

ԷկոԼուր
ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչները, ովքեր ունեն ոռոգման և խմելու ջրի մեծ խնդիր, ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ՀՀ կառավարությանը՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու պահանջով:
Նամակում մասնավորապես նշված է.
«Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,
մենք՝ Հայանիստ համայնքի բնակիչներս, դիմում ենք ջրի նկատմամբ մեր իրավունքների վերականգնման համար: Ոռոգման ցանցի բացակայության պատճառով մշակվում են մեր վարելահողերի ընդամենը 20 տոկոսը։ Համայնքում հողագործությամբ զբաղվելու անհեռանկարայնությունը վտանգում է գյուղատնտեսության այդ ճյուղի զարգացումը։
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը։ Ոռոգման ջրի ցանցի վիճակն անմխիթար է։ Տեղադրված չեն ոռոգման ցանցի կիսախողովակները։ Ստեղծված իրավիճակի պատճառը վերջին 10-15 տարիներին Արարատյան հարթավայրի ստորերկրյա արտեզյան ջրերի պաշարների անխնա օգտագործումն է: Ներկայումս 2046 բնակիչներիս համար ստեղծվել է սոցիալական և էկոլոգիական առումով աղետալի վիճակ: Մենք զրկվել ենք մեր հիմնարար՝ ջրի մատչելիության իրավունքից:
Համայնքի 2017-2021թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսել ենք ոռոգման ցանցերի կիսախողովակների տեղադրում 10,0 մլն․դրամ նախագծային արժեքով և խմելու ջրագծերի վերանորոգում՝ 20,0 մլն. դրամ նախագծային արժեքով։ Վերոնշյալ ծրագրային նախատեսումներն առանց արտաքին օժանդակության անհնար է իրականացնել՝ հաշվի առնելով համայնքի եկամուտների սուղ հնարավորությունները։
Ոռոգման ջրի խնդրի հետ միաժամանակ համայնքի Գետաշեն թաղամասի 171 տնտեսություն արդեն 30 տարի ունի խմելու ջրի լուրջ խնդիր: Թաղամասի բնակիչները ջուրը վերցրել են մոտակա արտեզյան հորից` առանց ստուգելու այդ ջրի որակը և ազդեցությունը մարդու առողջության վրա: 2012թ-ին «Save the children» կազմակերպության աջակցությամբ Գետաշեն թաղամասի համար կառուցվել է 2.8 կմ երկարությամբ ջրագիծ` Արմավիրի մարզի Ոսկեհատի ջրամբարից: Մի քանի տարի անց ծորակների անսարքության պատճառով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ Գետաշեն թաղամասի ջրամատակարարման վերաբերյալ կնքված պայմանագրի գործողությունը կասեցվել է մինչև այնտեղ ներքին ցանցի կառուցումը:
2018թ-ին ՀՀ կառավարության աջակցությամբ Գետաշեն թաղամասում կառուցվել է ներքին ցանց՝ 10,5 միլիոն դրամ արժողությամբ: Սակայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրաժարվում է սպասարկել թաղամասում կառուցված ջրի ներքին ցանցը: Սույն թվականի մարտ ամսին, բնակիչներիս բողոքի ակցիայից հետո, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն համաձայնվել է ապահովել Գետաշեն թաղամասի ջրամատակարարումը, սակայն պայմանավորվածությունը չի պահպանվել նրա կողմից, և ներկայումս թաղամասը մնացել է առանց խմելու ջրի։ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չի հանձնառում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի իրավահաջորդությունը և հրաժարվում է Գետաշեն թաղամասի ջրամատակարարման նախկին պայմանագրի վերակնքման պարտավորությունից։ Ստացվում է, որ թաղամասի անխափան ջրամատակարարումը կապված է միայն ընկերության բարի կամքի դրսևորումից և չունի իրավաբանական ձևակերպում։
Դիմում ենք ՀՀ կառավարության և պետության աջակցությանը համայնքի ջրի խնդիրների լուծման համար՝ պետական պահուստային ֆոնդից հատկացումների, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավման և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից հատկացումների տեսքով։ Միաժամանակ, խնդրում ենք կառավարությանը, որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարձակալական պայմանագրի կողմի, հանձնարարարել ընկերությանը, Արարատի մարզի Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի խմելու ջրի համակարգի սպասարկման պայմանագրի կնքման վերաբերյալ:
Միաժամանակ խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ կառավարության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ կատարելու համայնքում մատակարարվող խմելու ջրի որակի ուսումնասիրություն և արդյունքների մասին տեղյակ պահել համայնքի բնակիչներիս»:
Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հուլիս 26, 2019 at 17:13