

ԷկոԼուր
Փետրվարի 5-ին Ջերմուկում տեղի ունեցած «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հարկավոր է համարել չկայացած, իսկ «Բի Էս Բի» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերի փաթեթը վերադարձնել ընկերությանը: Այս մասին նշված է Համահայկական Բնապահպանական Ճակատի անդամ Լեւոն Գալստյանի` ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված նամակում: Որպես պահանջի հիմնավորում նամակում գրված է. «2013թ. փետրվարի 5-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունեցան «Բի Էս Բի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ, որը անցկացվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի մեջ նշված ժամկետների ակնահայտ խախտումով: Այդ փաստաթղթերը տեղադրվել էին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում դեռևս 2012թ. նոյեմբերի 19-ին, որից հետո երկու անգամ հայտարարվել էին լսումներ անցկացնելու մասին, սակայն դրանք չէին կայացել ձեռնարկողի անպատասխանատու պահվածքի պատճառով (առաջին անգամ նշված էր եղել գոյություն չունեցող հասցե, իսկ երկրորդ անգամ ձեռնարկողը չեր ներկայացել): Քանի որ վերը նշված օրենքում սահմանված ժամկետներում լսումներ չէին կազմակերպվել, ապա Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ը պետք է հետ վերադարձներ ներկայացրած փաստաթղթերը ձեռնարկողին, այլ ոչ թե մասնակցեր այս անօրինական լսումներին:
Նշեմ, որ լսումները պատշաճ կազմակերպված չէին. ներկա էր միայն նախագծող ընկերության ներկայացուցիչ պարոն Մեժլումյանը, ով պնդում էր, որ իրեն բանավոր լիազորել են հանդես գալ ձեռնարկողի անունից, իսկ Ջերմուկի քաղաքապետարանից ընդհանրապես ներկայացուցիչ չկար: Լսումների ժամանակ արձանագրություն չէր կազմվում, իսկ քննարկումների ընթացքում ներկաներին պարզ դարձավ, որ պարոն Մեժլումյանը լավ ծանոթ չէ նախագծին, քանի որ նրա պատասխանները հաճախ հակասում էին նախագծում գրված փաստերին: Պարզվեց նաև, որ ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, բացակայում են բազմաթիվ կարևոր հանգամանքներ, բնապահապանական մասը թերի է և կազմված է իմիջիալյոց: Գրված են ընդհանուր, մասնագիտական գրականությունից վերցված տարբեր տվյալներ, որոնք ոչ մի տեսակ ուսումնասիրություններով հիմնավորված չեն: Չկա նշված, թե խողովակաշարի անցկացման ժամանակ ինչ վտանգներ կարող են առաջանալ` կապված լանդշաֆտի խախտումների, ծառահատումների և հողի բերրի շերտի տեղափոխման հետ: Նշված է, որ ծառերի և թփերի հատման կարիք չկա, բայց նախագծում ներկայացված քարտեզ-սխեմայում պարզորոշ երևում է, որ խողովակաշարի մի մասը անցնում է անտառապատ տարածքով: Գետի էկոլոգիական թողքը սահմանված է 0,05 խմ/վրկ, որը, ըստ լսումների ժամանակ ներկայացված անկախ փորձագետ-ձկնաբանի եզրակացության, բավարար չէ կենսաբազմազանության գոյատևման համար: Նախագծի մեջ կան բազմաթիվ իրար հակասող փաստեր, տեղանունների սխալներ, որոնք վկայում են, որ այն կազմված է անփույթ և ոչ հիմնավոր: Ընդհանրապես բացակայում է, թե ինչ է նախատեսում անել ձեռնարկողը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու համար:
Այդ բացթողումների և այլ ոչ լիարժեք փաստերի մասին նշեց նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետ Կարինե Մովսիսյանը: Այս ամենը մեկ անգամ ևս հիմնավորեց այն տեսակետը, որ «Բի Էս Բի» ՍՊԸ-ն լուրջ չի վերաբերվում հասարակական լսումներին և ընդհանրապես փորձաքննության գործընթացին:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա կարծում եմ, որ «Բի Էս Բի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումները, որն անցկացվել է ս. թ. փետրվարի 5-ին` ժամը 13.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, պետք է չեղյալ ճանաչել և վերադարձնել տվյալ ընկերության կողմից ներկայացված նախագծային փաստաթղթերը»: «ԷկոԼուր»-ը միանում է Լեւոն Գալստյանի դիմումին:
Փետրվար 15, 2013 at 11:51
