Իսկ որտե՞ղ է Թռչկանի անձնագիրը, պարոն նախարար

Իսկ որտե՞ղ է Թռչկանի անձնագիրը, պարոն նախարար

ԷկոԼուր

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին «Թռչկան» բնության ջրագրական հուշարձանի անձնագրի վերաբերյալ: Նամակում ասված է. «Հարգելի պարոն նախարար.

 Ինչպես Ձեզ հայտնի է, մեր քաղաքացիական նախաձեռնության պայքարի արդյունքում ՀՀ կառավարությունը դեռևս 2011թ. նոյեմբերի 3-ին հ. 1588-Ա որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքի հողերի oգտագործման ժամանակավոր սխեմայում պետական սեփականություն հանդիսացող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների նշանակության մեկ հեկտար հողամասը («Թռչկան» հանդամաս` հատկացված Թռչկան ջրվեժի տարածքում կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանի համար) փոխադրել է հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` բնապահպանական գործառնական նշանակությամբ:

Նշյալ որոշման 3-րդ կետի համաձայն` Դուք` իբրև ՀՀ բնապահպանության նախարար, և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, որն ուժի մեջ է մտել 24.11.2011թ., 10-oրյա ժամկետում պետք է ընդունեիք սույն որոշումից բխող անհրաժեշտ իրավական ակտեր: Իսկ նույն որոշման 6-րդ կետի համաձայն` Դուք` իբրև ՀՀ բնապահպանության նախարար, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում (24.11.2011թ.-24.01.2012թ.) պետք է կազմեիք և հաստատեիք «Թռչկան» բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը:

Ավաղ, մինչև օրս բնության ջրագրական հուշարձան համարվող Թռչկան ջրվեժը չունի անձնագիր:

           Չնայած, հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչև ՀՀ կառավարության կողմից սույն որոշումն ընդունելը, երբ այն դեռ նախագիծ էր, մենք գրավոր առաջարկություններ էինք ներկայացրել ՀՀ կառավարությանը և Ձեզ, միևնույն ժամանակ նախազգուշացրել, որ պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ Թռչկան ջրվեժը գտնվում է Հայաստանի հյուսիսային շրջանում, իսկ ձմեռն այնտեղ բավականին խստաշունչ է, այն տևում է մինչև ապրիլ ամիսը, ձյունն այնտեղ շուտ է սառչում, իսկ մինչև ապրիլ ամիսը նոր սկսում է հալչել: Սակայն այս և մյուս կարևոր ու առանցքային հարցերը հաշվի չեն առնվել ոչ Ձեր, ոչ էլ ՀՀ կառավարության կողմից:

          Մեր կարծիքով անհնար է նոյեմբեր ամսին ընդունել նման որոշում և սահմանել երկամսյա ժամկետ, երբ Թռչկան ջրվեժի անձնագրավորման համար անհրաժեշտ էր լինելու չափագրման աշխատանքներ իրականացնել: Մեզ համար շարունակում է զարմանալի մնալ մի փաստ, որ ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը հաշվի չէին առել այս կարևոր հանգամանքը, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, խախտել է իր իսկ կողմից 03.11.2011թ. ընդունված հ. 1588-Ն որոշմամբ սահմանված պահանջներն ու ժամկետները:

Այժմ դիմելով Ձեզ` խնդրում ենք, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հհ. Պահանջների, մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

1) Ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկել մինչև օրս ՀՀ կառավարության 03.11.2011թ. հ. 1588-Ն որոշման պահանջների կատարման ուղղությամբ (եթե իհարկե ձեռնարկել եք):

2) Ինչո՞ւ և ի՞նչ հարգելի պատճառներից ելնելով եք խախտել ՀՀ կառավարության 03.11.2011թ. հ. 1588-Ն որոշման 6-րդ կետով սահմանված Ձեր վրա դրված պարտավորության կատարման ժամկետը:

3) Ի՞նչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու (կամ իրականացվում) Թռչկան ջրվեժի անձնագրավորման աշխատանքները և որքա՞ն գումար է այն կազմելու (կազմել):

4) Տեղյա՞կ եք արդյոք, որ «Թռչկան» ջրվեժ տանող ճանապարհը, որը բացվել էր «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ, սողանքավտանգ վիճակում է և ձնհալից հետո հողը սահում է դեպի Չիչխան գետը, եթե այո, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկել (կամ ձեռնարկում) այդ սողանքը կանխելու ուղղությամբ:

5) Արդյոք «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրենին պարտավորեցրե՞լ եք վերականգնել իր իսկ կողմից Թռչկան ջրվեժի հարող տարածքում` Չիչխան գետին և նրա շրջակա միջավայրին հասցված վնասը վերականգնելու համար, եթե այո, ապա որքա՞ն ժամկետում այն պետք է իրականացնի:

6) Արդյոք իրականացրե՞լ եք համալիր փորձաքննություն «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից Չիչխան գետի հարող տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնելու արդյունքում պետությանը և համայնքին հասցված վնասը գնահատելու նպատակով, եթե այո, ապա ե՞րբ և որքա՞ն գումարի վնաս է հասցվել, եթե ոչ, ապա հիմնավորել, թե ինչու մինչև օրս պատասխանատվության չեք կանչել «Ռոբշին» ՍՊԸ-ին և չեք պարտավորեցրել նրան վերականգնելու իր իսկ կողմից Չիչխան գետին և նրա շրջակա միջավայրին հասցված վնասը:

7) Առաջարկում ենք նաև Հայաստանի բնության հուշարձանների ցանկում ուղղել Թռչկան ջրվեժի նկարագրությունը, քանի որ այն գտնվում է անմիջապես Չիչխան գետի վրա, ոչ թե գոյություն չունեցող Թռչկան վտակի:

Ակնկալում ենք ստանալ գրավոր հիմնավորված պատասխան»:

Հունիս 14, 2012 at 17:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր