Ինչ ազդեցություն ունեն արևային ֆոտովոլտային կայանները հողի և բուսականության վրա

Ինչ ազդեցություն ունեն արևային ֆոտովոլտային կայանները  հողի և բուսականության վրա

Արդյո՞ք հաշվի են առնվել արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումից բուսականությանը կամ կենսաբազմազանությանը հասցվելիք վնասները «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը)»: Այս մասին «Հայաստանում էներգետիկայի զարգացումը Փարիզյան համաձայնագրի ներքո» փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հարց հնչեցրեց «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը: 

Կլոր սեղանի փորձագետների կողմից մեկ պատասխան հնչեց՝ ոչ: Արձագանքելով Նունե Սաքանյանի հարցին` «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը նշեց. «Արևային տեխնոլոգիաները որքան զարգանում են, որքան մեծանում է իրենց արդյունավետությունը, այնքան իրենց բացասական ազդեցությունն է մեծանում շրջակա միջավայրի վրա: Իր արդյունավետության բարձրացումը նշանակում է, որ արևից եկած էներգիայի ավելի մեծ մասն է վերցնում և դարձնում էլեկտրաէներգիա: Ես տեսել եմ, թե վահանակների տակ տեղակայված հողը ինչպես է մեռյալ հող դառնում: Որքան ավելի մեծանում են կայանների տարածքները, ավելանում է բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այդքան տարածքներ պարզապես կորչում են: Հայաստանի պայմաններում դրանք հիմնականում գյուղատնտեսական հողեր են: Լուրջ խնդիր է նաև թափոնների հարցը»,- նշեց նա: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթանյանն ասաց, որ այս պարագայում տնտեսական տեսանկյունից շահերի համադրում կա: «Մեր արևային գոտիները, որտեղ կառուցվում են այդ կայանները, չեն շոշափում Արարատյան դաշտը, որտեղ բերրի հողերն են: Այդ կայանները Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում են գտնվելու, և այդտեղ բերրի գյուղատնտեսական հողերի օգտագործումն այդքան էլ շատ չէ: Ցանկալի է, որ բերրի հողեր չօգտագործվեն, բայց այդ էներգետիկ աղբյուրները մեզ համար շատ կարևոր են: Այլընտրանքն ընդհանրապես չիրականացնելը կարող է լինել»,- նշեց Աթանյանը՝ հավելելով, որ խոշոր արևային կայանները պարտադիր կերպով անցնելու են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական:

Այս առնչությամբ փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նկատեց, որ «Մասրիկ 1» արևային կայանը կառուցվում է այն հողատարածքի վրա, որի բուսաշերտի հաստությունը 70 սմ է:  

Էներգախնայողության աջակցության հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանն էլ իր հերթին նշեց. «Արդեն հինգ տարի է՝ մեր ոլորտի ՀԿ-ներն ասում են, որ պետք է արևային էներգետիկայի խթանումը հատուկ հատկորոշիչներով խթանել, որովհետև սովորաբար ընտրում են հարթ, ցանցերին, ենթակառուցվածքներին ու քաղաքներին մոտիկ, բերրի հողեր: Շատ ափսոս է: Ունեցել ենք վեճեր համայնքապետերի ու մարզպետերի հետ, ինչո՞ւ եք գյուղատնտեսական հողերը տալիս, չունե՞ք էրոզացված, աղակալված, ոչ պիտանի հողեր կամ լքված արդյունաբերական հրապարակ և այլն: Մեզ ասում են՝ դրանք գյուղատնտեսական չեն, վարելահող է: 

Դրսի փորձն այնպիսին է, որ եթե չես ուզում վատ հողեր, լավ հող ես ուզում փչացնել, այդ դեպքում կանաչ սակագնից չես կարող օգտվել: Շատ ընդունված է խթանիչ սակագներ կիրառել լքված պոչամբարների, աղակալած հողերի վրա կառուցման դեպքում: Իսկ թափոնների հետ կապված շատ երկրներ դեռ չունեն կառավարման ոչ մի միտում»: 

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչև 2040 թվականը)» նախատեսվում է մինչև 2030թ. էներգետիկ հաշվեկշռում արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 միլիարդ ԿՎտժ-ի:

Մարտ 22, 2021 at 17:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր