Մարց գյուղի դպրոցականներ` ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ ՓՈՔՐ ՀԷԿ-ԻՆ

Մարց գյուղի դպրոցականներ` ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ ՓՈՔՐ ՀԷԿ-ԻՆ

ԷկոԼուր

Մարց գյուղի եւ մեծերը, եւ փոքրերը դեմ են Մարց գետի վրա հերթական փոքր ՀԷԿ-ի կառուցմանը: Նրանք իրենց կարծիքը հայտնեցին մարտի 12-ին Մարցի գյուղապետարանում տեղի ունեցած «Մարցէներջի» ՍՊԸ կողմից ներկայացված   «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ:

Լսումներին մասնացում էին Մարց գյուղի բնակիչները, Լեռնիկ Սիմոնյանը` ենթադրաբար «Մարց էներջի» ընկերության ղեկավարը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լաուրա Բալայանը, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը, «կանաչ» շարժման ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը:

Ներկայացնում ենք հատված բնակիչների եւ Լեռնիկ Սիմոնյանի բանավեճից:
Մարց գյուղի ծերունի.
-Գետը ու՞մն է:
Լեռնիկ Սիմոնյան.
-Գետը պետական սեփականություն է:
Մարց գյուղի ծերունի.
-Բա մենք ո՞վ ենք:
Լեռնիկ Սիմոնյան.
-Պետության մարդիկ եք...
Մարց գյուղի ծերունի.
-Ու՞մ համայնքինն է պատկանում էդ գետը` պետությա՞նը: Բա մենք ո՞վ ենք...Մեր համայնքի պետությունը մենք ենք:
…Քեզ պես հարյուրավոր մարդիկ եկել են, էսպես խոսացել են, խոստումներ են տվել ու գնացել..
….Գետը Մերն է, պետությանն է, ես էլ պետության մարդն եմ...
Աշակերտուհի Անահիտ.
-Դուք ասում եք մեր պետությունը գտնվում է տնտեսական վատ վիճակում, դուք կառուցում եք ՀԷԿ, և դա պատկանում է անհատ մարդու, և այդ ՀԷԿ-ում աշխատելու են մարդիկ, ովքեր գյուղից չեն լինելու: Մենք տեսել ենք նախկին երկու ՀԷԿ-երի կառուցումից հետո գյուղացուն դրանից ի՞նչ օգուտ, եթե հիմա էլ աշախատում է, էլի ՀԷԿ կա:
Եթե դուք գալիս եք, մեր գետը փչացնում եք, մենք ամառը չենք լողանալու: Ազդում եք կենդանական աշխարհի վրա, ազդում եք բնության վրա ու դուք ասում ե ք, որ երկրի տնտեսական վիճակի համար ե՞ք անում:
Լեռնիկ Սիմոնյան.
-Հիմա որ շինարարությունը սկսվեց, դու կտեսնես, որ ձեր գյուղի բնակիչներ կաշախտեն…
Աշակերտուհի Անահիտ.
-Բայց չէ որ դա մեզ ձեռնտու չէ... Երբ որ կառուցեցին ներքևը, մենք տեսնում ենք, որ խողովակաշարով է գնում 6 կմ շարունակ, ընդհանրապես ջրազրկվել է, ջուր չի գնում, բարակ առուներ են գնում, ոնց որ դույլերով: Ջուր ես լցնում այդ գետի մեջ հսկայական գետի փոխարեն, դուք էլ ասում եք, որ գետը չի ցամաքելու, նույն իրավիճակը տեղի է ունենալու վերևի մասում, դու՞ք ինչպես ե՞ք ասում, որ գետը չի ցամաքելու…
Լեռնիկ Սիմոնյան.
-Դե հիմա մենք ձեզ հետ պայքարենք, որ իրենք էլ ջուրը բաց թողնեն… Եկեք միասին պայքարենք:
Աշակերտուհի Անահիտ.
-Մեզ դա պետք չէ, մեզ պետք է, որ մեր գետը մնա այնպես, ինչպես որ եղել է…
Լեռնիկ Սիմոնյան.
-Շատ մեծ գետը ձեզ խանգարելու ա...
-Ոչ մի անգամ ես չեմ լսել մեր պատմության մեջ, որ գետը մեզ խանգարի: Ես ուզում եմ ամբողջ դպրոցի աշակերտության կողմից ասեմ` Մենք` բոլորս, դեմ ենք... Եթե պետք լինի մենք բոլորս էլ կստորագրենք բոլոր պետական փաստաթխթերի տակ և կհայտնենք մեր կարծիքը:
Երեխաներ
-...ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ:
Լեռնիկ Սիմոնյան.
-Լավ խելոք կազմակերպել բերել եք...
Աշակերտուհի Անահիտ.
-Դա յուրաքանչյուրի կամքն է... Ո՞վ է կազմակեպել...Ես ինքս հինգ տարի գետ չեմ իջել, բայց այս երեխան ամեն օր է իջնում.. Չի կառուցվելու:

«ԷկոԼուր»-ի հարցին, թե ով է կազմում հասարակական լսումների արձանագրությունը, «Մարց էներջի» ընկերության տնօրեն Լեռնիկ Սիմոնյանը պատասխանեց, որ արձանագրություն չի լինելու:

Հասարակական լսումների արձանագրային բովանդակությանը ծանոթացեք «ԷկոԼուր»-ի տեսանյութի միջոցով:



Մարտ 13, 2013 at 17:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր