Կլիմայի փոփոխությունը և ՀՀ գյուղատնտեսության ոլորտին սպառնացող աղետները

Կլիմայի փոփոխությունը և ՀՀ գյուղատնտեսության ոլորտին սպառնացող  աղետները

Դեռևս պատմության մեջ ագրոպարենային համակարգերն այսքան նոր և աննախադեպ աղետների չէին առերեսվել, ինչ վերջին տարիներին: Վտանգի է ենթարկվում սննդի ամբողջ համակարգը: Աղետները դուրս են գալիս տնտեսական տիրույթից և կորստաբեր հետևանքներ ունենում պարենային անվտանգության և սնուցման վրա: Այս մասին ասաց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) թիմի ղեկավար/գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վահան Ամիրխանյանը 2021թ. ապրիլի 13-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Պարենային անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ: 

Հանդես գալով «ՀՀ–ում գյուղատնտեսության ոլորտի աղետների ռիսկերի նվազեցման համակարգ» թեմայի վերաբերյալ զեկուցմամբ՝ Վահան Ամիրխանյանը նշեց, որ գյուղատնտեսությունը կլիմայի փոփոխության հիմնական գործոններից է:  «Գյուղատնտեսությունն արտանետում է ամբողջ աշխարհում արտանետվող ջերմոցային գազերի քառորդ մասը: Եվ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որն ամենախոցելին է կլիմայի փոփոխության տեսանկյունից»,- ասաց նա և հավելեց, որ ջերմաստիճանի բարձրացման հետ միասին բույսերի հիվանդությունները և վնասատուներն ավելի արագ են զարգանում և տարածվում տարածաշրջաններով, ընտրում նոր երկներ:

Ըստ բանախոսի, հաշվի առնելով ռելիեֆը, աշխարհագրական դիրքը, կիմայական պայմաններն ու ոռոգման հնարավորությունները, Հայաստանը դասում է երկրագործության տեսանկյունից ծայրահեղ ռիսկային երկրների շարքին: Կլիմայի փոփոխությունը Հայաստանում հանգեցրել է կենսաբազմազանության կորստի, էկոհամակարգերի դեգրադացման ու ջրի սակավության: «Պարենային անվտանգությունն առանց զարգացած ոռոգելի գյուղատնտեսության չի կարելի պատկերացնել: Հայաստանում արդեն այդ խնդրի առաջ ենք կանգնած: Ֆերմերները նշում են, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է աղբյուրներից ջրի հոսքը և ոռոգման ջրի հասանելությունը: Իսկ ջրի սակավությունը բերում է գյուղատնտեսության արտադրության նվազման, նվազեցնում է ֆերմերների տնտեսական արդյունավետությունը, որն իր հերթին պարենային անվտանգության խնդիր է առաջացնում»,- ասաց նա:

1960-ականների համեմատությամբ մոտ 20%-ով ավելացել են գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցնող հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների՝ երաշտների, խորշակների, կարկտահարության ու վաղ գարնանային ցրտահարությունների հաճախականությունն ու ինտենսիվությունը կլիմայի փոփոխության համատեքստում: «Որոշ տարիներին մեր մշակովի հողատարածքների մոտ 123 հազար հեկտարը վնասվել է, ինչն ամբողջ հանրապետության տարածքի շուրջ 30%-ն է կազմում»,- ասաց նա:

Վահան Ամիրխանյանի համաձայն՝ Հայաստանում մինչև 2100թ. կանխատեսվում է, որ ագրոկլիմայական գոտիների տեղաշարժը կլինի 200-400մ, կնվազի մշակաբույսերի բերքատվությունը, կուժեղանա հողերի դեգրադացիան ու կնվազի բերրիությունը, և կմեծանա հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը:

Ըստ բանախոսի՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում աղետների հաճախականությունը 1979-2019թթ. աճել է նաև ամբողջ աշխարհում: «Աղետների կրկնվելու հաճախականությունն ամբողջ աշխարհում 2010թ-ին 1970 և 1980թթ-ի համեմատությամբ ավելացել է ավելի քան երեք անգամ։ Նույնչափ բացասական ազդեցություն է ունենում այն նաև գյուղատնտեսության վրա: Աղետների պատճառով տնտեսական կորուստները 2010-ականներին կազմել են տարեկան միջինը 170 միլիարդ ԱՄՆ դոլար: «Հաշվարկները ցույց են տալիս, որ դրա մոտ 25-26%-ը բաժին է հասնում գյուղատնտեսությանը»,- ասաց բանախոսը:

Նա նշեց, որ, հաշվի առնելով աշխարհի բնակչության աճի տեմպերը, 2050թ. բնակչության թիվը կկազմի 9,3 միլիարդ մարդ, և բնակչությանը կերակրելու հարց կառաջանա: «FAO-ի գնահատականների համաձայն՝ այս տեսանկյունից պարենամթերքի արտադրությունը պետք է ավելացվի մոտ 60%-ով: Հակառակ դեպքում, կլիմայի փոփոխությամբ աղետների հաճախականությամբ  պայմանավորված, աշխարհը կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել»,- ասաց Վահան Ամիրխանյանը:

Վերոնշյալ բոլոր խնդիրների վերհանման և գնահատման նպատակով FAO-ն իրականացրել է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի աղետների ռիսկի նվազեցման համակարգի համապարփակ վերլուծություն: Այդ վերլուծության հիման վրա FAO-ն պատրաստել է առաջարկությունների փաթեթ, որով առաջարկվում է նախևառաջ գյուղատնտեսության ոլորտի համար մշակել և ներդնել աղետների ռիսկերի կառավարման ռազմավարություն: «Հայաստանում գյուղատնտեսությանը վերաբերող աղետների հետ կապված այդպիսի համապարփակ փաստաթուղթ գոյություն չունի, և նման ռազմավարությունն անհրաժեշտ է աղետների ազդեցությունը ճիշտ գնահատելու և աղետների ռիսկերի նվազեցման և մեղմման համար քաղաքականություն մշակելու համար»,- ասաց Վահան Ամիրխանյանը:

Նա նշեց, որ այդ փաստաթղթով առաջարկվել է նաև ոլորտում աղետների ռիսկերի կանխատեսման, կանխարգելման, նախապատրաստման և արձագանքման համար բազմավտանգ և բազմակողմանի համակարգային ռիսկերի կառավարման մոտեցում իրականացնել: Իսկ ոլորտային փաստաթղթերում պարտադիր ներառել ոչ միայն բնական վտանգները, այլև՝ մարդածին ու կենսաբանական սպառնալիքները: Որպես օրինակ, Վահան Ամիրխանյանը նշեց, որ COVID-19 համավարակն ամբողջ աշխարհում պարենային անվտանգության և պարենամթերքի իրացման ու մատակարարման խնդիրներ է առաջացրել:

Փաստաթղթով առաջարկվում է նաև մշակել և որդեգրել աղետների ռիսկերի նվազման կամ մեղմացման կառավարման և համակարգման ստանդարտ ընթացակարգեր, որոնք կիրառելի կլինեն նաև գյուղատնտեսության ոլորտում: «Կարևոր է մշակել և ներդնել գյուղատնտեսության ոլորտում աղետների ռիսկերի նվազեցման ու մեղմացման  և կլիմայի փոփոխությունների հարմարողականության ուղղությամբ գյուղատնտեսության լավագույն փորձը՝ այդ թվում խելացի կլիմայական գյուղատնտեսության գործելակերպ: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ դրական քայլեր է իրականացնում, մասնավորապես, կարկտապաշտպան  ցանցերի, կաթիլային ոռոգման, ինտենսիվ այգիների ու ջերմատնային տնտեսությունների ներդրմամբ: Արդեն հաջողությամբ ներդրվում է ապահովագրական համակարգը Հայաստանում: Առաջարկում ենք ստեղծել աղետների ռիսկերի նվազեցման և մեղմացման և կլիմայի փոփոխությունների հարմարվողականության մոդելների և տեղական և միջազգային լավ փորձի դեպոզիտարիա: Այսինքն՝ փաստաթղթավորվի, ներկայացվի, որ անհրաժեշտության դեպքում կիրառվի: Միաժամանակ, առաջարկում ենք ներդնել աղետների ռիսկերի վաղ նախազգուշացման համակարգեր՝ այդ թվում կենսաբանական աղետների համար: Այս պահին Հայաստանում ձևավորված վաղ նախազգուշացման համակարգեր գոյույթուն չունեն: Ժամանակն է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ արբանյակային, որպեսզի հիդրոօդերևութաբանական կայանները հնարավորություն ստանան զգուշացնել ֆերմերներին հիվանդությունների ու վնասատուների տարածման մասին: Կարևոր է նաև ներդնել գյուղատնտեսության ոլորտում աղետների հետևանքով առաջացած վնասների և կորուստների գնահատման համակարգ: Այս պահին մեր կազմակերպությունը ծրագրային ապահովում է մշակում, համակարգի միջոցով հնարավորություն կստանանք ճիշտ գնահատել աղետների հետևանքով առաջացած վնասները ու կորուստները, և արդեն ճիշտ ստացված տեղեկատվության միջոցով հնարավորություն կունենանք ճիշտ քաղաքականություն մշակել»,- նշեց նա: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հետաքրքվեց, թե ներկայացվել է այդ առաջարկությունների փաթեթը ՀՀ կառավարություն: Բանախոսն արձագանքեց, որ փաթեթն ամփոփվել է, ներկայում թարգմանության փուլում է և շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն: 

Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը հարցրեց, թե աղետների հետևանքով պատճառված վնասների և կորուստների հաշվարկն ինչպես է իրականացվելու: Ի պատասխան Վահան Ամիրխանյանն ասաց.

«FAO-ն մի մեթոդաբանություն է մշակել, որը հաստատվել էր դեռևս 2015թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից: Հիմա ծրագրային ապահովումն է մշակվում: Եվ այդ ծրագրային ապահովումը ոչ միայն Հայաստանի համար է:  FAO-ն մշակում է մեթոդաբանություն Հայաստանում իրականացված մեր փորձի հիման վրա, որպեսզի բոլոր համայնքներում նույն մեթոդաբանությամբ այդ վնասներն ու կորուստները հաշվարկեն: Այն հասանելի կլինի համապատասխան նախարարություններին ու կառավարությանը: Եվ դրա հիման վրա հնարավոր կլինի քաղաքականություն մշակել»: 

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հետաքրքրվեց վնասների և աղետների մեթոդաբանության կիրառման ժամկետների մասին: «Հուսով եմ, որ 3-4 ամիս հետո ծրագիրը պատրաստ կլինի»,- արձագանքեց Վահան Ամիրխանյանը:



Ապրիլ 29, 2021 at 15:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր