

Օգոստոսի 7-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչը ԷկոԼուրին հայտնեց, որ Արգիճի գետի վրա կառուցված «Արգիճի»-ի փոքր ՀԷԿ-ն աշխատում է օգոստոսին: ԷկոԼուրի թիմն այցելեց ՓՀԷԿ-ի կայանի տարածք և տեսավ, որ ՓՀԷԿ-ի կայանից դուրս եկող խողովակներից մեկով ջրբացթողում է իրականացվում գետ: Լսվում էին կայանի սարքավորումների աշխատանքի ձայները: Նշենք, որ օգոստոս ամսին այս փոքր ՀԷԿ-ը չպետք է աշխատի՝ համաձայն իր ջրօգտագործման թույլտվության: Օգոստոսին ՓՀԷԿ-ի չաշխատելու մասին նշված է նաև ԷկոԼուրին ուղղված՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանի № 2/10.1.5/7575 նամակում. ««Արգիճի» ՓՀԷԿ-ը՝ համաձայն N 000031 ՋԹ-ի, Արգիճի գետից օգոստոս ամսին ջրառ չի իրականացնում»:
Ամեն դեպքում ՓՀԷԿ-երի գործունեությունը վերահսկող մարմինները «Արգիճի» ՓՀԷԿ-ի աշխատել կամ չաշխատելու հանգամանքը կարող են հեշտությամբ ստուգել ինչպես «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ից, այնպես էլ ՀՀ կառավարության մշակած մեթոդով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2019թ-ի մարտի 14-ին ընդունել է 225-Ն որոշումը, որով կարգավորվում են ՀԷԿ-երի նկատմամբ վերահսկողության այլընտրանքային մեթոդները: Որոշմամբ հաստատված մեթոդը հնարավորություն է տալիս ՀԷԿ-երի կողմից միավոր ժամանակահատվածում արտադրված էլեկտրաէներգիայից ելնելով կատարել հետհաշվարկ՝ որոշելու համար օգտագործված ջրի ծավալը, այն համեմատել ջրօգտագորման թույլտվությամբ տրված ջրառի սահմանաչափի հետ, արձանագրել հնարավոր խախտումները և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցներ:
Օգոստոս 10, 2020 at 21:20