

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգին: Նամակում ասված է.
«Հարգելի պարոն Վալերիու Ռազլոգ,
Ինչպես հայտնի է, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորել է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը «ARMENIAN RENEWABLE ENERGY PROGRAMME» ծրագրի շրջանակներում` 2006թ. վարկ տրամադրելով Կասկադ բանկին: Ծրագրի անվանումից եւ հայտարարված նպատակներից (ծրագրի կատեգորիա` Environmental Category F1) ելնելով` 15 միլիոն դոլլար ուղղվել է էկոլոգիական նպատակների համար: Սակայն ՎԶԵԲ-ի կայքում որեւէ տեղեկատվություն չկա` արդյոք իրականացվել են այդ նպատակները, թե ոչ:
Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն (http://www.arka.am/ru/news/economy/21605/)`կան աղճատված տվյալներ այն մասին, որ բանկերը, որոնք փոքր ՀԷԿ-երի համար վարկ ունեն, հնարավորություն ունեն մասնակցել մաքուր զարգացման մեխանիզմների ծրագրում եւ վաճառել քվոտաները СО2-ի համար: «Նրանց այդ հարցում օգնում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի Ածխածնային վարկերի բազմակողմանի հիմնադրամը (Multilateral Carbon Credit Fund – MCCF): Հավատարմագրված արտանետումների առք ու վաճառքի պայմանագիրը (Emissions Reduction Purchase Agreement - ERPA) կնքվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ առեւտրային բանկի եւ ածխածնային միավորի գնման նպատակով միջնորդ հանդիսացող «Stichting Carbon Purchase Intermediary» (CPI) ընկերության միջեւ»,-ԱՌԿԱ գործակալություն, 2010թ.:
Հաշվի առնելով Հայաստանում փոքր ՀԷԿ-երի քանակի աճը, կուտակվող սոցիալ-էկոլոգիական խնդիրները, ինչպես նաեւ Օրհուսի կոնվենցիայի (ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա) դրույթները, խնդրում ենք Ձեզ աջակցել հետեւյալ տեղեկատվության ստացման հարցում`
1. ինչպիսի՞ն է ՎԶԵԲ-ի բոլոր վարկերի չափը` ուղղակի եւ անուղղակի, որոնց միջոցով Հայաստանում կառուցվել են փոքր ՀԷԿ-եր, յուրաքանչյուր վարկը եւ նրա գործելու ժամկետը
2. ո՞ր փոքր ՀԷԿ-երն են կառուցվել ՎԶԵԲ-ի միջոցներով
3. ո՞ր ընկերություններն են բանկի Ածխածնային վարկերի բազմակողմանի հիմնադրամի (Multilateral Carbon Credit Fund – MCCF) միջոցով մասնակցում հավատարմագրված արտանետումների առք ու վաճառքին եւ որքա՞ն գումարով
4. MCCF ծառայություններից կարո՞ղ են օգտվել այլ զարգացման բանկեր, օրինակ` KfW բանկը, թե՞ նրանք ունեն իրենց միջնորդները
5. ՎԶԵԲ-ը ստուգե՞լ է իր տրամադրած վարկերով կառուցված փոքր ՀԷԿ-երի գործունեությունը, եւ արդյոք բանկն ունի՞ տեղեկատվություն այդ ստուգումների արդյունքների մասին, գնահատական տրվե՞լ է վարկի հիման վրա արված գործունեությանը
6. ՎԶԵԲ-ի քաղաքականության մեջ մտնու՞մ է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի սխեմայի զարգացման ֆինանսավորումը շարունակելը եւ ի՞նչ ֆինանսական մեխանիզմների միջոցով:
Իր կողմից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում տրամադրել փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծերի հասարակական լսումների արձանագրությունները, ինչպես նաեւ լսումների վերաբերյալ գնահատականը, որը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությանը»:
Մարտ 25, 2013 at 16:46
