

Տաթեւիկ Գրիգորյան, ԷկոԼուր
Մարտի 16-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղ ունեցած ասուլիսի ընթացքում բանախոսներ Մերի Խաչատրյանը, Լևոն Գալստյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ), Ինգա Զարռաֆյանը («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ) և Թեհմինե Ենոքյանը (լրագրող) խոսեցին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հասարակական լսումների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների և լրագրողների ու հանրության իրավունքների ոտնահարման մասին:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Բնապահպանության նախարարությունը կազմակերպել էր «Խաչաղբյուր-2ե ՓՀԷԿ-ի հասարակական լսումները, որի ժամանակ լրագրողներին և գյուղի բնակիչներին թույլ չէր տրվել մասնակցել ՀԷԿ-ի կառուցման նախագծի քննարկմանը:
«Բնապահպանության նախարարությունը՝ արգելելով հասարակության կարևոր ներկայացուցիչներին, ԶԼՄ-ին և գյուղի բնակիչներին մտնել լսումների սենյակ, թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում և խախտել է Օրհուսի կոնվենցիայի հանրության մասնակցության դրույթները, որը պետք է ապահովեր հրապարակայնություն»,- ասաց իրավաբան Մերի Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ լսումների ընթացքում հնչած ոգևորիչ և շնորհակալական ելույթները ոչ մի կերպ չեն առնչվել թեմային, իսկ ՀԷԿ-ի կառուցման որոշումը, եղել է միայն ավագանու 7 ներկայացուցիչներից 5-ի համաձայնությամբ:
«Համայնքի ղեկավարն իրեն իրավունք վերապահեց 5 անձի անունից հայտարարելու, որ Գետահովիտի բնակիչները համաձայն են: Սա ուղղակի ծիծաղելի էր, և մենք այս լսումներից հետո պատրաստվում ենք արդեն նախաձեռնության անունից ներկայացնել մասնագիտական մեր հիմնավորումներն ու առարկություները»,-նշեց Խաչատրյանը:
Լևոն Գալստյանը հավելեց, որ մասնագիտական ոչ մի հարցադրում չի հնչել ներկաների կողմից, իսկ իրենց կողմից հնչեցված հարցադրումները այդպես էլ չեն ստացել իրենց պատասխանները:
«Ինձ թվում է` արդեն պարզ է, որ նախաձեռնող ընկերությունը չէր տիրապետում մասնագիտական հարցերի պատասխաններին: Խոսվել է ատոմակայանի, երկրի սոցիալական վիճակի մասին, իսկ բնապահպանության մասին մոռացել էին: Այսինքն՝ դա կազմակերպվել էր միայն նրա համար, որպեսզի համարվի, որ անցկացվել են մասնագիտական լսումներ»,- ասաց Լևոն Գալստյանը:
Նա նշեց, որ ՓՀԷԿ-ի նոր նախագծում նշված է, որ 141 ծառ պետք է հատվի, սակայն թե ինչպես են որոշել, որ այդքան ծառ պետք է հատվի, պարզ չէ:
«Դա արժանահավատ չէ, քանի որ նախագծում նշված է խողովակի երկարությունը 2.5 կմ, սակայն մեր հաշվարկներով դա կազմում է 3 կմ, որի մի մասը անցնում է խիտ անտառով: Եթե հինգ մետր լայնությամբ ճանապարհ բացվի խիտ անտառում, պարզ է դառնում, որ 141 ծառից ավելի շատ պետք է հատվի»,- ասաց Լեւոն Գալստյանը:
Նա նաւ նշեց, որ լսումներ արդեն մեկ անգամ անցկացվել են Գետահովիտում դեկտեմբերի 6-ին, որտեղ բնակչության 99%-ը դեմ է եղել կառուցմանը, սակայն այս լսումներում պարզվեց, որ բնակիչներն այդքան էլ դեմ չեն: «Դա արվում է ահաբեկումների միջոցով»,- ասաց Լեւոն Գալստյանը:
Իր տեսակետը նաև արտահայտեց լրագրող Թեհմինե Ենոքյանը:
«Երբ լրագրողներին խոչընդոտում էին առհասարակ դահլիճում ներկա գտնվել, մտքովս անցավ տեսախցիկը Մերիի և Լևոնի հետ ուղարկել տվյալ լսումների դահլիճ: Տեսագրությունը կա Youtube-ում «Գետահովիտ. փակ դռներից այն կողմե վերնագրով: Այն ինչի մասին խոսեցին Լևոնը և Մերին կարող եք ինքներդ համոզվել»,- ասաց Թեհմինեն: Նա իր խոսքում նաև անդրադարձավ «Խոսրովի անտառե պետական արգելոցի տնօրենի ընտրության մրցույթին, որին ևս լրագրողներին թույլ չէին տվել մասնակցել: Լրագրողը նշեց, որ այնտեղ ևս նմանատիպ անօրինականություններ են եղել:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ հասարական լսումները բաց քննարկում են, իսկ Բնապահպանության նախարարությունն այն անցկացրել է մի շենքում, որն ունի հատուկ ռեժիմ, որտեղ կարելի է անցնել հատուկ փաստաթղթով, իսկ դա արդեն օրենքի խախտում է: Նա նաև իր դժգոհությունն արտահայտեց նախարարաության այն որոշման վերաբերյալ, ըստ որի ներկաները միայն lifestream-ի միջոցով կարող էին հետևել լսումների ընթացքին:
«Մենք համարում ենք, որ մասնակցելը հասարակական լսումներին և ուղղակի կողքից նայելը լրիվ տարբեր բաներ են: Եւ եթե նախարարությունը կարծում է, որ այս ձեւով ինքը մասնակցում է, խորհուրդ ենք տալիս նախարար Արամ Հարությունյանին եւ Բնապահպանության նախարարության բոլոր պաշտոնյաներին` չծախսել ավելորդ գումարներ պետբյուջեից եւ բոլոր միջազգային կոնֆերանսներին, ֆորումներին մասնակցել lifestream-ի միջոցով: Մենք պատրաստվում ենք դիմել Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե, որովհետև կարծում ենք, որ կոնվենցիայի ամբողջ երկրորդ մասը, որը վերաբերում է հասարակական մասնակցությանը էկոլոգիական որոշումների կայացման գործընթացին, խախտվել է սկզբից մինչև վերջ»,- նշեց Ինգա Զարաֆյանը:
Ստորեւ ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը:
Հիմնվելով հինգ հոգու կարծիքի վրա` հայտարարվում է, որ Գետահովտի համայնքը կողմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը
HayNews.am
Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին՝ Կառավարության 3-րդ մասնաշենքում, կազմակերպեց «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները:
Այսօր նշված թեմայով լրագրողների հետ հանդիպում ունեցան «Թռչկան քաղաքացիական նախաձեռնության» անդամներ Լևոն Գալստյանը և Մերի Խաչատրյանը:
Վերջինիս խոսքով` լսումները անցկացվեցին հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անցագրով կամ հատուկ թույլտվությամբ, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում է. «Այդ լսումներին Գետահովիտի բնակիչներից ևս պետք է ներկա լինեին,սակայն ԲՆ-ի առաջին հարկում ասացին,որ գյուղացիները չեն կարող բարձրանալ,քանի որ գյուղից արդեն երեք հոգի բարձրացել է և տեղերը սահմանափակ են: Նախարարությունից առաջարկեցին գնալ Ավետիք Իսահակյանի անվան գրադարան,որտեղից հնարավոր կլիներ հետևել ուղիղ հեռարձակմանը»:
Իրավաբանի խոսքով` գրադարանից կարելի էր ընդամենը հետևել լսումներին և ոչ թե մասնակցել,իսկ այդ երեք անձինք ոչ թե սովորական գյուղացիներ էին,այլ՝ ավագանու անդամ:
Մերի Խաչատրյանի ներկայացմամբ սահմանափակվել է նաև լրագրողների մուտքը լսումների վայր. «ԲՆ-ն, ԶԼՄ-ների մուտքը արգելելով սենյակ, օրենքի խախտում է թույլ տվել: Որպես պետական մարմին՝ նախարարությունը պետք է ապահովեր անհրաժեշտ պայմաններ, և եթե փոքր էր տարածքը, պետք է տեղափոխեր լսումները գրադարան»:
Անդրադառնալով լսումներին` իրավաբանն ասաց, որ մասնագիտական ելույթների ժամանակ տեղի ունեցան ելույթներ, որոնք չէին կարող լինել մասնագիտականին բնորոշ:
«Գյուղից եկած տարեց մարդիկ շնորհակալություն էին հայտնում, որ իրենց հարգել և հրավիրել են այդ հանդիպմանը, որը չէր համապատասխանում հանդիպման ֆորմատին: Ավագանու յոթ անձինց հինգը դրական եզրակացություն են տվել ՓՀԷԿ-ի կառուցմանը և, հիմնվելով այդ հինգ հոգու կարծիքի վրա, հայտարարվում է, որ Գետահովտի համայնքը կողմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը,ինչը սխալ է»,- ասաց «Թռչկան քաղաքացիական նախաձեռնության» անդամը:
Աշխարհագրագետ Լևոն Գալստյանն էլ հավելեց, որ եթե իրենք ներկա չլինեին լսումներին, ոչ մի մասնագիտական հարցադրում չէր լինի. «Այն կազմակերպվել էր միայն նրա համար, որ ասվեր,թե անցկացվել է մասնագիտական լսում»:
Նա նշեց, որ ՓՀԷԿ-ի նոր նախագծում նշված է, որ 141 ծառ պետք է հատվի, սակայն թե ինչպես են որոշել, որ այդքան ծառ պետք է հատվի, պարզ չէ:
«Դա արժանահավատ չէ, քանի որ նախագծում նշված է խողովակի երկարությունը 2.5 կմ, սակայն մեր հաշվարկներով դա կազմում է 3 կմ, որի մի մասը անցնում է խիտ անտառով: Եթե հինգ մետր լայնությամբ ճանապարհ բացվի խիտ անտառում, պարզ է դառնում, որ 141 ծառից ավելի շատ պետք է հատվի»,- ասաց աշխարհագրագետը:
Լևոն Գալստյանը հայտնեց, որ լսումներ արդեն մեկ անգամ անցկացվել են Գետահովիտում, որտեղ բնակչության 99%-ը դեմ է կառուցմանը. «Երեկ պարզվում է, որ այդքան էլ դեմ չեն, սակայն դա արվում է ահաբեկումների միջոցով»:
Երեկվա լսումների ժամանակ բանախոսը լսել է կարծիք, թե Հայաստանի բոլոր առվակների վրա պետք է ՀԷԿ կառուցել, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է:
Նախարարությունը խախտե՞լ է Սահմանադրությունը
Ա1+
Բնապահպանության նախարարությունը խախտել է լրատվական միջոցների և հասարկայնության `էկոլոգիական կարևոր որոշումների ընդունման գործընթացին ներկա գտնվելու ու մասնակցելու իրավունքը։ Հայտարարում են բնապահպանները։
Անդրադառնալով մարտի 15-ին կառավարության 3-րդ մասնաշենքում բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հասարակական լսումներին` նշեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը:
Ըստ նախատեսվածի` լսումներին պետք է մասնակցեին թե լրատվական միջոցները,թե Գետահովիտ համայնքի ներկայացուցիչները:Սակայն լսումները անցկացվել են փակ դռների հետևում:
Լսումներին Գետահովիտ համայնքը ներկայացնող գյուղապետը և 3 ավագանու ներկայացուցիչները կողմ են արտահայտվել ՓՀԷԿ-ի կառուցմանը,մինչդեռ դեկտեմբերի 6-ին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված լսումներին կառուցմանը դեմ է արտահայտվել գյուղացիների 99 տոկոսը:
«Թռչկան» նախաձեռնության անդամները նշեցին, որ պայքարելու են մինչև վերջ, քանի որ խախտվել են Սահմանադրության մի շարք դրույթներ:
Խաչաղբյուր գետի վրա կառուցվելիք փոքր ՀԷԿ-ի նախագիծը` բուռն վեճի առիթ
www.armnewstv.am
Բնապահպանները ոչ թե դեմ են ընդհանրապես ՀԷԿ-երի կառուցմանը, այլ մասնագիտական հստակ գնահատական են ուզում:
Բնապահպան ակտիվիստները դժգոհ են մարտի 15-ին Բնապահպանության նախարարությունում կազմակերպված հանրային լսումից: Սեղանին Գետահովիտ համայնքում Խաչաղբյուր գետի վրա կառուցվելիք ՀԷԿ-ի նախագիծն էր: Նախարարության պատասխանը նրանց չի գոհացրել, եթե հանրային էր լսումը, ինչո՞ւ քննարկումը փոքր սենյակում արեցին ու սահմանափակեցին մասնակիցների թիվը:
Սա հարցի մի կողմն է: Ակտիվիստներից քննարկմանը մասնակցելու համար նախապես դիմել էին Մերի Խաչատրյանն ու Լևոն Գալստյանը: Նրանք մասնակցեցին: Մասնագիտական հարցեր բարձրացրին, որոնց պատասխանն այդպես էլ չստացան: Նախագծում նշված է, որ ՀԷԿ-ի կառուցման համար 141 ծառ պետք է կտրվի:
Պատասխան չի հնչել: Լևոն Գալստյանը շարունակել է: Ըստ նախագծի` ՀԷԿ-ի շինարարության համար 2,5 կմ խողովակ պետք է անցկացվի: Այն անցնելու է Իջևանի արգելավայրով: Ի՞նչ լայնության ճանապարհ պետք կլինի ծառերից ազատել: Մոտավոր պատասխանը եղել է 5 մետր: Այդ դեպքում բնապահպանները վստահ են, ոչ թե 141, այլ ավելի շատ ծառ կկտրվի: Նախագծում և քննարկմանը չեն ստացել նաև ամենագլխավոր հարցի պատասխանը:
Խաչաղբյուր գետի վրա արդեն մեկ ՀԷԿ կառուցված է, ինչպե՞ս կփոխվեն գետն ու շրջակա միջավայրը 2-րդը կառուցելու դեպքում: Բնապահպանները ոչ թե դեմ են ընդհանրապես ՀԷԿ-երի կառուցմանը, այլ մասնագիտական հստակ գնահատական են ուզում: Դրանից հետո միայն կարող են ասել, թե ՀԷԿ-ը որքան կնստի էկոհամակարգի և համայնքի վրա:
Կրկին սրվել են բնապահպանների և բնապահպանության նախարարության հարաբերությունները
Արտակ Բարսեղյան, «Ռադիոլուր»
Կրկին սրվել են բնապահպանների և բնապահպանության նախարարության հարաբերությունները: Այս անգամ առիթ նանդիսացան նախօրեին նախարարությունում անցկացված «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում բնապահպանները հայտարարեցին, որ լսումները փաստորեն անցել են փակ դռների ետևում և չի ապահովվել դրանց թափանցիկությունը: Բացի դրանից, լսումներում հնչած ելույթները մտահոգել են բնապահպաններին: Բնապահպանության նախարարությունում երեկ տեղի ունեցած հասարակական լսումներին չէն կարողացել մասնակցել լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Պատճառը` նախարարության հատուկ պապանվող հիմնարկի կարգավիճակն է և լսումների անցկացման սենյակի սուղ հնարավորությունները: Թեպետ ցանկացողները հնարավորություն են ունեցել հետևել լսումներին համացանցով Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հարակից տարածքում, այնուամենայնիվ հեռարձակման ընթացքում բազմիցս տեղ է գտել ձայնի փոխանցման խոտան:
Ինչևիցե, լսումների ընթացքում քննարկվել է «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի վերամշակված նախագիծը: Անցյալ տարի դեկտեմբերի 6-ին Գետահովիտ գյուղում կայացած լսումներում համայնքի բնակչության գերակշիռ մեծամասնությունը դեմ էր հանդես եկել կայանի շինարարությանը: Իսկ երեկ գյողապետ Արթուր Ղազարյանը անակնկալ ելույթ է ունեցել նախարարությունում, վկայեց լսումներին ներկա «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը:
Ինչպես պարզվեց, նախագծի վերաբերյալ դրական կարծիքը ձևավորվել է ավագանու նիստում, և այսպիսով ավագանու դիրքորոշումը խիստ տարբերվում է համայնքի բնակիչների կարծիքից: Ելնելով այս իրավիճակից, բնապահպանները ձեռնամուխ են եղել մասնագիտական հակափաստարկների և հիմնավորումների նախապատռաստմանը և ներկայացմանը: Ըստ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի, ֆորմալ առումով նախարությունում կայացած լսումները կրում էին մասնագիտական բնույթ, սակայն իրականում պարզվեց, որ միջոցառումը հրավիրվել էր նախագիծը անցկացնելու նպատակով` ի հակակշիռ Գետահովիտում տեղ գտած դժգոհությանը:
Բնապահպանը հավելեց, որ Խաչաղբյուր գետի վրա նոր ՀԷԿ-ի կառուցումը կհանգեցնի տեղանքի էկոհամակարգի անդառնալի խախտմանը: Ամեն դեպքում «Խաչաղբյուր-2» նախագծի շուրջ զարգացումները շարունակելի են: Համենայն դեպս բնապահպան-ակտիվիստները վճռական են տրամադրված:
Գետահովիտ համայնքի ղեկավարը հինգ անձի անունից հայտարարել է, թե բնակիչները համաձայն են ՀԷԿ-ի կառուցմանը
www.econews.am
Այսօր «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մերի Խաչատրյանը և Լևոն Գալստյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեցին երեկ` մարտի 15-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հանրային լսումների ընթացքում նկատած բացթողումները:
Իրավաբան Մերի Խաչատրյանի խոսքով` ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի և ներսում կայացած քննարկումներից կարելի է եզրակացնել, որ լսումները մասնագիտական էին:
«ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում` խախտելով Օրհուսի համապատասխանության կոնվենցիայի` լսումներին հանրության մասնակցության դրույթը: Նախարարությունը` որպես պետական լիազոր մարմին, պատրավոր էր ապահովել լսումների հրապարակայնությունը և ոչ թե քայլեր ձեռնարկել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց թիվը կրճատելու ուղղությամբ: Կարելի էր լսումներն անցկացնել ոչ թե նախարարությունում, այլ հենց Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում, որպեսզի ապահովեր բոլորի մասնակցությունը` չպատճառաբանելով, թե դահլիճը փոքր է: Այս քայլով Բնապահպանություն նախարարությունը ևս մեկ անգամ փաստեց, որ ինքը ցանկություն չունի թափանցիկ աշխատելու»,- ասաց Մերի Խաչատրյանը:
Նախաձեռնության անդամներին անհանգստացրել է նաև լսումներին ներկա ավագ սերնդի մի քանի ներկայացուցիչների երկարաշունչ ելույթները, որոնցում բացի վերջիններից հրավիրելու համար շնորհակալություն էին հայտնելուց, մասնագիտական ոչ մի խոսք չկար: «Նրանք խոսեցին ընդհանուր այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին, մինդեռ դասախոսական ելույթների փոխարեն պետք է քննարկվեր կոնկրետ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագիծը»,- նշում են նախաձեռնության անդմաները:
Դեկտեմբերի 6-ին կայացած հանրային լսումների` բնապահպանների տարածած տեսագրության մեջ հստակ երևում է, որ գյուղի բնակիչներից ներկա էր մոտավորապես 100 բնակիչ, որոնց 99%-ը դեմ է արտահայտվում ՀԷԿ-ի կառուցմանը: Մինչդեռ, լսումների ավարտին համայնքի ղեկավարը հայտարարեց, որ համայնքը դրական կարծիք է հայտնել, և ինքն անձամբ համաձայն է ՀԷԿ-ի կառուցմանը: Ավելին, նախապես կառուցող ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել ինչ-որ սոցիալական փաթեթներ իրականացնելու համար:
«Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս ստացվեց, որ այժմ բնակիչները համաձայն են: Պարզվում է, համայնքի ղեկավարը դա կապում է 2013թ-ի փետրվարի 15-ի «Մեգաէներգի» ՍՊԸ կողմից ՓՀԷԿ կառուցելու վերաբերյալ Գետահովիտ համայնքի ավագանու որոշման հետ, ըստ որի յոթ անձից հինգը համաձայն են, որպեսզի ՀԷԿ-ը կառուցվի: Ավելին, իրեն իրավունք է վերապահում ասելու նախարարին` եթե շրջակա միջավայրին չի վնասի, ապա թող ՀԷԿ-ը կառուցվի: Համայնքի ղեկավարն իր լիազորություններից տեղյակ չէր և իրեն իրավունք վերապահեց հինգ անձի անունից հայտարարել, թե Գետահովիտ համայնքի բնակիչները համաձայն են ՀԷԿ-ի կառուցմանը»,- ասում է Մերի Խաչատրյանը:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է մասնագիտական հիմնավորումներ և առարկություններ ներկայացնել լսումների վերաբերյալ:
«Արա՛մ Հարությունյան, ավել գումար մի՛ ծախսեք»
Henaran.am
«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հանրային լսումները հանրային չեն եղել, բնապահպաններն ու հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել քննարկմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասազցին բնապահպանները:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը նշեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այդ քննարկումը կազմակերպել է կառավարական շենքում, որտեղ յուրաքանչյուրը չէր կարող մուտք գործել, իսկ նրանք, ովքեր էլ ներս են մտել, թույլտվություն չեն ունեցել ներկա գտնվել լսումներին:
Նախարարությունը պատճառաբանել է, որ տարածքը փոքր է, և նախապես հրավիրվածները չեն կարող մուտք գործել: «Բնապահպանության նախարարությունը փաստեց, որ ցանկություն չունի թափանցիկ աշխատել»,-ասաց Խաչատրյանը: Նա հավելեց, որ նախարարությունը հայտարարել է, թե ուղիղ եթերով Life stream-ով հնարավորություն կտրվի հետևել լսումներին: Սակայն ինչպես նշեց բնապահպան Ինգա Զարաֆյանը, այդպես անհնար է մասնակցել քննարկումներին, սեփական կարծիքն արտահայտել:
«Խորհուրդ ենք տալիս նախարար Արամ Հարությունյանին չծախսել ավելորդ գումարները պետբյուջեից և բոլոր միջազգային ֆորումներին մասնակցել Life stream-ի միջոցով»,-ասաց Զարաֆյանը:
«Թռչկանի» ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հավելեց, որ իրենք դեմ չեն, որ Հայաստանում ՀԷԿ-եր կառուցվեն, սակայն ոչ այդքան շատև աղտոտելով բնությունը:
Այս մասին բնապահպանները նամակ են ուղարկել ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Այն ներկայացնում ենք ստորև՝
«Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անցագրով կամ հատուկ թույլտվությամբ, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում է: 4-րդ հոդվածն ասում է. «…ապահովել հասարակության ներգրավումը եւ մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում»: Դրա հետ մեկտեղ նախարարության աշխատակիցները, ովքեր ապահովում են նախարարության հրավիրած անձանց մուտքը, հրաժարվեցին անցագրեր տրամադրել «Շանթ», «Իջեւան», «Սիվիլնեթ» հեռուստաընկերությունների, «Լրագիր»-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրողներին: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Այդպիսով, Բնապահպանության նախարարությունը խախտեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի (Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները) 3-րդ կետը. «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Նախարարության պարզաբանումը, որ բոլոր նրանց մասնակցությունը, որոնց թույլ չի տրվել մասնակցել լսումներին, ապահովված է lifestream-ով, որեւէ քննադատության չի դիմանում:
Նշենք, որ lifestream-ը չի ապահովում մասնակցություն, այլ ապահովում է կողքից հետելու հնարավորություն: Ի տարբերություն դիտորդների` մասնակիցները, այդ թվում եւ լրագրողներն իրավունք ունեն հարցեր տալու, արտահայտելու իրենց կարծիքը, աշխատելու հասարակական լսումների մյուս մասնակիցների հետ: Այս հնարավորություններից նրանք զրկվեցին նախարարության մեղքով: Խնդրում ենք Մարդու իրավունքների պաշտպանին իրավական գնահատական տալ նախարար Արամ Հարությունյանի եւ նախարարության մյուս իրավասու անձանց գործողություններին, ովքեր պատասխանատու էին մարտի 15-ի միջոցառման կազմակերպման համար, որոշել, թե որքանով են այդ գործողությունները ենթակա վարչական կամ այլ պատասխանատվության` համաձայն ՀՀ ազգային օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների պահանջով Հայաստանի ստանձնած պարտավորությունների»:
Մարտ 18, 2013 at 16:36
