Աչաջուր. կլիմայական ռիսկերի ու էներգետիկ հեռանկարների խաչմերուկում

Աչաջուր. կլիմայական ռիսկերի ու էներգետիկ հեռանկարների խաչմերուկում

Մարտին Էկոլուրի թիմն այցելեց Տավուշի մարզի Աչաջուր գյուղ և հանդիպեց ակտիվ բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Աչաջրում անցկացվեց «Տավուշի մարզի կլիմայական ռիսկեր և էներգետիկ զարգացման հնարավորություններ» թեմայով դասընթաց և ներկայացվեցին կլիմայական և էներգետիկ ոլորտում տարվող քաղաքականությունները, տեղական մակարդակում տեղայնացման հնարավորությունները։

Աչաջրի մասին առաջին հիշատակումները եղել են դեռևս 16-րդ դարում: Գյուղը հարուստ է վանքերով, եկեղեցիներով ու խաչքարերով: 7 կմ հեռավորության վրա, անտառամերձ բարձունքում է գտնվում 12-րդ դարում կառուցված Մակարավանքը, որն Աչաջրի զբոսաշրջային գլխավոր գրավչությունն է:  

Բարեխառն կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկի մշակության, բանջարաբուծության ու խոզաբուծության զարգացման համար: Սակայն ներկայում գյուղատնտեսությունն առաջնահերթ չէ բնակիչների համար։ Սա հիմնականում պայմանավորված է ոռոգման ջրի անբավարարությամբ:

Բնակիչները շեշտեցին, որ առանց ոռոգման ջրի գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ, իսկ առանց գյուղատնտեսության՝ գյուղական կյանքը աստիճանաբար մարում է։ «Գյուղացին եթե ոռոգման ջուր չունենա, համարեք, որ գյուղ էլ չկա: Մեր հողերի մեծ մասն անջրդի է, որ կպնեն հողին, այդ աշխատանքի համար միևնույն է՝ ջուր չկա»,- նշեցին նրանք:

Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ոռոգման ջուր է վերցվել Աղստև գետից և հասցվել է մինչև Մակարավանք տանող ճանապարհ։

«Գյուղը կիսել ենք 2 մասի։ Մի թաղամասին մի օր ենք խմելու ջուր տալիս, մյուս թաղամասին՝ մեկ այլ օր։ Խմելու ջուրը բերում ենք սարից, 21 կապտաժ ունենք»,- ասաց Աչաջրի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը:

Նրա խոսքով՝ ներկայում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ փորձում են սուբվենցիա ստանալ խմելու ջրի արտաքին ցանցի ամբողջական վերանորոգման համար։ «Դրանից հետո ներքին ցանցի վերանորոգում կիրականացնենք: Ներքին ցանցը 55 կմ է», - նշեց վարչական ղեկավարն ու հավելեց, - «Ոռոգման համար էլ նախագիծ ենք անում «Հին Աչաջուր» կոչվող տարածքում՝ 9-12 հազար խմ տարողությամբ ջրամբար ենք նախատեսում կառուցել: Գետի ջուրն ունենք։ Մասնագետները եկել են, ստուգել»։

Ջրամբարի կառուցման դեպքում գյուղում կապահովվի 24-ժամյա ջրամատակարարում։ Ներկայում բնակիչներից ջրի վարձավճար չի գանձվում, սուբվենցիոն ծրագրի իրագործումից հետո ջրաչափեր կտեղադրվեն: «Համայնքապետարանն է հոգում ջրի ծախսերը: Լավ է, որ բնակչությանը չենք նեղացնում, բայց ջրաչափերի տեղադրումից հետո բնակիչները համաձայն օգտագործած ջրի վարձ պետք է վճարեն»,- ասաց Կարեն Ղալթախչյանը:

Բնակիչները պատրաստ են վճարել ջրի դիմաց, բայց ունենալ ամենօրյա ջուր. «Նախ տեսնենք հերիքում է, թե ոչ շուրջօրյայի համար, նոր մտածենք վճարելու մասին»,- ասացին բնակիչները։

Աշխատունակ բանկչությունն իր եկամուտներն ապահովում է վարձու աշխատանքի միջոցով, արտագնա աշխատանքի և մասամբ՝ տնամերձ հողամասերի մշակման արդյունքում։ Կարեն Ղալթախչյանը նշեց․ «Ամեն տարի շուրջ 1000 տղամարդ լքում է գյուղը»:

Քննարկվեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ պետական ռազմավարությունների ու Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներով խրախուսվում է գյուղական կոոպերատիվների ստեղծումը։ Բնակիչների կարծիքով՝ կոոպերատիվների ստեղծմանը խոչընդոտում է դրանց հանդեպ թերահավատությունը, ինչը բացատրվում է տեղեկատվության պակասով։ Մյուսը, կոոպերատիվների արդյունավետության թերագնահատումն է և գործընթացին ներգրավվելու մոտիվացիայի բացակայությունը։

«Հարցն այն է, թե որքանով է մոտիվացված մարդը և ցանկանում այդ գաղափարը մինչև վերջ իրականացնել․․․ Մարդիկ գաղափար ունեն։ Կարող է՝ գումար էլ ունենան ինչ-որ գործ սկսելու համար, բայց արտադրած ապրանքը շուկայում շատ դժվար է իրացնել։ Մեծ խնդիր է, մրցունակ չես, անասուն պահելը, հող մշակելը խնդիր է․․․ Մարդիկ անասուններին պահում են իրենց ընտանեկան կարիքների համար, խոշոր անասնապահները քիչ են՝ մոտ 10 հոգի  60-70 գլուխ անասուն է պահում․․․ ժամանակակից կյանքը, նորագույն տեխնոլոգիաները հեռացրել են գյուղացուն գյուղատնտեսական կյանքից: Համայնքային կյանքը ժամանակի ընթացքում շատ է փոխվել: Ընդհանուր գաղափարներն ու նպատակները, որ կային կոլտնտեսությունների ժամանակ, այլևս չեն գործում»,- նշեցին բնակիչները:

Բնակիչները նշեցին Աչաջրին բնորոշ կլիմայական ռիսկերը՝ եղանակային կտրուկ փոփոխություններ, ջրհեղեղներ, երաշտներ, սողանքներ և կարկուտ, վերջին տարիներին հաճախակի են և էական վնաս են հասցնում բերքատվությանը։ «Վաղ գարնանն արդեն ծաղկած ծառերը ցրտահարությունների հետևանքով այլևս բերք չեն տալիս․․․ Նախորդ տարի ջրի վարարման հետևանքով սելավը գյուղում պատեր է քանդել․․․  Աղետի գոտի ենք ճանաչվել: Ջրերը վարարել էին անձրևից: Հատուցում մինչև հիմա չեն տվել»,- ասացին բնակիչները:

Աչաջուրն անտառամերձ գյուղ է և անտառների կառավարման խնդիրն էական նշանակություն ունի գյուղի համար։ Բնակիչների հավաստմամբ՝ վերջին տարիներին ապօրինի անտառահատումների թիվը զգալիորեն նվազել է։

«Անտառը չի կտրվում, թափուկ էլ չի առաջանում, հիմնականում առաջանում է քամիներից։ Ամեն տարի թափուկի 8-10 հազար խմ-ի հայտ ենք ներկայացրել  անտառտնտեսությանը։ Այս տարի շատ քիչ է եղել, տվել ենք միայն նպաստառուներին: Մեր թափուկը գյուղից 25 կմ հեռավորության վրա է, սարերում: Բայց նպաստառուները ֆինանս չունեն թափուկները բերելու համար:  Ոչ մեկը չկարողացավ բերել: Հիմնականում գազ են օգտագործում գյուղում»,- ասաց Կարեն Ղալթախչյանը:

Գյուղը գրեթե ամբողջությամբ գազաֆիկացված է։ Նախորդ տարվանից բնակիչները սկսել են կիրառել նաև արևային էներգիան, սակայն մտավախություն ունեն արդյունավետության ու ծախսի արդարացվածության վերաբերյալ: «Առաջին ներդրումը շատ մեծ գումար է... Կուտակիչները թանկ են։ Ասում են՝ 6 տարում հետ է գալիս քո գումարը, բայց մարդիկ կասկածում են: Հարց է առաջանում՝ որքանով այդ համակարգը մեր տարածքում կաշխատի... Մի քանի տարի հետո, եթե տեխնոլոգիաները կատարելագործվեն, գները իջնեն, շատերը կանցնեն արևային համակարգերի»,- նշեցին բնակիչները:

Գյուղի մանկապարտեզի վրա արդեն իսկ տեղադրված է արևային կայան, նախատեսվում է տեղադրել նաև մշակույթի տան տանիքին:

Էկոլուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց համայնքային արևային կայան ստեղծելու մոդելը, որը կհոգա համայնքի ծախսերն ու կարիքները: «Համայնքը դառնում է բաժնետեր և օգտագործում սեփական արտադրած էլեկտրաէներգիան՝ զրոյացնելով ծախսերը և վերավաճառելով ավելցուկը ՀԷՑ-ին»,- նշեց նա։

Գյուղացիները քննարկեցին այլընտրանքային էներգակիրների տարբերակները․ «Թափոններից կարելի է բրիկետներ սարքել, և՛ աշխատատեղ է, և՛ այլընտրանք: Աթարից բիոգազ են ստանում, եթե կարողանանք այդպիսի բան անել, անասնապահությունն էլ կզարգանա»։

Մայիս 02, 2025 at 10:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր