“Մարցիգետ -2” փոքր ՀԷԿ-ի մասին` 7 տեղում խողովակը պատռվել է, ոչ ոք ոչինչ չփոխհատուցեց

“Մարցիգետ -2” փոքր ՀԷԿ-ի մասին` 7 տեղում խողովակը պատռվել է, ոչ ոք ոչինչ չփոխհատուցեց

ԷկոԼուր

Երբեք չես հավատա, որ դա միեւնույն Մրց գետն է: Մինչեւ փոքր ՀԷԿ-ը դա լիաջուր գետ է, իսկ ՀԷԿ-ից հետո` փոքր առու` չորացած ծառերով եւ ափերով: Խոսքը “Մարցիգետ-2” (Լոռու մարզ) ՓՀԷԿ-ի մասին է, որն աշխատում է մոտ երկու տարի: Մարզում այն անվանում են “Դարբինյանական” ՀԷԿ` սեփականատիրոջ անունով: ԷկոԼուրի նկարահանումներն արվել են ամենաջրառատ շրջանում` մարտի վերջին:

“Մարցիգետ-2” մասին մեկնաբանություններ է տալիս Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը: “Հայաստանը միացել է Օրհուսի կոնվենցիային, որով փոքր ՀԷԿ-երի գործունեությունը ենթակա է փորձաքննության, սակայն հասարակական լսումները շատ բարձր մակարդակի չեն իրականացվում դեռեւս, բայց ինչ-որ չափով արվում է: Դրա արդյունքն է, որ մենք ունենք այդ տեղեկատվությունը նախատեսվող ՓՀԷԿ-ի վերաբերյալ: Կոնվենցիան ու ՀՀ օրենսդրությունը թույլ են տալիս հասարակության մասնակցությունը որոշումների ընդունմանը, եւ հասարակությունը եթե դեմ  է կամ հիմնավոր պատճառներ է բերում, որպեսզի գործունեությունը չիրականացվի, ապա գործունեությունը կարող է կասեցվել կամ իրականացվել հասարակաության պահանջներին համապատասխան: Թռչկանի ջրվեժի վրա նախատեվող ՀԷԿ-ը փաստորեն չկառուցվեց, եւ կիսատ վիճակից փաստորեն ետ կանգնեցին շինարարները, եւ սա մի նախադեպ էր: Եվ լավատես լինելով կարծում եմ, որ այս դեպքում էլ հասարակությունը կարող է իր նպատակին հասնել: Պարտադիր է հասարակության պահանջները լսել, որովհետեւ եթե մենք ամբողջը կառուցապատենք ՀԷԿ-երով, ապա մարդիկ կան, որ գալիս են զուտ այդ գետի համար, գալիս են իրենց հայրենիք այդ ջրում լողանալու, սա մարդկանց համար հոգեբանական կարեւոր հանգամանք է, եւ, իմ կարծիքով, պետք է հաշվի առնել”: ԷկոԼուր. “Գյուղապետերը ստորագրում են համայնքի համաձայնությունը, բայց մարդիկ չգիտեն”: Պերճ Բոջուկյան. “Եթե ինքը հիմքեր ունի, որ բոլոր գյուղացիների անունից ստորագրի որպես լիազորված անձ… մյուս կողմից էլ եթե բնակիչները բողոք են արտահայտում, ապա պետք բնակիչների շահերը նույնպես պաշտպանի: Որորշ դեպքերում այդպես էլ է լինում: Եղել են դեպքեր, երբ ոչ պատշաճ մակարդակի տեղեկացավծություն է եղել, կամ մի բան ասվել է, մի ուրիշ բան արվել, կամ նախագիծը մի բան է ցույց տալիս, բայց արդեն հետագա քայլերը այլ բան են ցույց տալիս: Շատ է խոսվում, որ նախագծերում տրված է, որ միայն վարար ամիսներին պետք է աշխատի ՀԷԿ-ը, բայց կլոր տարի աշխատում են ՀԷԿ-երը, նույնիսկ վթարներ են տեղի ունենում, որից բնակչությունը բողոքում է”: Բնակիչ.

“7 տեղից պատռվել է խողովակը եւ ճամփեն շարքից հանել , ինչ օգուտ է ստացել գյուղացին, հիմա ավտոները ջարդվելով գնում են, գալիս, այդ ջուրը ճամփեն քանդել է:  Ձեր խողովակը  քանդվելու է, մեր ճամփեն քանդելու է”:

Հիշեցնենք, որ “Մարցիգետ-2” փոքր ՀԷԿ-ը սկսել է կառուցվել առանց թույլատրող փաստաթղթերի, ինչը հաստատել է Բնապահպանության նախարարությունը` ԷկոԼուրին ուղղված պատասխան նամակում: Մինչ օրս այդ ՓՀԷԿ-ում ստուգումներ չեն իրականացվել:



Ապրիլ 08, 2013 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր