Ինչպիսին կլինի նոր Ջրային օրենսգիրքը՝ Կլիմայի փոփոխության և հարմարվողականության համատեքստում

Ինչպիսին կլինի նոր Ջրային օրենսգիրքը՝ Կլիմայի փոփոխության և հարմարվողականության համատեքստում

Ինչ փոփոխություններ են նախատեսվում Ջրային օրենսգրքում կլիմայի և հարմարվողականության համատեքստում, փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման ինչ նոր խաղի կանոններ են սահմանվում, երկրորդային ջրօգտագործման և ջրախնայողության ոլորտներում ինչ փոփոխություններ են սպասվում: Այս մասին խոսեցին Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը և նույն նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի պարտականությունները կատարող Սևակ Մաթիլյանը մարտի 16-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «Ջրային ռեսուրսների ինստիտուցիոնալ կառավարումը կլիմայական քաղաքականության լույսի ներքո» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ:

Ըստ Լիլիթ Աբրահամյանի՝ ջրային ոլորտի քաղաքականության մեջ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու ուղղությամբ ՇՄ նախարարության կողմից կարևորվում են ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործման, ջրային էկհամակարգերի պահպանության ու ջրային ռեսուրսների ամբարման հարցերը:  

«Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային, չոր կլիմա և դեպի ծով ելք չունեցող երկիր, ավելի խոցելի է կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում: Հատկապես խոցելի են ջրային ռեսուրսները: Թեև Հայաստանը համարում ենք ջրառատ երկիր, այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության ասպեկտում, նաև հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին մեր ստորերկրյա ավազանը մեծ սպառում է տվել ակտիվ ջրօգտագործման արդյունքում, ներկայումս ջրի դեֆիցիտ ունենք:

Այս համատեքստում մեր կողմից իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: 2019թ. մշակվեց և ՀՀ կառավարության կողմից հաստատվեց Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը: Հայեցակարգով ներկայացվում են մի շարք ջրախնայող տեխնոլոգիաներ: Ծրագրով սահմանվեցին կաթիլային ոռոգման ներդրման, ձկնաբուծարաններում առցանց հոսքաչափական սարքերի տեղադրման, ջրախնայող համակարգերի ներդրման միջոցառումներ, այդ թվում՝ փոքր և միջին ջրամբարաշինության ու երկրորդային ջրօգտագործման միջոցառումներ»,- նշեց նա: 

Ըստ Լիլիթ Աբրահամյանի՝ Ջրային օրենսգրքի նախատեսվող փոփոխություններում անդրադարձ է կատարվելու երկրորդային ջրօգտագործման դրույթներին: «Փորձում ենք մշակել խրախուսական մեխանիզմներ, ջրօգտագործողի կողմից հետադարձ, տնտեսական գործունեության արդյունքում արտահոսող ջրային ռեսուրսը մեկ այլ նպատակով, կրկնակի շրջանառու համակարգերում ներդնելու համար: Ջուրը կրկին օգտագործելուն շահագրգռելու համար խրախուսական մեխանիզմներ կլինեն նաև ձկնաբուծական տնտեսության ջրային ռեսուրսը ոռոգման նպատակով օգտագործելու հետ կապված: Համագործակցում ենք Կլիմայի փոփոխության ծրագրի հետ: Նախագիծը գրեթե պատրաստ է, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս շրջանառության մեջ կդրվի Ջրային օրենսգրքի՝ ջրօգտագործման թույլտվությունների գլխին վերաբերող հոդվածներում փոփոխության նախագիծը:

Ներկայումս ՓՀԷԿ-երը բնօգտագործման վճար վճարողների ցանկում ներառելու աշխատանք է տարվում: Ընթացքի մեջ է շրջանակային դիրեկտիվների մոտարկման գործընթացը, մշակվում են ջրավազանային կառավարման պլանները: ՀՀ ջրավազանային վեց տարածքներից  երեքը հաստատվել են, մյուս երկուսը գրեթե պատրաստ վիճակում են, իսկ մինչև 2023թ. կունենանք վերջին՝ Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը: Պլանները մշակվում են կառավարության կողմից հավանության արժանացած կառավարման պլանների մոդելին համապատասխան, որտեղ ներառված են կլիմայի փոփոխության և հարմարվողականության գնահատման դրույթները»,- նշեց Լիլիթ Աբրահամյանը:

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 125 ՓՀԷԿ-ի ուսումնասիրություն է իրականացրել: Լիլիթ Աբրահամյանը նշեց, որ կարևորելով էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության ներգործությունը՝ 2019թ. ընդունվեցին Ջրային օրենսգրքի փոփոխություններ, որոնք իրականացնելիս նախարարությունը հաշվի է առել այդ ուսումնասիրությունների ընթացքում վերհանված խնդիրները: «2019թ. Ջրային օրենսգրքում հաստատվեցին փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը մերժելու հիմքերը: Ըստ օրենսգրքի՝ թույլտվությունները մերժվում են այն փոքր ՀԷԿ-երի կառուցման համար, որոնք նախատեսվում են անտառային, սողանքային, Սևանա լճի անմիջական կենտրոնական գոտու տարածքներում, կարմիրգրքյան, էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերի, դերիվացիոն խողովակներով 40 և ավելի տոկոսով ծանրաբեռնված գետերի վրա: Գործընթացը դեռևս շարունակվում է: Դեռևս չի հաստատվել  փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելվող գետերի ցանկը, որոնք կարմիրգրքյան, էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են, ինչպես նաև գետեր, որոնք ունեն դերիվացիոն խողովակներով 40%-ից ավելի ծանրաբեռնվածություն»,- նշեց բանախոսը: Լիլիթ Աբրահամյանը հույս հայտնեց, որ տևական ժամանակ շրջանառվող և կրկին ՀՀ վարչապետի աշխատակազմին ներկայացված գետերի ցանկը վերջապես կհաստատվի:

Խոսելով Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մասին՝ բանախոսը նշեց, որ մշակել են ջրօգտագործման թույլտվությունների մերժման հիմքեր նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր ՀԷԿ-երի կառուցման համար: «Քանի դեռ կառավարման պլանները հաստատված չեն, այդ տարածքների ջրային ռեսուրսների ընդհանուր գնահատումը բավական բարդ է և ՋԹ-ների տրամադրումն էլ ավելի անկատար: Մինչև կառավարման պլանների հաստատումը փորձում ենք արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումն այդ տարածքներում»,- նշեց նա՝ հավելելով, որ, միաժամանակ, գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման աշխատանքներ են տարվում: 

Քննարկման բանախոս, ՀՀ ՇՄ նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի պարտականությունները կատարող Սևակ Մաթիլյանն իր ելույթում նշեց. «4-5 տարի առաջ ոռոգման նպատակով ՋԹ-ների ստացման հայտերի 10-ից 1-ը կարող էր կաթիլային ոռոգման վերաբերյալ լինել: Այսօր արդեն հայտերի 10-ից  6-ը ներկայացնում են կաթիլային ոռոգման հայտեր: Արարատյան դաշտում նկատելի է դրենաժային համակարգից ձկնաբուծության համար ՋԹ-ների հայտերի ներկայացման միտում, ինչը նախկինում բացակայում էր:  Երբ որոշվեց ձկնաբուծության նպատակով նոր ՋԹ-ներ չտրամադրել, ձկնաբուծարանները սկսեցին ադապտացվել նոր պահանջներին և դրենաժային համակարգի ջուրը երկրորդային նպատակով օգտագործել ձկնաբուծության նպատակով»: 

Անդրադառնալով ՓՀԷԿ-երին տրվող ջրաքանակի ծավալներին՝ փորձագետ Ռոզա Ջուլհակյանը հարցրեց. «Փոքր ՀԷԿ-երին ՋԹ տրամադրելու ժամանակ ջրապահանջարկի հաշվարկի դեպքում հաշվի առնվո՞ւմ են տուրբինների հզորությունները, որովհետև որպես կանոն շատ ջուր է տրվում, բայց տուրբինները լավը չլինելու պատճառով համապատասխան էլեկտրաէներգիա չի արտադրվում»: Ի պատասխան Սևակ Մաթիլյանն ասաց, որ ջրաքանակը տրամադրվում է առավելագույն ծավալով. «Եթե լիցենզիայով սահմանված քանակի հոսանք չի գնում տնտեսվարողից, նա ընկնում է տույժերի ու տուգանքների տակ: Հետևապես, նա ամեն ինչ անելու է, որ իր լիցենզիայով նախատեսված էլեկտրաէներգիան արտադրի»: Ռոզա Ջուլհակյանը նկատեց, որ «ԷկոԼուրի» կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր ՀԷԿ-երի 35-45%-ում իրենց նախագծերով նախատեսված սարքավորումները չեն եղել: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հավելեց, որ տնտեսվարողներն իրենց պարտադրված էլեկտրաէներգիան չեն արտադրել նաև գետում համապատասխան ջրաքանակի բացակայության պատճառով: «Գետի ռեսուրսը ճիշտ ձևով գնահատված չէ: Գնահատման համար վերցնում են հոսքերի 1950-ական թվականների տվյալները: Մարդիկ լուրջ գումար են ներդնում, լուրջ տեխնոլոգիաներ, մինչդեռ ջրատնտեսական հաշվարկները ճիշտ չեն արվել, ճիշտ գնահատված չի եղել գետի հիդրոլոգիական ռեսուրսը: Գետն ուղղակի չորանում է, և շատ մեծ խախտումներ են լինում»,- նշեց նա: 

«ԷկոԼուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը հետաքրքվեց, թե ներկայում ՓՀԷԿ-երում ջրաչափերը տեղադրվում են էկոլոգիական թողքի, թե ջրառի կետում: Ըստ Սևակ Մաթիլյանի՝ ջրաչափի տեղադրումը նախատեսվում է ջրառի վայրում: Լիլիթ Աբրահամյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում Ջրային օրենսգրքով պարտադիր պահանջ է դրվելու էկոլոգիական թողքի կետում առցանց ջրաչափական-հոսքաչափական սարքի տեղադրումը: 

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը բանախոսներից հետաքրքրվեց, թե արդյոք ՋԹ տրամադրելու ժամանակ գնահատվում է ջրաղբյուրի ջրաքանակի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը: «Վերջերս մի քանի համայնքներում, որտեղ մեծ ներդրումներ են կատարվել և իրականացվել ջրամատակարաման համակարգի բարեփոխումներ, երեք տարի ձյուն և անձրև չլինելու պատճառով աղբյուրները չորացել են: Եվ այդ ներդրումներով համակարգերն այսօր չեն օգտագործվում, որպեսզի համայնքներին ջուր մատակարարվի»,- նշեց նա: Սևակ Մաթիլյանն արձագանքեց, որ  կլիմայի փոփոխության հետևանքով աղբյուրների ցամաքելը տեսանելի կամ կանխատեսելի լինելու դեպքում այդ մասին տեղեկացնում են ջրօգտագործողին: «Սակայն նախարարությունը չի կարող կանխատեսել, որ այդ աղբյուրը երկու տարի անց կարող է ցամաքել»,- նկատեց նա:

«Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանն իր հերթին նշեց, որ ցանկացած ստորգետնյա ջրաղբյուրից ՋԹ տրամադրելուց առաջ պարտավոր են այդ ջրաղբյուրի հիդրոերկրաբանական ուսումնասիրությունն ունենալ: Սևակ Մաթիլյանի խոսքով՝ այդպիսի փաստաթուղթ առկա է, սակայն դրանում չի նշվում, թե տվյալ աղբյուրում 5 կամ 6 տարի անց ջուր կլինի, թե՝ ոչ: «Մոտավոր կանախատեսումներ են: Ուստի մենք չենք կարող պատասխանատվություն կրել 6  տարի հետո ցամաքած աղբյուրի համար»,- նշեց նա: Լիլիթ Աբրահամյանն էլ հավելեց, որ պատասխանատվությունը վերաբերում է նրան, որ ջրօգտագործողը հետագայում չի կարող պահանջել նախարարությունից այնքան ջրաքանակ, որը եղել էր 6 տարի առաջ: 

Ըստ Էդուարդ Մեսրոպյանի՝ ԽՍՀՄ տարիներին ուսումնասիրված ջրաղբյուրներում խնդրր չկա, խնդիրը վերջին տարիներին տրամադրվող ՋԹ-ներին է վերաբերում: «Շատ դեպքերում ՋԹ է տրվում այն աղբյուրներից, որոնք ուսումնասիրվել են նախագծման տիրույթում՝ առավելագույնը 1-2 երկու շաբաթվա ընթացքում: Իրավական բարեփոխումների շրջանակում պետք է ներառել նաև այն, որ ՋԹ-ների տրամադրումից առաջ  ուսումնասիրվեն և գնահատվեն պաշարները»,- ասաց նա: Այս առնչությամբ ջրային քաղաքականության վարչության պետն ասաց, որ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների նման հաճախականությամբ իրականացման համար ֆինանսական բավական մեծ միջոցներ են պահանջվում, որը պետական բյուջեում հաճախ առկա չէ: «Շատ հաճախ դիմում ենք միջազգային  կազմակերպությունների աջակցությանը: Նման մի աջակցությամբ՝  «ԳԱՏՕ» ծրագրի հետ համատեղ, իրականացվեցին Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանի գնահատման աշխատանքներ: Քանի որ Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային հորերի մեծ խնդիր կա, օրենսդրական կարգավորումների շնորհիվ այդ տարածքում խորքային հորերից ՋԹ-ներ չենք տալիս»,- նշեց Լիլիթ Աբրահամյանը:

«Վերլուծվե՞լ է արդյոք տրված ՋԹ-ների՝ շրջակա միջավայրի վրա դրական կամ բացասական ազդեցությունը և ինչպիսի՞ն է այդ ազդեցությունը կլիմայի փոփոխության հարմարվողականության վրա»: Հարցի հեղինակ Էդուարդ Մեսրոպյանին ի պատասխան, Լիլիթ Աբրահամյանն ասաց, որ տրամադրված ՋԹ-ների և շահագործվող փոքր ՀԷԿ-երի առաջացրած խնդիրների վերաբերյալ վերլուծություններ չունենալու դեպքում Ջրային օրենսգրքում այդ խնդիրների լուծմանն ուղղված կարգավորումներ չէին լինի: Հստակեցնելով իր հարցադրումը՝ Էդուարդ Մեսրոպյանը նշեց, որ ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին խոսելու համար պարտավոր ենք գոնե մեկ անգամ մոտավոր վերլուծել,  թե հատկապես խոցելի տարածաշրջաններում քանի ՋԹ է տրամադրվել,  ինչպիսին է ջրօգտագործումը, ինչպիսի ազդեցություն այն ունի կամ կարող է ունենալ հետագայում ջրային ռեսուրսի խոցելության վրա: Լիլիթ Աբրահամյանն արձագանքեց, որ Ջրային օրենսգրքի փոփոխությունների գործընթացում իրավական կարգավորում կտրվի նաև նոր ՋԹ-ների տրամադրմանը, և ՋԹ-ների հայտերի գնահատման ժամանակ հաշվի կառնվի կլիմայի փոփոխության ազդեցությունը: 


ж

Մարտ 26, 2021 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր