Բնապահպանների ճանապարհը փակել են, միջամտել է ոստիկանությունը

Բնապահպանների ճանապարհը փակել են, միջամտել է ոստիկանությունը

ԷկոԼուր

Այսօր Համահայկական բնապահպանական ճակատի անդամների ճանապարհը  փակել են երկու մեքենաներ` թույլ չտալով գնալ “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի կառուցման վայր: Նրանք ակտիվիստներից պահանջել են հեռանալ: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, իրենք ոստիկանություն են կանչել, եւ Իջեւանի ոստիկանության միջամտության արդյունքում միայն բնապահպան ակտիվիստները կարողացել են շարունակել իրենց ճանապարհը` տեսնելու, թե ինչ է կատարվում ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում:

Հիշեցնենք, որ “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ը կառուցում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ն:  Հասարակայնությունը դեմ է այս ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ  «Մեգաէներջի» ՍՊԸ-ն ՓՀԷԿ-ի կառուցման համար «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի ու դրանց բուֆերային գոտիների տարածք է մտցրել ծանր տեխնիկա, աղավաղել անտառային լանդշաֆտը, ոչնչացրել զգալի թվով ծառեր: Սակայն, ըստ Համահայկական բնապահպանական ճակատ եւ “Թռչկան”  քաղաքացիական նախաձեռնությունների`ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերում նշված է եղել, որ տարածքում չկան բնության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ ծառահատումների կարիք չկա, քանի որ խողովակաշարը անցնելու է ավտոճանապարհին զուգահեռ: Վերոնշյալ նախաձեռնությունները օրերս «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հարցով հանցագործության մասին հաղորդում  ուղարկեցին ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին, որում, մասնավորապես. ասվում էր, որ ՓՀԷԿ-ի կառուցումից շրջակա միջավայրին հասցված վնասն առ այսօր գնահատված չէ, ոչ ոք պատասխանատվություն չի կրել կատարված անօրինականությունների համար:

Նշենք, որ ներկայումս «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը շարունակվում է:

Մայիս 28, 2013 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր