Նոյեմբերի 15-ին Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի առջև Հայաստանի կլիմայական արդարություն նախաձեռնությունն ակցիա անցկացրեց: Ակցիային մասնակցեց նաև շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, ով օրեր առաջ ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Ադրբեջանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվեցնիայի կողմերի համաժողովի՝ COP29-ի անցկացումը:
ՄԱԿ-ի շենքի դարպասների առջև ակցիայի մասնակիցները նշեցին, որ Ադրբեջանում այս օրերին ընթացող COP29-ը հարցականի տակ է դնում համաժողովի «Համերաշխություն հանուն կանաչ աշխարհի» ուղերձն իր բովանդակային բոլոր ուղղություններով՝ «Համաժողովի անցկացումը կանաչ շղարշի միջոց է Ադրբեջանի համար՝ կոծկելու այն բոլոր հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել բռնապետական պետության կողմից»,- նշեցին մասնակիցները:
«Ադրբեջանի ձեռքերին է ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ՝ արցախահայության էթնիկ զտումների և ցեղասպանական գործողություններից տուժածների արյունը: Կատարվել են խոշտանգումներ և բռնի տեղահանումներ, իսկ ֆիզիկական և հոգեբանական բռնությունները շարունակվում են։ Անընդունելի է, որ Ադրբեջանի նման երկիրն էթնիկ զտումներ իրականացնի և դրա համար չդատապարտվի։ Այս բռնությունը լռությամբ է ընդունվում միջազգային հանրության կողմից։ Մենք կոչ ենք անում միջազգային լրատվամիջոցներին այցելել Բաքու, հանդիպել պատանդների հետ և պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ռազմագերիներին և պատանդներին», - նշեց Գրետա Թունբերգը:
Ակցիայի ավարտին նախաձեռնության անդամներն ու աջակիցները ստորագրեցին և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց կողմից պատրաստված նամակը, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի վարչակազմի հակամարդկային քաղաքականությունը լեգիտիմացնելուց զերծ պահելու նպատակով կոչ ենք անում ձեզ անձամբ ներգրավվել՝ օգտագործելով ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմները, նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատման և փոխադարձ վստահության կառուցման գործողություններին: Հորդորում ենք ձեզ դատապարտել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների, հումանիտար իրավունքի ոտնահարումների, բնիկ հայերի էթնիկ զտում իրականացնելու, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և էկոլոգիական հանցագործությունների համար և Ադրբեջանից պահանջել դրանց համար պատասխանատվություն: Միաժամանակ հրավիրում ենք ձեր ուշադրությունը Ադրբեջանի պետական ապօրինություններն ու հանցագործությունները կոծկելու ու կանաչով շղարշելու գործողություններին և ակնկալում համապատասխան արձագանք»:
Նոյեմբեր 15, 2024 at 18:27