Քաղաքացիական հասարակությունը նախազգուշացնում է. ԵՄ բանկը թափանցիկ և բաց չէ

Քաղաքացիական հասարակությունը նախազգուշացնում է. ԵՄ բանկը թափանցիկ և բաց չէ

Նոր վերլուծության համաձայն՝ վարկատու գործընկերների շրջանում Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հետ է մնում իր գործունեության վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության ծավալի առումով: Այս վերլուծության հետևում կանգնած քաղաքացիական հասարակության 53 խումբ, ներառյալ՝ «CEE Bankwatch Network», «Counter Balance», «ClientEarth», «ԷկոԼուր» կազմակերպությունները  և շատ այլոք, Բանկին հորդորում են ավելի բաց լինել իր ֆինանսավորման ազդեցությունների առումով:

Եվրոպական  Միության (ԵՄ) դատարանը որոշում ընդունեց, որով հաստատում է, որ ՀԿ-ները պետք է կարողանան Բանկին պատասխանատվության ենթարկել իր որոշումների համար: Որպես ԵՄ ֆինանսական կառույց՝ ԵՆԲ-ից պահանջվում է երաշխավորել հանրային մարմինների տիրապետման տակ եղած  տեղեկատվության հասանելիության իրավունքը և հնարավորինս բաց գործունեություն իրականացնել՝ միաժամանակ ապահովելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

Խմբերի ստացած տվյալները համապատասխանում են 2020թ. Աջակցության թափանցիկության ինդեքսի վարկանիշին, որն աշխարհի ամենամեծ զարգացման գործակալությունների թափանցիկության չափման ամենամյա միջոց է, համաձայն որի ԵՆԲ-ը 28-րդ տեղը գրավեց 47 հաստատությունների ցանկում՝ հավաքելով ընդամենը 58 միավոր 100 հնարավորից:

Վերլուծությունը ցույց տվեց, որ Թափանցիկության քաղաքականության նոր նախագիծը չի վերացնում ԵՆԲ-ի ընթացիկ քաղաքականության և գործելակերպի լուրջ թերությունները:

Նախքան վարկի հաստատումը ԵՆԲ-ն գրեթե տեղեկատվություն չի տրամադրում իր կողմից անցկացված բնապահպանական և սոցիալական պատշաճ ուսումնասիրության մասին` մերժելով հասարակության իրավունքը՝ իմանալու, թե ինչի հիման վրա է ֆինանսավորման նման որոշում կայացրել: Նույնիսկ վարկի մասին որոշում կայացնելուց հետո հանրային հետաքրքրություն ներկայացնող շատ փաստաթղթեր գաղտնի են պահվում ԵՆԲ-ի կողմից այդ փաստաթղթերը պարզապես հրապարակելու փոխարեն:

Նոր քաղաքականությունը հատկապես թերի է, երբ խոսքը վերաբերում է Բանկի հաճախորդներին տեղեկատվություն տրամադրելուն: Մասնավորապես, ԵՆԲ-ն օգտագործում է տարբեր միջնորդներ`առևտրային բանկեր, պետական ​​զարգացման բանկեր և մասնավոր կապիտալ ֆոնդեր՝ կապնվելով ավելի փոքր հաճախորդների հետ, որոնց կարող էր այլ կերպ ներգրավել:

Նման վարկավորումը վերջին 15 տարվա ընթացքում կրկնապատկվել է, իսկ 2020 թ. կազմել է Բանկի գործառնությունների գրեթե 40 տոկոսը: Չնայած այս ծավալին, Բանկը չի պահանջում որևէ տեղեկատվություն տրամադրել ֆինանսավորման այս տեսակի վերաբերյալ, ինչը Եվրախորհրդարանին դրդում է պահանջել վերանայել թափանցիկության մասին քաղաքականությունը:

Այս հանգամանքների ներքո, խմբերը կոչ են անում ԵՆԲ-ին փոփոխել Թափանցիկության մասին քաղաքականության նախագիծը մինչև 2021թ. վերջին քաղաքականության վերջնական հաստատումը` ԵՄ անդամ 27 երկրների բաժնետերերի կողմից ընդունվելը:

«CEE Bankwatch» ցանցի քաղաքականության պատասխանատու Աննա Ռոգգենբուկն ասում է. «Զավեշտալի է, որ ԵՆԲ-ն դեռ մնում է զարգացման այլ հաստատությունների շարքում, երբ խոսքը վերաբերում է թափանցիկությանը: Նախքան ծրագրի հաստատումը՝ Բանկը պետք է սկսի հրապարակել բնապահպանական և սոցիալական փաստաթղթեր՝ հնարավորություն տալով քաղաքացիական հասարակությանը, հատկապես իր ծրագրերից տուժած մարդկանց, իրենց կարծիքներն ուղղակիորեն հայտնել Բանկին: Թափանցիկությունը փոխկապակցված երկկողմանի գործընթաց է, ինչը նշանակում է, որ Բանկը պետք է պատրաստ լինի լսել և երկխոսել: Առայժմ ԵՆԲ-ն պատրաստ չէ»:

«Counter Balance» կազմակերպության տնօրեն  Քսավիեր Սոլն. «Մենք կոչ ենք անում ԵՆԲ-ի ղեկավարությանը և բաժնետերերին բարձրացնել թափանցիկության մակարդակը: Բանկի կողմից առաջարկվող Թափանցիկության մասին քաղաքականության նախագիծը խնդրահարույց է, ուստի անհրաժեշտ է շուտափույթ միջոցներ ձեռնարկել և համոզվել, որ ԵՆԲ-ն կդառնա ավելի հաշվետու և ժողովրդավարական ինստիտուտ: Վաղուց ժամանակն է, որ ԵՆԲ-ի անընդհատ աճող մակրոտնտեսական պարտականությունները ամրապմդվեն թափանցիկությամբ: Եթե ​​ոչ, ապա մարդկանց և մարզերի վրա ազդող որոշումները կշարունակվեն փակ դռների ետևում»:

«ClientEarth» կազմակերպության փաստաբան Սեբաստիան Բեխթել. «ԵՄ բարձրագույն դատարաններից մեկը պարզապես հաստատեց, որ ՀԿ-ները պետք է կարողանան ԵՆԲ-ին պատասխանատվության ենթարկել, եթե այն չի համապատասխանում բնապահպանական օրենսդրությանը: Բայց դա անելու համար ՀԿ-ները պետք է ունենան ճիշտ տեղեկատվություն, իսկ ԵՆԲ-ն պետք է ակտիվորեն տեղեկացնի քաղաքացիական հասարակությանն իր որոշումների հիմքերի մասին: Ցավոք, ԵՆԲ-ի թափանցիկության քաղաքականության նախագիծը չի համապատասխանում պահանջներին` հուշելով, որ հնարավոր է չընդունել ինչպես այս դատավճռի ծանրությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության կարևոր դերը «Եվրոպական կանաչ գործարքի» իրականացման գործում»:

Ceebankwatch Network

Թարգմանությունն ԷկոԼուրի

Մարտ 16, 2021 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր