքագրվել է Որոտանի կասկադի հաշվին , իսկ գործարքի հետևում կանգնած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը», - մասնավորապես նշված է հետազոտության մեջ:

Օգոստոս 12, 2020 at 22:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր