

ԷկոԼուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետ Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատվելը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական տիրույթում: Բազմաթիվ բնապահպանական, հասարակական նախաձեռնություններ և քաղաքացիներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ են անում՝ պահանջելով պարզաբանել Գրիգորյանին աշխատանքից ազատելու պատճառները:
Ահա մի քանի ֆեյսբուքյան գրառում՝ կապված Արթուր Գրիգորյանի չպատճառաբանված ազատման հետ:
Հայկական բնապահպանական ճակատ. «ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը ներկայացնի և բացատրի իր այս անհասկանալի որոշման պատճառները։ Դրանք չլինելու դեպքում կարող ենք ենթադրել, որ տարբեր շերտեր՝ հատկապես մեր հանքավայրերը խժռողներն ու բնությունն ավիրողները, ինչպես նաև կառավարությունում նրանց աջակցողները` անում են իրենց սև գործը»:
Լրագրող Շահանե Խաչատրյան. «Արթուր Գրիգորյանի ազատման հարցը կարող է շատ ուղենշային լինել։ Ցույց կտա, թե մեր նոր Կառավարութունն ինչ պլաններ ու ծրագրեր ունի։ Ինձ համար սա շատ ուղենշային դեպք է»:
Ֆեյսբուքյան օգտատեր Աիդա Գուրգենի. «Այս անակնկալ որոշումը ցնցել է ողջ անձնակազմին: Ես, որպես 10 տարվա տեսչության աշխատակից, կարող եմ ասել միակ ղեկավարն էր, որ սրտացավ մոտեցում ուներ բնապահպանական խնդիրներին, կոլեկտիվի յուրաքանչյուր աշխատողի նկատմամբ, կոռուպցիայով չի զբաղվել, ի՞նչն է նրան ազատելու պատճառը»:
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը գրել է. «Հարգելի Արթուր, Ձեր ազատումը մեր հույսերի խորտակումն էր, հազիվ հույս ունեինք, որ մեր բնության պաշտպանությունը հուսալի ձեռքերում էր։ Նորից կոռուպցիան և անազնիվը հաղթեց։ Շատ, շատ վատ է։ Ամոթալի վատ»:
Արտեմ Սադոյան. «Նոր կառավարության առաջին սխալը, գերկոմպետենտ այս մարդուն չէր կարելի հեռացնել: Մի 2 օր սպասենք մեկնաբանությունների, ու ես անձամբ սկսում եմ ստորագրահավաք, պիկետ և այլ բողոքի ակցիաներ»:
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հունիսին:
Հունվար 22, 2019 at 17:08
