ԷկոԼուր
ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ՀՀ կառավարությանը՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքները վերականգնելու պահանջով: Բնակիչները բարձրաձայնել են ոռոգման և խմելու ջրի խնդիրները:
Նամակում նշված է.
«Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,
դիմում ենք ջրի նկատմամբ մեր իրավունքների վերականգնման համար:
Վերջին 10-15 տարիներին Արարատյան ավազանի ստորերկրյա ջրերի ձկնաբուծության նպատակով անխնա և անսահմանափակ օգտագործման հետևանքով մեր համայնքում առաջացել է սակավաջրություն, իջել են խորքային հորերի մակարդակները, կամ ամբողջովին ցամաքել են դրանք։ Սև ջուր գետը, որը համայնքն ապահովում էր ոռոգման ջրով, ցամաքել է:
Տարիներ շարունակ Մեծամոր, Արմավիր քաղաքների կոյուղաջրերը հոսում են մեր համայնքի ոռոգման համակարգ և այդ ջրերով ոռոգված մեր մշակովի հողատարածքներից ստացվող բերքը շուկայում դարձել է անմրցունակ։ Այդ ջրերն ամռանը համայնքում տարածում են գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական վիճակ: Մեզ վստահեցնում են, որ խնդիրը կլուծվի, քանի որ KFW բանկի «Համայնքային ենթակառուցվածք Ծրագիր II, փուլ 3» ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել կենսաբանական մաքրման կայան։ Սակայն այդ աշխատանքները ինչ-ինչ պատճառներով ձգձգվում են, և ակնհայտ է, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում մենք երկար տարիներ կմնանք նույն խնդրի առաջ։
Արտաշարում որպես խմելու ջուր օգտագործում ենք արտեզյան ջրերը: Նախկինում խմելու ջուրը եղել է ինքնահոս, ներկայումս ջրերի հորիզոնների իջեցման պատճառով խմելու ջուրն արտամղում ենք պոմպերի միջոցով, ինչը լրացուցիչ ծախս է պահանջում: Խմելու ջրի ներհամայնքային ցանցը կառուցվել է 1970-ական թվականներին և ունի վերանորոգման անհրաժեշտություն: Բարեբախտաբար, խմելու ջրի կենսաբանական աղտոտման դեպքեր չեն արձանագրվել, սակայն ռիսկ կա, որ ներհամայնքային ցանցի մաշվածության պատճառով խմելու ջրին կարող են խառնվել կոյուղաջրերը:
2017-2021թթ-ի համայնքի զարգացման ծրագրով նախատեսել ենք ոռոգման ջրի ներքին ցանցի նորոգման և 1800 մետր խմելու ջրի ջրագծի խողովակի վերակառուցման միջոցառումներ համապատասխանաբար 12 մլն.դրամ և 30,0 մլն. դրամ գումարի նախագծային արժեքով։ Համայնքի սուղ, սահմանափակ միջոցներով անհնար է իրականացնել այդ ծրագրերը։
Դիմում ենք ՀՀ կառավարության և պետության աջակցությանը համայնքի զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումներին օժանդակելու հարցում՝ պետական պահուստային ֆոնդից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից հատկացումների, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում համայնքի ներգրավման տեսքով։
Խնդրում ենք օգտագործել ձեր լծակները և նպաստել Արմավիրի կենսաբանական մաքրման կայանի աշխատանքները հնարավորինս շուտ սկսելուն»։
Ախուրյան-Արաքս ջրատար
Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հուլիս 29, 2019 at 17:46